ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապակայունացման քաղաքականություն. վարպետության դասեր Էրդողանից

AA photo

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ոտնձգության մեջ իր «ուրույն ներգրավվածությունն» ունի Թուրքիան: Ընդ որում, այդ ներգրավվածությունը դրսևորվում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ձևով: 

Վերջին օրերին թուրքական իշխանությունները բոլոր հնարավոր մակարդակներով իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին «եղբայրական Ադրբեջանին»: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ գործիչներ ջանք չեն խնայում Ադրբեջանին վստահեցնելու համար, որ «Թուրքիան ուս ուսի կանգնած է մնալու Ադրբեջանի կողքին»:

«Ադրբեջանի տված ամեն մի զոհը մեր հոգին է, մեր սիրտը», - հայտարարում է Դավութօղլուն: Ավելին, Թուրքիան ամեն ջանք գործադրում է Ադրբեջանին ոգևորելու համար շարունակել զինված ոտնձգությունները: «Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին», - բացահայտ հայտարարում է Թուրքիայի վարչապետը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրվող ուղղակի աջակցությանն, ապա գաղտնիք չէ, որ Անկարան զինատեխնիկա և կադրեր է տրամադրում Բաքվին: Ադրբեջանական ուժերի շարքերում առկա են թուրքական բանակի սպաներ, հրահանգիչներ: Ավելին՝ որոշ տեղեկություններ կան թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակեպության զինյալների մասնակցության մասին:

Սակայն, սա դեռ ամենը չէ: ԼՂՀ իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանական ուժերի շարքում քիչ թիվ չեն կազմում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռված ադրբեջանցի և թուրք զինյալները: Միայն Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 2500-ը: Եվ վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիան և Ադրբեջանը նրանց ակտիվորեն ներգրավում են ԼՂՀ-ի դեմ մարտական գործողություններում: Այս վարձկան ահաբեկիչները վայրագություններ են իրականացնում անգամ Արցախի սահմանակից ադրբեջանական գյուղերում՝ թալանելով և բռնության ենթարկելով տեղի ադրբեջանական բնակչությանը:

Թուրքական վերնախավի քաղաքականությունը քննադատության արժանացավ ոչ միայն Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանությունների, այլ նաև միջազգային հանրության կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Թուրքիան, որը ԵԱՀԿ մասնակից երկիր է և հաճախ է հիշեցնում իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը»: Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից»:

Իր հերթին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ հենց «Էրդողանն է ոգևորել Ալիևին՝ դիմել ագրեսիվ գործողությունների: «Դրան նպաստել է հիմնականում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը», - նշեց Բաբայանը:

Միջազգային հանրությունը ևս Թուրքիային կոչ արեց զերծ մնալ ապակառուցողական քայլերից:  Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 4-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ «դատապարտեցին Ղարաբաղի շուրջ առճակատում հրահրելու՝ առանձին «արտաքին խաղացողների» փորձերը»: Թուրքական իշխանությունների գործունեության քննադատությամբ հանդես եկան նաև բազմաթիվ այլ երկրներ և քաղաքական գործիչներ:

Բայց, ինչպես միշտ, դրանք արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահ Էրդողանին անգամ չի հետաքրքրում իր երկրում ընդդիմության կոչը: Նախօրեին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (HDP) նախագահ Սելահաթին Դեմիրթաշը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անտեսելով այն հանգամանքը, որ «հենց սկզբից Էրդողանն ու Դավութօղլուն պատերազմ հրահրող հայտարարություններ են անում»:

Հասկանալի է, իհարկե, որ Էրդողանն ու նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը նման քննադատություններին ուշադրություն չեն դարձնելու, մանավանդ որ Անկարան, ըստ էության, որևէ նոր բան չի անում. նա պարզապես շարունակում է իր արտաքին քաղաքականությունը, որը միտված է հնարավոր բոլոր երկրներում, այդ թվում՝ սեփական երկրում իրավիճակի ապակայունացմանը: Սրանում համոզվելու համար բավական է միայն դիտարկել Մերձավոր Արևելքում և Թուրքիայի ներսում 2010 թվականից ի վեր ծավալվող իրադարձությունները: Էրդողանն իսկապես կարող է վարպետության դասեր տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սերտել ապակայունացնող քաղաքականության սկզբունքները:

Բայց Թուրքիայում և Ադրբեջանում մի բան հաշվի չեն առել: Ի տարբերություն իրենց վարձկանների, ովքեր այսօր կռվում են Արցախում, իսկ վաղը նույն կերպ կարող են հայտնվել աշխարհի այլ կետում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին կանգնած հայ զինվորը հեռանալու տեղ չունի, սա իր հողն է, իր հայրենիքը, իր ընտանիքը: Եվ որքան էլ այդ վարձկան ահաբեկիչների թիվը մեծ լինի, միևնույն է՝ մենք նահանջելու տեղ չունենք: Հենց այս անտեսված հանգամանքն էլ դառնալու է թուրք-ադրբեջանական դավադրության տապալման գլխավոր պատճառը:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: