ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիտորդներին խախտման դեպքում ընտրատեղամասերից հեռացնելու վերաբերյալ դրույթ. եվրոպական փորձ

wakenya.co.ke

«Արմեդիա» ՏՎԳ-ն, հաշվի առնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման փուլի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրվածությունը, «Հայացք» վերլուծական կենտրոնի հետ սկսում է հոդվածների շարք, որտեղ կներկայացվեն հիմնական վիճելի դրույթները եվրոպական փորձի ներքո:

Այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Փաստաթղթի մասին հնչող գնահատականները տարբեր են, սակայն կան մի քանի հիմնական դրույթներ, որոնք հատկապես արժանացել են ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատությանը՝ համարվելով անընդունելի և իշխանության շահերին ծառայող: Նման դրույթներից մեկը դիտորդների հրավիրման կարգն է և օրենսգրքի պահանջները խախտելու դեպքում ընտրատեղամասերից դիտորդներին դուրս հրավիրելը:

Առաջարկվող օրենսգրքի նախագծի Հոդված 32-ի 5-րդ կետում նշվում է. «Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց՝ բացառությամբ նրանց կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքերի»: Ամրագրվում է նաև, որ դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները: Գործող Ընտրական օրենսգրքում, սակայն, դիտորդներին դուրս հանելու վերաբերյալ այս դրույթը բացակայում է, և նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ միայն դիտորդին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում:

Նախագծում տեղ գտած այս դրույթին դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ նման ձևակերպումը լայն մեկնաբանության հնարավորություն է ստեղծում, և դիտորդների ցանկացած գործողություն կարող է գրանցվել որպես ընտրական օրենսգրքի դրույթի խախտում՝ հնարավորություն ընձեռելով դուրս հանել դիտորդին ընտրատեղամասից: Դրույթին կողմ արտահայտվողները, սակայն, նշում են, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի Հոդված 32-ով հստակ նշված են դիտորդների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները, ուստի այս հարցում մանևրելու լայն հնարավորությունների մասին խոսելն անհիմն է:

Դիտորդական առաքելության խախտումների վերաբերյալ դրույթ ամրագրված է 2005թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Միջազգային ընտրությունների դիտարկման սկզբունքների հռչակագիր և միջազգային դիտորդների վարվեցողության կանոնագիրք» անունը կրող ձեռնարկում: Փաստաթղթում նշվում է, որ միջազգային դիտորդները պարտավոր են իրենց առաքելության իրականացման ընթացքում հետևել Վարվեցողության կանոնագրքի պահանջներին, հարգել տվյալ երկրի օրենքները, լինել անկողմնակալ, հայտնել ցանկացած խախտման մասին և այլն: Կանոնագրքի խախտման դեպքում դա նկատողը պետք է հետաքննության պահանջ ներկայացնի, և եթե արդյունքում պարզվի, որ լուրջ խախտում է տեղի ունեցել, տվյալ անձը կարող է զրկվել իր հավատարմագրից կամ ընդհանրապես ազատվել դիտորդական առաքելությունից: Նշենք, որ այս ձեռնարկի մշակմանը մասնակցել են 20 միջկառավարական և միջազգային ոչ պետական կազմակերպություններ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ը:

Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ «Ընտրատեղամասերի անձնակազմի համար նախատեսված ձեռնարկում» նույնպես անդրադարձ կա դիտորդներին ընտրատեղամասերից դուրս հանելուն: Նշվում է, որ հավատարմագրված դիտորդները պետք է համաձայնեն ենթարկվել Վարվեցողության կանոնագրքի պահանջներին և չխախտեն դրա դրույթները՝ հավելելով, որ «դիտորդները կարող են դուրս հրավիրվել ընտրատեղամասերից, եթե 1) խախտեն կամ փորձեն խախտել քվեաթերթիկների գաղտնիությունը, 2) գիտակցաբար խոչընդոտեն ընտրական գործընթացին, 3) հարցնեն ընտրողներին իրենց քվեարկության նախասիրության մասին»: Ինչպես և ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծում է ամրագրված, դիտորդին դուրս հրավիրելու դեպքում կատարվում է համապատասխան գրառում` նշելով դուրս հրավիրելու պատճառները:

Նշենք, որ մի շարք եվրոպական երկրների ընտրական օրենսգրքերում, օրինակ՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Լիտվա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, ընտրությունները դիտարկելու վերաբերյալ դրույթները բացակայում են և որոշ երկրների պարագայում այդ բացը լրացվում է նորմատիվ-իրավական ակտերով: 

Այնուամենայնիվ՝ պետք է փաստել, որ խախտման դեպքում դիտորդներին ընտրատեղամասերից դուրս հանելու վերաբերյալ կետը ընտրությունների դիտարկման սկզբունքների ընդունված և կիրառելի դրույթ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: