ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակել-չհրապարակելու խնդիրը. եվրոպական փորձ

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն, հաշվի առնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման փուլի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրվածությունը, «Հայացք» վերլուծական կենտրոնի հետ սկսում է հոդվածների շարք, որտեղ կներկայացվեն հիմնական վիճելի դրույթները՝ եվրոպական փորձի ներքո:

 


ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում առավել շատ շոշափվող դրույթներից մեկը քվեարկած անձանց ցուցակների հրապարակման պահանջն է: Ընդդիմադիր որոշ ուժեր պահանջում են հրապարակել ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակները՝ նշելով, որ դա կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է: Նրանց կարծիքով դա էական նպաստ կունենա ընտրությունների թափանցիկության ապահովման հարցում: Իշխանություններն էլ կարծում են, որ ստորագրված ընտրական ցուցակները չպետք է հրապարակվեն, սակայն դրանք նաև չպետք է բացարձակ գաղտնի լինեն՝ առաջարկելով մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ընտրատեղամասերում գտնվող դիտորդներին և վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին: 

 Այս տարբերակը դիտարկվում է որպես ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր գործիք: Նշված մեխանիզմի կիրառելիության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու համար նպատակահարմար ենք գտնում դիտարկել միջազգային, մասնավորապես՝ եվրոպական փորձը:

Քվեարկության գաղտնիության խնդիրն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում:

«Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) կողմից 2002 թվականին ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. Ուղենիշներ և բացատրական զեկույց» փաստաթղթի[1]ընտրական իրավունքի գաղտնիության կետերի շարքում նշվում է, որ «քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի, քանի որ ձեռպահ լինելը կարող է քաղաքական ընտրության նշան հանդիսանալ»:

Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընտրական գործընթացների ու իրավական փաստաթղթերի՝ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանության գնահատմամբ զբաղվող հեղինակավոր այս կառույցի սահմանումը, դիտարկենք նաև եվրոպական առանձին երկրների փորձը:

Օրինակ, Մեծ Բրիտանիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները պետք է գրանցվեն ընտրական գրանցամատյանում: Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուրը կարող է ստուգել այսպես կոչված «գրանցված ռեգիստրը», որը ցույց է տալիս, թե ով է քվեարկել ընտրատեղամասերում, ինչպես նաև փոստով:

Regulation 118(1) of the Representation of the People Regulations 2001[2] փաստաթղթի 3.9 կետի համաձայն յուրաքանչյուր ոք կարող է ստուգել «գրանցված ռեգիստրը», այդ թվում նրանք, ովքեր իրավունք ունեն ձեռք բերել պատճենը: Ինչ վերաբերվում է ամբողջական ընտրական ռեգիստրին, ապա ռեգիստրերի և ցուցակների ստուգումն անվճար է: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ստուգել դրանք, պետք է գրավոր դիմում ներկայացնի: Փաստաթղթերը պետք է տրամադրվեն 10 օրվա ընթացքում:

Այսինքն՝ քվեարկած անձանց ցուցակը հասանելի է, բայց այն, թե ում օգտին են քվեարկել, գաղտնի է:

Ընտրական գիտելիքների ցանցի[3] տվյալներով՝ Ռումինիայում քվեարկած անձանց ցուցակը չի հրապարակվում: Փոխարենը որոշ դեպքերում (Եվրախորհրդարանի ընտրություններ, նախագահական ընտրություններ և ազգային հանրաքվեներ) Մշտական ընտրական մարմինը ստուգում է այս ցուցակները՝ կրկնակի քվեարկության դեպքերի դուրսբերման համար: Եթե Մշտական ընտրական մարմինը կրկնակի քվեարկություն է գտնում, տեղեկացնում է դատախազությանը:

Բացի այդ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Մշտական ընտրական մարմնից ստանալ հատված այն ընտրական ցուցակից, որի մեջ ինքը ներառված է: Այն պետք է պարունակի միայն իր անձնական տվյալները, այդ թվում՝ ստորագրությունը: Եթե նա տեսնի, որ որևէ մեկը քվեարկել է իր անվամբ, կարող է բողոք ներկայացնել դատախազություն:

Նույն աղբյուրի համաձայն՝ Շվեյցարիայում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը իրավականորեն պաշտպանված չէ, բայց նաև չի հրապարակվում:

Ֆրանսիայում գաղտնի քվեարկությունն Ընտրական օրենսգրքի հիմնական պահանջներից մեկն է, նշում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը[4]: Ավստրիայի խորհրդարանի կայքը[5] ևս ընդգծում է քվեարկության գաղտնիության անհրաժեշտությունը, բայց ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների մասին չի նշվում:

Ինչպես երևում է, քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցում Եվրոպական երկրներում ևս մոտեցումը տարբեր է: Սա նշանակում է, որ արդյունավետ հանրային քննարկումները հենց այն ճանապարհն են, որի միջոցով կարելի է գտնել մեր պետության համար լավագույն տարբերակը: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: