ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամը կարգավորման առաջին միտումներն է դրսևորում

2015 թվականի նոյեմբերից միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին ռուս-թուրքական հարաբերությունները՝ ստիպելով նոր ռազմավարություն մշակել այս ճգնաժամից բխող մարտահրավերներից խուսափելու, ինչու չէ, նաև ստեղծվող հնարավորություններից օգտվելու համար: 

Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի վրա Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում՝ վերջին տարիների մտերիմ դաշնակիցներին դարձնելով անզիջում հակառակորդներ:

Սկզբում թվում էր, թե դժվար թե Մոսկվան և Անկարան ցանկանան վերջնական փակուղի մտցնել ռուս-թուրքական հարաբերությունները: Ակնկալվում էր, որ առաջին կոշտ հայտարարություններից հետո կողմերը մեղմացման կգնան, բայց այդպես տեղի չունեցավ, ընդհակառակը՝ կողմերը սկսեցին գործի դնել իրենց բոլոր հնարավոր խաղաքարտերը՝ որքան հնարավոր է շատ միմյանց հարվածներ հասցնելու համար:

Ռուսաստանն, օրինակ, Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը դիտարկելով որպես դավաճանություն՝ վերջնական ձախողման մատնեց Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, այդ թվում՝ ավիահարվածներով օժանդակելով սիրիական բանակին կտրել Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումների մատակարարման հիմնական ուղիները: Մոսկվան ավելի հեռուն գնաց՝ դիպչելով Թուրքիայի համար ավելի զգայուն գործոնների՝ Սիրիայի թուրքմեններին և քրդերին՝ կործանիչ հարվածներ հասցնելով առաջինին և էականորեն մեծացնելով երկրորդին տրամադրվող աջակցությունը: Ռուսաստանը նաև մեծ հարված հասցրեց Թուրքիայի տնտեսությանը, որն առանց այն էլ տարածաշրջանային զարգացումնների պատճառով այնքան էլ լավ վիճակում չէր: 

Թուրքիան, իր հերթին, արտաքուստ խուսափելով հնչեղ գործողություններից, ակտիվ քայլեր ձեռնարկեց դիվանագիտական մակարդակում՝ հերթական անգամ ակտիվացնելով Ղրիմի թաթարների գործոնը: Ռուս-թուրքական լարվածությունը դարձավ թուրք-ուկրաինական դաշնակցության գլխավոր խթանը: Սա  հատկապես դրսևորվեց 2016 թվականի մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Թուրքիա կատարած երկօրյա այցի ժամանակ, երբ կողմերը որոշում կայացրին «ռուսական ագրեսիայի պայմաններում» խորացնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական դաշնակցությունը, մասնավորապես` անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Այսօր՝ ռուս-թուրքական լարվածության մեկնարկից գրեթե 4 ամիս անց, ճգնաժամը կարգավորվան առաջին միտումներն է դրսևորում: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Ռոսավիացիան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրել է պարբերական չվերթներ իրականացնել թուրքական Անթալիա հանգստավայր (Ռուսաստանից դեպի Թուրքիա չարթեչային թռիչների արգելքը Մոսկվան մտցրել էր 2015 թվականի դեկտեմբերի 1-ին):

Նույն օրը ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը չի կարող հավերժ տևել, այն ժամանակավար բնույթ է կրում: Այնուհետև ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, եթե Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը: Մոսկվայում սպասում են Անկարայի քայլին: Նշենք, որ Ռուսաստանը պահանջում է թուրքական ղեկավարությունից ներողություն խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման համար, փոխհատուցել վնասը և պատժել մեղավորներին:

Ստեղծված իրավիճակը տարօրինակ զուգադիպությամբ հիշեցնում է «Մավի Մարմարայի» միջադեպը, որը 2010 թվականին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ դարձավ: Այն ժամանակ Թուրքիան էր Իսրայելից ներողություն և փոխհատուցում պահանջում:  2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Թել Ավիվը ներողություն խնդրեց Անկարայից, ինչից հետո սկսվեց լարվածության հաղթահարման գործընթացը: Այսօր արդեն Թուրքիան և Իսրայելը հայտարարում են ճգնաժամի կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի մասին, ինչը պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մարտահրավերներով: 

Նշենք, սակայն, որ Ռուսաստանը, նախընտրելով ուղղակի շփումներով (անգամ փակ) հարաբերությունների կարգավորումը, մերժում է Թուրքիայի հետ ճգնաժամը հաղթահարելու համար բոլոր հնարավոր միջնորդությունները: Իսկ նման փորձեր եղել են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի կողմից: Չի բացառվում, որ որպես միջնորդ հանդես գալու փորձեր արած լինեն նաև Գերմանիան և Միացյալ Նահանգները:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստում է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սիրիայում վերջին լծակները կորցնելուց հետո Թուրքիայում գիտակցում են Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ստանձնած առանցքային դերակատարումը: Մյուս կողմից, Թուրքիայի հետ երկխոսությունը Ռուսաստանին հնարավորության կտա առնվազն քայլեր ձեռնարկել սիրիական կարգավորման գործընթացում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը չեզոքացնելու ուղղությամբ՝ էականորեն բարձրացնելով իր միջազգային հեղինակությունը:

Նույն դժվարին սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաջող համագործակցության փորձը բավական է հասկանալու համար, որ այս երկրները ունակ են մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, երբ խոսքն իրենց շահերին է վերաբերում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: