ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունը և Չինաստանի շահերը

nagornykarabakh.livejournal.com

Դեռ անցյալ տարի որոշ արևտյան փորձագիտական կենտրոններ, մասնավորապես՝ Stratfor-ը, այն կարծիքն են հնչեցրել, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակազդեցությունը Ուկրաինայից հետո կտեղափոխվի հարավկովկասյան երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան:

Ավելի քան մեկ տարի է լարվածությունը մեր տարածաշրջանում աճել է. ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, սկսեց հայկական դիրքերի ուղղությամբ կրակել մեծ տրամաչափի զինատեսակներից: Հետխորհրդային տարածությունում Կովկասը ամենապայթյունավտանգ տարածքներից է, ինչն էլ կարող է օգտագործվել Ռուսաստանի սահմանների երկայնքով այդ երկիրը հակամարտություններով շրջապատելու  ծրագրերի համատեքստում: Ուստի պատահական չէր, որ Սիրիայում ռուսական ռմբակոծչի խոցումը համընկավ Ղրիմի շրջափակման հետ: Լարված իրավիճակ է նաև Արևելքում՝ Հարավչինական ծովում: Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը միանում է Չինաստանին՝ ԱՄՆ-ի և Ֆիլիպինների հետ դիմակայությանը:

Մերձավոր Արևելքում լարվածության ավելացումն առաջացրել է լրացուցիչ մարտահրավերներ թուրքական տարածքից տրանսսահմանային ահաբեկչության տարածման և Կովկասին ռազմական վտանգի առաջացման տեսքով: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարում են Ռուսաստանին «զսպելու» համար «հիբրիդային պատերազմի» տարրերի օգտագործման մասին: Ղարաբաղյան հակամարտության սրումը կարող է օգտագործվել նաև ռուսական Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու նպատակով:

Հարավային Կովկասում իր հույսերն ու ծրագրերն ունի նաև Չինաստանը: Այս տարածաշրջանը Պեկինի համար ռազմավարորեն կարևոր նշանակություն է ներկայացնում՝ մերձավորարևելյան ռիսկերին, օրինակ, արմատական իսլամիզմին հակազդելու տեսանկյունից: Չինաստանին հարկավոր է, որ Կովկասը հուսալի բնական խոչընդոտ լինի՝ հետխորհրդային, եվրասիական տարածությունը Մերձավոր Արևելքի կողմից եկող արմատական էքսպանսիայից պաշտպանելու համար: Եվ այն ուժերը, որոնք չեն ցանկանում Չինաստանի հետագա հզորացումը, այստեղ էլ (ինչպես և արաբական աշխարհում) կցանկանան ի չիք դարձնել այն նախագծերը և ավերել այն օբյեկտները, որոնք այնքան հոգատարությամբ ու մանրազնին կառուցում է այստեղ Չինաստանը:

 Չինաստանին հաջողվել է անհնարինը՝ Կովկասում բոլորի համար դրական քաղաքականություն վարել: Սակայն դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե Պեկինի համար ինչ կարևորություն ունի «Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությունը, որում Կովկասը, որը նոր նախագծի ութ ուղղություններից մեկն է, բնական կամրջի դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև:

 Եվրասիայում սեփական ազգային շահերի ռացիոնալ պաշտպանումը Չինաստանին թույլ է տալիս դրական և ներառական քաղաքականություն վարել ողջ Կովկասում, նրան հաջողվում է այստեղ հետևել բոլորի համար ընդունելի ուղենիշի, հասկացնել է տվել, որ պատրաստ է բոլորի հետ խոսել առանց սահմանափակումների, ունի բոլոր երեք հարավկովկասյան հանրապետությունների հետ լավ հարաբերություններ՝ հետևելով տարածաշրջանի պետությունների ներքին գործերին չմիջամտելու և նրանց հարգելու տրամաբանությանը՝ անկախ նրանց քաղաքական կշռից և տնտեսական հնարավորություններից: Այստեղ Չինաստանն ընկալվում է ոչ թե որպես կարճաժամկետ շահեր ունեցող երկիր, այլ մի ուժ, որը կներգրավվի երկարաժամկետ և բոլոր գործընկերների համար շահավետ հարաբերություններում:
2015թ. մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած պետական այցի ժամանակ Երևանը պաշտոնապես համաձայնվեց մասնակցել «Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը: Բացի այդ, Պեկինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի և իրանական նավահանգիստների միջև երկաթուղային հաղորդակցության զարգացմանը:

 Պեկինին հաջողվեց նաև սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ նույնիսկ այն բանից հետո, երբ 2008-ին հրաժարվեց աջակցել ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին: Պեկինին հաջողվեց երկկողմ կապեր ամրապնդել նույնիսկ Վրաստանի հետ, չնայած այն համարվում է եվրոպամետ և արևմտամետ երկիր:

Հարավային Կովկասում չինական քաղաքականության ուժը կայանում է նրանում, որ նրան սպառնալիք չեն համարում տարածաշրջանային տերությունները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ի վերջո, Չինաստանն այստեղ ֆինանսներ է բերում, ինչը չի կարող տրամադրել նրանցից և ոչ մեկը:

Այսօր առավել ակնհայտ է, որ չինական քաղաքականության մեջ Վրաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տարածաշրջանում չինական տնտեսական ներկայությունն ընդլայնելու համար սկզբունքային օբյեկտներ: Իսկ Հայաստանի հետ Չինաստանը չի կարող աշխատել՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը և պետք է կշռադատի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչը:

Իր ծրագրերն առաջ տանելու համար այն տարածքներում, որտեղ ներդրումներ է կատարել, Պեկինին հարկավոր է կայունություն: Միշտ զուսպ և հեռատես լինելով՝ ապրիլի 5-ին չինական կողմը հայտարարել է, որ Չինաստանը հույս ունի, որ «Ղարաբաղյան հակամարտության կողմերը զսպվածություն, հանգստություն կդրսևորեն և ստեղծված իրավիճակը կկարգավորեն խաղաղ բանակցությունների ճանապարհով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: