ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արկածախնդրություն Արցախում. ո՞վ սկսեց առաջինը

© Eric Grigoryan. Hetq.am

Ղարաբաղյան հակամարտության 1994 թվականին կնքված հրադադարից (Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև) ի վեր ռազմական գործողությունների առաջին լայնածավալ վերսկսումը և դրա արդյունքում մղվող պայքարը դեռևս շարունակվում է: Անվանել այն հրադադարի սովորական դարձած խախտումներ, արդեն տեղին չէ: Չնայած ոմանք խուսափում են պատերազմ տերմինի կիրառումից, սակայն այլ բառ չի կարող լիարժեքորեն բնորոշել ներկայիս իրավիճակը: Պատերազմի գոտում կիրառվում է ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Միջազգային ընկալումներով լայնամասշտաբ պատերազմից միայն պակասում է թիկունքից առավել հեռահար հրթիռներով միմյանց տարածքների, թիկունքի խոցումը:

Միաժամանակ հարկ է նշել, որ պատերազմն ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, իսկ պաշտոնական Երևանը դեռևս չի միջամտել զարգացումներին: Չնայած Հայաստանի բոլոր շրջաններից կա Ղարաբաղյան պատերազմի հազարավոր վետերանների կամավոր հոսք (վերջին տվյալներով, այդ թիվն արդեն անցնում է 4 հազարից) դեպի Արցախ, Հայաստանը դեռևս սպասողական վիճակում է: Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը: Ավելին՝ ՀՀ նախագահն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության նիստի ժամանակ կարգադրել է մշակել ՀՀ և ԼՂՀ միջև Ռազմական փոխօգնության պայմանագիր, ինչը մի կողմից իրավական նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերություները, մյուս կողմից՝ առավել կամրապնդի ԼՂՀ-ին տրամադրվող ողջ ռազմական օգնության իրավական հիմքերը:

Հետևելով այս անկանխատեսելի էսկալացիայի ընթացքին՝ շատերին, հատկապես՝ տարածաշրջանից դուրս գտնվողներին, հետաքրքրում է մի կարևոր հարց՝ ո՞վ սկսեց առաջինը: Թերևս նորություն չէ, որ ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները վերջին տարիներին բավական ինտենսիվացել և, որքան էլ տարօրինակ է, ստացել էին սովորական բնույթ, ինչի մեղավորությունը կողմերը «բարդում» էին միմյանց վրա: Այս անգամ, ինչպես նշեցինք, իրավիճակն այլ է, և այս արկածախնդրության նախաձեռնողին պարզելու համար անհրաժեշտ է իրավիճակը դիտարկել առավել լայն՝ ուշադրություն դարձնելով նման քայլի գնալու կողմերի մոտիվացիային:

Հայաստանը, լինելով բանակցային կողմ և իր տնտեսության վրա զգալով ադրբեջանա-թուրքական շրջափակման ազդեցությունը, առավել քան շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, իսկ ռազմական գործողությունների նախաձեռնումը, հաշվի առնելով դրանց ծախսատարությունը և անկանխատեսելիությունը, չի բխում Երևանի շահերից: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, Արցախում հարաբերական խաղաղությունն անգամ Հայաստանի համար առավել գերադասելի է, քան որևէ ռազմական գործողությունից:

Լայնամսշտաբ ռազմական գործողությունների նախաձեռնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ևս իրատեսական չէ՝ հաշվի առնելով ինչպես ռեսուրսների սակավությունը, այնպես էլ սեփական քաղաքացիներին անմիջական ֆիզիկական սպառնալիքի առաջ կանգնեցնելու խնդիրը: Բացի այդ, ԼՂՀ-ն, չնայած չճանաչվածությանը և ադրբեջանական շրջափակմանը, բավական արդյունավետ զարգացում է ապրում, ինչը ռիսկի տակ դնելը ևս տրամաբանական չէր լինի:

Ադրբեջանի դեպքում մոտիվացիոն դաշտն այլ է: Նախ գործողությունների խրոնիկան, ռազմական գործողությունների վերլուծությունը, ինչպես նաև ադրբեջաական կողմից կիրառվող տեխնիկայի քանակը և բազմազանությունը վկայում են մեկ բան՝ ամեն ինչ եղել է հստակ ծրագրված: Բացի այդ, պետք է նշել, որ գործողության մեկնարկի ընտրությունը ևս չի կարելի համարել պատահական: Այն, որ ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի ինքնաթիռն ԱՄՆ-ից օդ էր բարձրացել և, բնականաբար, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը լիարժեք հասանելիություն չուներ, հազիվ թե կարելի է համարել զուգադիպություն:

Ինչ վերաբերվում է ռազմական էսկալացիայի գնալու Բաքվի որոշմանը, ապա այն միայն մեկ գործոնով բացատրելն այդքան էլ ճիշտ չէ: Ադրբեջանի շարժառիթները բավական շատ են, դրանցից թերևս առանձնացնենք մի քանիսը.

1.Նավթային ասեղի վրա նստած ադրբեջանական տնտեսության մուտքերը նավթի գների անկման պատճառով զգալի նվազել են, ինչն արդեն հանգեցրել է սոցիալ-տնտեսական հուզումների Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Լիման, Սիյազանի, Ֆիզուլի, Աղսու և այլն): Հաշվի առնելով նման ցույցերի հնարավոր զարգացումը և տնտեսական իրավիճակի բարելավման հեռանկարների բացակայությունը՝ Բաքուն կարիք ուներ շեղել սեփական հանրության ուշադրությունը՝ առավել «կենսական» խնդրով:

2. Ադրբեջանը չի կարողանում բավարարել իր շահերը բանակցային սեղանի շուրջ, իսկ ամերիկյան կողմի հետ հանդիպումը ևս որևէ լավատեսություն չի առաջացրել Ալիևի մոտ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական մեծացել էր միջնորդների ճնշումն Ադրբեջանի վրա՝ հաստատելու համար հրադադարի ռեժիմի մոնիթորինգի միջազգային մեխանիզմն, ինչը մշտապես հերքվում էր Բաքվի կողմից:

3.  Ուկրաինական, սիրիական հակամարտությունները կարծես երկրորդ պլան էին մղել արդեն ավելի քան 20 տարի շարունակվող հակամարտությունը, և Բաքուն խնդիր ուներ հեշեցնել միջազգային հանրությանը չկարգավորված խնդրի մասին:

4.  Վերջին տարիներին սահմանների տարբեր հատվածներում ադրբեջանական դիվերսիաները չէին բերում միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անհրաժեշտ արձագանքի, ինչը Բաքվում ստեղծել էր անպատժելիության և ամենաթողության զգացողություն:

5. Ադրբեջանական կողմը մշտապես իր դժգոհությունն էր հայտնում միջնորդների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությամբ՝ կիրառելով նրանց հանդեպ շանտաժի զանազան մեթողներ: Իսկ վերջին շրջանում Ալիևը նրանց մեղադրեց նույնիսկ կարգավորման գործընթացին խոչընդոտելու մեջ: Այս սրացումը Բաքվի շանտաժային քաղաքականության շարունակումն է՝ արդեն նոր իրավիճակում իր համար ցանկալի միջնորդական ֆորմատ ստանալու համար: 

Ունենալով այս դրդապատճառներն, ինչպես նաև չարդարացված չափազանցված վստահություն սեփական զինված ուժերի կարողությունների և տարիների ընթացքում կուտակցված միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի վրա` Բաքուն պարզապես փորձել է բլիցկրիգի դիմել՝ նպատակ ունենալով գոնե գրավել որոշ տարածքներ, ինչը ներքին լսարանին կներկայացվեր որպես առաջնորդ Ալիևի «վճռականության դրսևորում» և տարածքների «ազատագրում»: Բաքուն, սակայն, իր հաշվարկներում, կարծես սխալվել է, արդեն 3-րդ օրն ընթացող ռազմական գործողությունները չեն բերել ցանկալի արդյունքի, հակառակը՝ հայկական կողմերում նկատվում է ինքնամոբիլիզացիայի աննախադեպ մակարդակ, ինչը ևս մեծացնում է իրադարձությունների զարգացման անկանխատեսելիությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: