ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համագործակցության Շանհայյան կազմակերպություն (ՀՇԿ). ՏԵՂԵԿԱՆՔ

xn--j1aidcn.org

Համագործակցության շանհայյան կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունները: ՀՇԿ-ին նախորդել է «Շանհայյան հնգյակի» մեխանիզմը (հնգյակի կազմում ընդգրկված էին բոլոր պետությունները` բացի Ուզբեկստանից):

ՀՇԿ անդամ պետությունների ընդհանուր մակերեսը 34 մլն քառ. կմ է, որ կազմում է Եվրասիայի մակերեսի 60%-ը, իսկ բնակչությունը 3 մլրդ 40 մլն է (2015)` երկրագնդի բնակչության կեսը:

ՀՇԿ-ն ո´չ ռազմական դաշինք է, ո´չ էլ անվտանգության հարցերով բաց կանոնավոր խորհրդակցության հարթակ, այլ միջանկյալ մի կազմավորում է: Չնայած ՀՇԿ-ն ի սկզբանե ստեղծվել էր հարևան պետությունների սահմանները համատեղ պաշտպանելու նպատակով, սակայն գործնականում հենց սկզբից նրա գործունեությունը ստացավ նաև տնտեսական ուղղվածություն:

Հիմնական տնտեսական կառույցներն են Գործնական Խորհուրդը և ՀՇԿ միջբանկային միավորումը:

ՀՇԿ շրջանակներում կոորդինացման մեխանիզմ է ծառայում ՀՇԿ անդամ պետությունների Ազգային կոորդինատորների խորհուրդը:

Կազմակերպությունում երկրները նախագահում են հերթով, մեկ տարով, լիազորությունների ժամկետն ավարտվում է նախագահող պետության տարածքում կազմակերպված գագաթաժողովով:

Կա մշտապես գործող երկու մարմին՝ Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ գործող Քարտուղարություն Պեկինում և Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտե Տաշքենդում:

ՀՇԿ պաշտոնական աշխատանքային լեզուներն են ռուսերենը և չինարենը:

ՀՇԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

 

ՀՇԿ անդամ երկրները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Ռուսաստան

Ղազախստան

Ղրղըզստան

Տաջիկստան

Ուզբեկստան

2015թ. հուլիսի 10-ին հայտարարվեց Հնդկաստանի և Պակիստանի՝ ՀՇԿ մտնելու գործընթաց սկսելու մասին, որոնք լիիրավ անդամ կդառնան 2016թ. Հունիսին` Տաշքենդում ՀՇԿ գագաթաժողովի ժամանակ:

 

Դիտորդ-պետությունները

Աֆղանստան (մշտական անդամության հայտ է ներկայացրել)

Բելառուս

Իրան  (մշտական անդամության հայտ է ներկայացրել)

Մոնղոլիա

 

Դիտորդ-պետության կարգավիճակի համար հայտ ներկայացրած երկրները

Բանգլադեշ

Սիրիա

Եգիպտոս

 

ՀՇԿ գագաթաժողովներին մասնակցելու հրավեր ստացածներ

Թուրքմենստան

ԱՊՀ

ԱՍԵԱՆ՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն

ՄԱԿ

Եվրասիական տնտեսական միություն

ԱՄՆ

 

Երկխոսության գործընկերներ

Ադրբեջան

Կամբոջա

Հայաստան

Նեպալ

Թուրքիա

Շրի Լանկա

 Քանի որ Հայաստանը դարձել է ՀՇԿ երկխոսության գործընկեր, անդրադառնանք որոշ դրույթների, որոնք կանոնակարգում են ՀՇԿ հարաբերությունները գործընկերների հետ:

 ՀՇԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի մասին դրույթ (հատված)

 2.2.1. Գործընկերն իրավունք ունի մասնակցելու.

 Ա) ՀՇԿ անդամ պետությունների նախարարությունների և/կամ գերատեսչությունների խորհրդակցություններին, որոնք պատասխանատու են Հուշագրում սահմանված համագործակցության ուղղությունների համար,

Բ) ՀՇԿ անդամ պետությունների կողմից ստեղծվող աշխատանքային խմբերի, ավագ պաշտոնատար անձանց հանձնաժողովների և այլ կառույցների նիստերին՝ գործընկերության առարկա հանդիսացող ուղղություններում համագործակցություն իրականացնելու համար,

Գ) գիտական և փորձագիտական հանդիպումներին (ֆորումներ, կոնֆերանսներ, սեմինարներ), մշակույթի օրերին, փառատոներին, ցուցահանդեսներին, մրցույթներին, սպորտային մրցումներին և այլ միջոցառումների, որոնք առնչվում են գործընկերության առարկա հանդիսացող ուղղություններին:

 

2.2.2. Սույն Դրույթի 2.2.1. կետով նախատեսված միջոցառումների ընթացքում Գործընկերն իրավունք ունի հանդես գալու գործընկերության առարկա հանդիսացող հարցերով, ստանալ փաստաթղթեր ու նյութեր, որոնք տարածվում են միջոցառումների մասնակիցների շրջանում (եթե այդ փաստաթղթերն ու նյութերը տարածման սահմանափակում չունեն) ՀՇԿ անդամ-պետությունների համաձայնությամբ:

 

2.3.3. Գործընկերոջ կարգավիճակն իրավունք չի տալիս մասնակցելու Կազմակերպության փաստաթղթերի նախապատրաստմանը և ստորագրմանը:

Գործընկերը չի մասնակցում ՀՇԿ մարմինների որոշումների մշակմանը և պատասխանատվություն չի կրում այդպիսի որոշումների համար: Սույն Դրույթի 2.2.1. կետով նախատեսված միջոցառումներում Գործընկերն ունի խորհրդակցական ձայնի իրավունք Հուշագրում թվարկված համագործակցության հարցերով:

 

2.3.4. Գործընկերը կարող է մշտական կապ պահպանել ՀՇԿ Քարտուղարության և/կամ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի Գործադիր կոմիտեի հետ պաշտոնական նամակագրության միջոցով:

 III. Ֆինանսական հարցեր

 3.1. Գործընկերն ինքնուրույն է կրում ՀՇԿ շրջանակներում միջոցառումների մասնակցության բոլոր ծախսերը:

3.2. Կազմակերպության շրջանակներում անցկացվող մշակույթի օրերին, փառատոններին, ցուցահանդեսներին, մրցույթներին, սպորտային մրցումներին և այլ միջոցառումներին Գործընկերոջ ֆինանսական մասնակցության հարցերը կանոնակարգվում են Հուշագրով:

3.3. ՀՇԿ շրջանակներում Գործընկերոջ մասնակցությամբ համատեղ բազմակողմ նախագծերի փորձագիտական գնահատման անցկացման, ինչպես նաև կողմերի միջև համաձայնեցված այլ նպատակների հետ կապված ծախսերը ծածկվում են Հուշագրին համապատասխան:

3.4. ՀՇԿ շրջանակներում գործող ոչ կառավարական ինստիտուտների ֆինանսային միջոցների օգտագործումը գործընկերության նպատակներով իրականացվում է տվյալ ինստիտուտների նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

4.1. Գործընկերության կարգավիճակից հրաժարվելու մտադիր Գործընկերը ծանուցում է ուղարկում ՀՇԿ Գլխավոր քարտուղարին: Գործընկերոջ կարգավիճակը համարվում է կորսված ՀՇԿ Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումը ստանալու օրվանից, եթե Հուշագրով այլ բան չի նախատեսված:

4.2. Այն դեպքում, եթե Գործընկերոջ կարգավիճակ ունեցող պետությունը կամ կազմակերպությունը այնպիսի գործողություններ են կատարում, որոնք ուղղված են Կազմակերպության դեմ կամ հակասում են ՀՇԿ մարմինների որոշումներին կամ Խարտիայում շարադրված սկզբունքներին, ապա այդպիսի պետությունը կամ կազմակերպությունը Պետության ղեկավարների խորհրդի որոշմամբ կարող են զրկվել Գործընկերոջ կարգավիճակից, իսկ Հուշագիրն էլ կխզվի միակողմանի կարգով:

 

 ՀՇԿ մշտական գործող մարմինների կառուցվածքը

 ՀՇԿ քարտուղարությունը (գտնվում է Պեկինում) բաղկացած է 4 մասից` քաղաքական, տնտեսական-հումանիտար, տեղեկատվական-վերլուծական և վարչական, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է Գլխավոր քարտուղարի տեղակալը:

ՀՇԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառուցվածքի (ՏՀԱԿ) գործադիր կոմիտեն բաղկացած է 3 սեկտորներից` կոորդինացիոն-օպերատիվ, տեղեկատվական-վերլուծական և վարչաֆինանսական: Դրանցից յուրաքանչյուրը ղեկավարում է ՀՇԿ ՏՀԱԿ գործկոմի տնօրենի տեղակալը: ՏՀԱԿ-ը կենտրոնացած է Տաշքենդում:

Գլխավոր քարտուղարը և Գործկոմի տնօրենը նշանակվում են Պետության ղեկավարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով:

 

ՀՇԿ մարմինները

Կազմակերպության նպատակների ու խնդիրների կատարման համար գործում են ՀՇԿ հետևյալ մարմինները`

Պետության ղեկավարների խորհուրդ (ՊՂԽ),

Կառավարության ղեկավարների խորհուրդ (ԿՂԽ),

Արտգործնախարարների խորհուրդ,

Ազգային կոորդինատորների խորհուրդ,

Ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցություններ:

 

 Պետության ղեկավարների խորհուրդը ՀՇԿ գերագույն մարմինն է: Խորհուրդը հավաքվում է տարին մեկ անգամ: Այն սահմանում է կազմակերպության առաջնայնությունները և մշակում գործունեության հիմնական ուղղությունները, լուծում է նրա ներքին կառուցվածքի ու աշխատանքի, այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ փոխազդեցության սկզբունքային հարցերը, ինչպես նաև քննարկում է միջազգային առավել հրատապ խնդիրները: Կառավարության ղեկավարների (վարչապետների) խորհուրդը ևս հավաքվում է տարին մեկ անգամ: Քննարկում է կազմակերպության շրջանակներում բազմակողմանի համագործակցության և առաջնային ուղղությունների, տնտեսական և այլ համագործակցության սկզբունքային ու հրատապ հարցերի ռազմավարությունը, հաստատում է կազմակերպության տարեկան բյուջեն:

Արտգործնախարարների խորհուրդը քննարկում է կազմակերպության ընթացիկ խնդիրները, նախապատրաստում է Պետության ղեկավարների խորհրդի նիստերը, կազմակերպության շրջանակներում միջազգային խնդիրների վերաբերյալ խորհրդատվությունների անցկացումը: Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է ՀՇԿ անունից հայտարարություններով հանդես գալ: Ազգային կոորդինատորների խորհուրդը կազմակերպության կոորդինացիան և ղեկավարումն իրականացնող մարմին է: Այն նախապատրաստում է Պետության ղեկավարների խորհրդի, Կառավարության ղեկավարների խորհրդի և Արտգործնախարարների խորհրդի նիստերը:

Պետության ղեկավարների խորհրդի և Կառավարության ղեկավարների խորհրդի որոշումներին համապատասխան` անդամ պետությունների ոլորտային նախարարությունների և/կամ գերատեսչությունների ղեկավարները պարբերականության հիմունքով խորհրդակցություններ են անցկացնում` համապատասխան ոլորտներում փոխգործակցության զարգացման կոնկրետ հարցեր քննարկելու համար:

ՀՇԿ շրջանակներում գործում են պաշտպանության, տրանսպորտի, կրթության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, արտաքին առևտրի և արտաքին տնտեսական գործունեության համար պատասխանատու նախարարների Խորհրդակցություններ:

Արտաքին առևտրի և արտաքին տնտեսական գործունեության համար պատասխանատու նախարարների Խորհրդակցությանը կից գործում է Ավագ պաշտոնատար անձանց հանձնախումբը, որն անմիջականորեն զբաղվում է ՊՂԽ, ԿՂԽ և նախարարների Խորհրդակցությունների որոշումների ու հիմնական պայմանավորվածությունների իրագործմամբ:

Նախարարների խորհրդակցությանը կից գործում են նաև հատուկ աշխատանքային խմբեր (ՀԱԽ)` համագործակցության հետևյալ ուղղություններով` մաքսային, էլեկտրոնային առևտուր, ստանդարտացում, տարանցիկ փոխգործություն, ներդրումային համագործակցություն:

2006 թ. լրացուցիչ ստեղծվել է երկու ՀԱԽ` վառելիքաէներգետիկ համակարգի և Ժամանակակից տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների:

 

Նպատակներն ու խնդիրները

ՀՇԿ հիմնարար փաստաթուղթը` Կանոնադրությունը, ընդունվել է 2002 թ. հուլիսի 7-ին:

Հոդված 1-ի համաձայն` կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները հետևյալն են.

- Անդամ պետությունների միջև ամրապնդել փոխադարձ վստահությունը, բարեկամությունը և բարիդրացիական հարաբերությունները:

- Բազմապրոֆիլ համագործակցություն զարգացնել խաղաղության, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման, նաև ժողովրդավարական, քաղաքական և տնտեսական միջազգային համակարգի կառուցման նպատակով:

- Համատեղ ուժերով դիմագրավել ահաբեկչությանը, անջատողականությանը ու ծայրահեղականության դրսևորումներին, պայքարել թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, տրանսազգային հանցավոր գործունեության այլ տեսակների, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ:

- Խրախուսել տարածաշրջանում արդյունավետ համագործակցությունը` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգության, իրավական, բնապահպանության, մշակույթի, կրթության, գիտատեխնիկական, էներգետիկ, տրանսպորտային, վարկաֆինանսական և համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

- Իրավահավասար գործընկերության սկզբունքները պահելով` համատեղ իրականացնել որոշակի ծրագրեր` նպաստել բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական աճին, սոցիալական և մշակութային զարգացմանը, անդամ պետությունների ժողովուրդների կենսամակարդակի անշեղ բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը:

- Համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու դեպքում համակարգել մոտեցումները:

- Աջակցել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ինստիտուտի կայացմանը` հիմք ընդունելով անդամ պետությունների միջազգային պարտավորությունները և նրանց ազգային օրենսդրությունը:

- Պահպանել ու զարգացնել հարաբերությունները այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

- Մասնակցել միջազգային հակամարտությունների կանխմանը և դրանց խաղաղ կարգավորման հարցերին:

- Համատեղ որոնել 21-րդ դարում առաջացող խնդիրների լուծումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: