ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համամասնական ընտրական համակարգ. եվրոպական փորձ

© env-blogs.uwaterloo.ca

«Արմեդիա» ՏՎԳ-ն, հաշվի առնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման փուլի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրվածությունը«Հայացք» վերլուծական կենտրոնի հետ սկսում է հոդվածների շարք, որտեղ կներկայացվեն հիմնական վիճելի դրույթները՝ եվրոպական փորձի համատեքստում:


Համաձայն 2015թ-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ ընտրական համակարգը խառն ընտրակարգից անցում է կատարում 100% համամասնականի, ինչն էլ իր արտահայտումն է գտել 2016թ-ի մարտի 3-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատված ընտրական օրենսգրքի նախագծում: Ընտրական համակարգում արված փոփոխությունները նպատակ են հետապնդում համամասնական ընտրակարգի միջոցով խորհրդարանը դարձնել առավել ներկայացուցչական, իսկ  ընդդիմությանը տալ առավել մեծ ներկայացվածության հնարավորություն:

Ըստ դեռևս գործող ընտրական օրենսգրքի՝ ՀՀ ընտրական համակարգը հիմնված է խառը ընտրակարգի վրա, որի համաձայն, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են համամասնական և մեծամասական կարգով: 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով (կուսակցությունների դաշինքի) առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, իսկ 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, յուրաքանչյուր ընտրատարածքից՝ մեկ պատգամավոր:

Ըստ ընտրական օրենսգրքի նոր նախագծի՝ ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը, որտեղ պետք է ներառվեն նվազագույնը 80, առավելագույնը՝ 300 թեկնածու: Այս թեկնածուների մի մասը պետք է ընդգրկվի նաև տարածքային ընտրացուցակներում:

Հայաստանի Հանրապետությունը, նոր ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, կբաժանվի 13 ընտրատարածքների: Երևանը նախատեսվում է բաժանել  4 ընտրատարածքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ միասին 1, իսկ մնացած մարզերը՝ մեկական ընտրատարածքների: Ընտրատարածքային հանձնաժողովներում առաջադրված թեկնածուները պետք է ընդգրկված լինեն նաև կուսակցությունների համամասնական ցուցակներում:

Ընտրատարածքներում համամասնական ընտրակարգը կիրականացվի բաց ցուցաներով: Յուրաքանչյուր կուսակցություն ցանկացած ընտրատարածքային հանձնաժողովում պետք է ունենա նվազագույնը 5 թեկնածու, իսկ առավելագույնն՝ այնքան, որ յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն 10 հազար ընտրող: Կարելի է ենթադրել, որ միջին թվով առավելագույն թեկնածուների քանակը կլինի 10-15:

Ընտրություններից հետո կուսակցությունների հավաքած ձայները հաշվարկելուց հետո կուսակցություններին տրվելիք մանդատների կեսը նախատեսվում է տալ փակ ցուցակով առաջադրված թեկնածուներին, իսկ մյուս կեսը՝ բաց, այսինքն՝ ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներին: 

Ներկայումս, 100% համամասնական ընտրակարգի շուրջ քննարկումները հանրության և տարբեր քաղաքական ուժերի կողմից ընթանում են թեժ մթնոլորտում:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս հանդես են եկել մեծամասնական ընտրակարգի վերացման մասին հայտարարություններով, սակայն նոր ընտրական օրենսգրքով նախատեսվող համամասնական ընտրակարգին դեմ հանդես եկողներ ևս եղան: Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը կարծում են, որ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի հիմքում իրականում ընկած է մեծամասնական ընտրակարգը:

Այլ մոտեցում ունեն իշխող քաղաքական ուժերը: Համաձայն նրանց դիրքորոշման՝ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը մեծամասնական ընտրակարգի հետ որևէ առնչություն չունի: Համամասնական ընտրական համակարգը տարբեր երկրներում ունի կիրառման իր տարատեսակները:

Վերոնշյալ հակասության հաղթահարման համար, խնդիրը փորձենք դիտարկել քաղաքագիտական տեսանկյունից՝ զուգահեռ համադրելով նաև համամասնական ընտրական համակարգի կիրառման եվրոպական փորձը: 2015 թվականին հաստատված սահմանադրական բարեփոխումները պայմանավորում են ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությունը, քանի որ բոլոր օրենքները պետք է բխեն մայր օրենքի տրամաբանությունից՝ հիմնվելով եվրոպական չափանիշների համապատասխանեցման և ժողովրդավարական զարգացման վրա:

ԵՄ անդամ խորհրդարանական հանրապետությունների ճնշող մեծամասնությունում՝ Ավստրիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Լեհաստան, Լատվիա, Էստոնիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, կիրառվում է ընտրությունների անցկացման համամասնական համակարգը:

Այս երկրներում ամրագրված է համամասնական ընտրակարգն՝ իր տարբեր տեսակներով (փակ և բաց կուսակցական ցուցակներով, խառը համամասնական, փոխանցելի քվեով, վարկանիշային և այլ համամասնական ընտրակարգեր): Դեռևս 20-րդ դարի սկզբին հաշվվում էր համամասնական ընտրական համակարգի շուրջ 152 տարատեսակ:

Փակ համամասնական ընտրակարգի դեպքում քաղաքացին չի կարողանում փոփոխություն կատարել կուսակցությունների կողմից ներկայացված ընտրական ցուցակի մեջ: Բաց ցուցակների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն էապես ազդում է նրա վրա, թե ցուցակում ներառված որ թեկնածուն կհայտնվի խորհրդարանում:

Համաձայն նոր ընտրական օրենսգրքի նախագծի, ՀՀ-ում, ըստ էության կկիրառվի համամասնական ընտրական համակարգը՝ բաց և փակ համամասնական ընտրական ցուցակների համադրմամբ: Բաց ընտրական ցուցակների պարագայում կարող է կիրառվել նաև վարկանիշային ընտրակարգը: Բաց ցուցակներով համամասնական ընտրական համակարգը բոլոր տարբերակներից համարվում է լավագույնը, քանի որ հնարավորություն է տալիս ձևավորել ճկուն կուսակցական ցուցակներ՝ ապահովելով ընտրողի և թեկնածուի միջև կապը: Բաց ցուցակներով ընտրակարգի դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը:

Վարկանիշային ընտրակարգը հնարավորություն է տալիս ընտրազանգվածին քվեարկել ոչ միայն այս կամ այն կուսակցական ցուցակի օգտին, այլ նաև՝ նախապատվություն տալ կուսակցական ցուցակում ներառված որոշակի թվով թեկնածուների: Այսինքն՝  քվեարկելով ցուցակի օգտին, ընտրողը նշում է կուսակցական ցուցակում ընդգրկված այն թեկնածուներին, ում ընտրությունն իր համար առավել նախընտրելի է: Փակ կուսակցական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվում է կուսակցության ղեկավար մարմնի կողմից, և այս պարագայում ընտրված են համարվում այն թեկնածուները, ում ազգանունները գտնվում են ցուցակի սկզբում: Կիրառելով վարկանիշային ընտրակարգը, ընտրողը կարող է իր նպաստն ունենալ իր կողմից նախընտրելի թեկնածուի ընտրության հարցում, ում ազգանունը կուսակցական ցուցակում միջնամասում կամ վերջնամասում է:

Ընտրությունների անցկացման բաց և փակ համամասնական ընտրական ցուցակների համադրման փորձը կարող ենք դիտարկել նաև Ֆրանսիայի տարածաշրջանային մակարդակով անցկացվող ընտրությունների օրինակով:

2004 թվականի ընտրություններից հետո, Ֆրանսիայի ընտրական օրենսգիքն ամրագրեց մեծամասնական բոնուսային սկզբունքը, որն ըստ էության ապահովեց առավել արդյունավետ կառավարում: Ըստ մեծամասնական բոնուսային համակարգի՝ այն կուսակցական ցուցակը, որը յուրաքանչյուր շրջանում ստանում է ձայների մեծամասնությունը (առաջին փուլում՝ բացարձակ մեծամասնությամբ, իսկ երկրորդ փուլում՝ հարաբերական մեծամասնությամբ) որպես բունուս մեխանիկորեն ստանում է մանդատների 25 %-ը:

Այն պարագայում, երբ կուսակցական ցուցակները չեն ստանում մեծամասնություն առաջին փուլում, երկրորդ փուլում մրցակցելու իրավունք են ստանում առնվազն 10% ձայներ հավաքած կուսակցական ցուցակները: Մնացյալ ձայները բաշխվում են համամասնությամբ եզրափակիչ փուլում մրցակցող կուսակցությունների միջև: Սակայն բաց և փակ ընտրական ցուցակների համադրմամբ անցկացվող ընտրակարգն ունի նաև իր բացասական կողմերը:

Օրինակ, տարածաշրջանային ընտրությունների ժամանակ համազգային մակարդակով անցկացվող ընտրությունների անցկացման դեպքում, քաղաքական ուժերը ընտրազանգվածի 54% մասնակցության դեպքում ստանում են մանդատների 68%-ը, իսկ նախագահական մեծամասնությունը ընտրազանգվածի 35,4% մասնակցության պարագայում  ստանում է մանդատների 29.7%-ը: Դիտարկելով ընտրազանգվածի մասնակցության և մանդատների տոկոսային ցուցանիշները, կարելի է ենթադրել, որ կիսա-համամասնական ընտրակարգը  բավարար չափով չի արտացոլում ընտրազանգվածի դիրքորոշումը համազգային մակարդակով:

Համամասնական ընտրակարգի կիրառման փորձի կարող ենք ականատես լինել Հունաստանում, որտեղ գործում է Hagenbach-Bischoff-ի կողմից ներդրված մնացորդային ձայների վերաբաշման համակարգը: Հունաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեկ փուլով՝ վարկանիշային համամասնությամբ՝ մեծամասնական բոնուսային համակարգով:

Հունաստանի համամասնական ընտրակարգի դեպքում կիրառվող բոնուսային համակարգը հնարավորություն է տալիս հաղթող կուսակցությանը ստանալ հավելյալ 50 տեղ և ձևավորել ուժեղ կառավարություն: Փոքր կուսակցությունները պետք է հաղթահարեն 3% ընտրական շեմը՝ խորհրդարանում ներկայացվածություն ունենալու համար:

Լատվիայում Սեյմը նույնպես կազմավորվում է վարկանիշային սկզբուքնով ձևավորվող բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի համաձայն: Լատվիայում ընտրազանգվածին  հնարավորություն է տրված ոչ միայն դեմ քվեարկել կուսակցական ցուցակով առաջադրված թեկնածուին, այլև՝  հանել նրա ազգանունը կուսակցական ցուցակից: Մանդատների բաշխման գործընթացին հնարավորություն են ստանում մասնակցել միայն այն կուսակցությունները, որոնք համազգային մակարդակում հաղթահարել են 5% ընտրական շեմը: Վարկանիշային համամասնական ընտրակարգ է գործում նաև Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում:

Ամփոփելով կարող ենք հանգել այն եզրահանգման, որ բաց և փակ ցուցակների համադրելիությամբ կիսահամամասնական ընտրական համակարգը ներառում է մեծամասնական ընտրական համակարգին բնորոշ տարրեր:

Սակայն, դեռևս գործող ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված խառը ընտրական համակարգում, երբ գործում է պատգամավորական մանդատերի 90 /41 հարաբերությունը, մեծամասնական սկզբունքով առաջադրվող թեկնածուներն անկախ են  կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներից: Այս դեպքում առկա է որոշակի ռիսկայնություն խորհրդարանում որակյալ մեծամասնության ձևավորելու համար:

Ինչ վերաբերում է կիսա-համամասնական ընտրակարգին, ապա այս պարագայում ընտրատարածքներում առաջադրված թեկնածուները պետք Է լինեն ներկայացված նաև կուսակցական ցուցակներում, համաձայն որի խորհրդարանում  որակյալ մեծամասնություն ձևավորելու ամբողջ պատասխանատվությունը կրում են կուսակցությունները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: