ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի տապալված բլիցկրիգը. պատճառներն ու ակնկալիքները

Վերջին օրերին Ադրբեջանի՝ ԼՂՀ դեմ իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ բլիցկրիգի տապալված փորձը կարելի է բնորոշել որպես քառօրյա պատերազմ: Թե՛ կիրառված զինտեխնիկայի տեսակները և քանակները, թե՛ ադրբեջանական հարձակման ռազմավարության վերլուծությունը, թե՛ գործի դրած զինուժի քանակը վկայում են, որ սկսված հարձակումը եղել է հստակ պլանավորված: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունները սկսվել են հենց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի ինքնաթիռն արդեն ԱՄՆ-ից օդ էր բարձրացել և որոշակի ժամանակահատված լիարժեք կապի հասանելություն հնարավոր չէր ապահովել: 

Ադրբեջանը բազմիցս է սպառնացել պատերազմական գործողություններով, սակայն վերջինիս քայլերը սահմանափակվում էին դիպուկահարների կրակոցով և դիվերսիաներով: Այս առումով կարևոր է հասկանալ թե ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները հենց հիմա որոշեցին դիմել լայնածավալ ռազմական գործողությունների:

Առաջին, նավթի գների անկումը և երկրում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը վերջին շրջանում Ադրբեջանում բողոքի ակցիաների պատճառ դարձան, ինչն իր տարածքային ընդգրկումով և պարբերականությամբ աննախադեպ էր փակ համակարգ ունեցող և սեփական հանրության նկատմամբ բռնաճնշումներ իրականացնող Ադրբեջանի համար: Բացի այդ, Ալիևը որևէ երաշխիք չուներ, որ  «Panama Papers»-ում իր ընտանիքի օֆշորային ունեցվածքի մասին սկանդալային բացահայտումները  (հրապարակման օրը նախապես հայտարարվել էր), չէին դառնա ժողովրդի համբերության վերջին կաթիլը: Նման իրավիճակում սահմաններին արդեն սովորական դարձած լարվածության մեծացմամբ հնարավոր չէր շեղել հանրության ուշադրությունը, ուստի Ալիևը ստիպված էր ընտրել առավել աղմկահարույց տարբերակ՝ ռազմական լայնամասշտաբ գործողություններ: 

Երկրորդ, Ռուսաստան-Արևմուտք լարվածության ֆոնին Ադրբեջանը դիտվում էր որպես էներգիա արտադրող և տարանցող այլընտրանքային ուղի, ինչի «շնորհիվ» Ադրբեջանին շատ բան էր ներվում: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո, սակայն, թե՛ էներգետիկ, թե՛ տարածաշրջանում վերջինիս դերի մեծացման առումով (Իրան-Թուրքիա մրցակցության ֆոնին), Ադրբեջանը հայտնվեց բավականին «անհանգիստ» իրավիճակում: Ակնհայտ դարձավ, որ այն բոլոր զիջումները, որ մինչ այդ հնարավոր էր կորզել, այժմ դառնում է անհնար:

Երրորդ, վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հաճախ էին արտահայտում իրենց դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գործունեությունից՝ մեղադրելով նրանց կողմնակալության և անգամ կարգավորման գործընթացին խոչընդոտելու մեջ՝ նպատակ հետապնդելով փոխել միջնորդական ձևաչափը: Պատերազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, թե համանախագահների գործունեությունը չի ծառայում իր նպատակին՝ այսպիսով փորձելով արդարացնել ձևաչափը փոխելու իրենց պահանջը:

Իսկ որո՞նք էին լայնամասշտաբ գործողություններից Ադրբեջանի ակնկալիքները: Հազիվ թե նման զինտեխնիկայով գործողություններ սկսելու նպատակը լիներ 200-400 քառակուսի մետր տարածք գրավելը: Ադրբեջանը վաղուց է խոստացել իր ժողովրդին, որ «ազատագրելու է պատմական հողերը» և նման պատրաստվածությունը դրա մասին էր խոսում: Իսկ թե որքանով հաջողվեց Ադրբեջանին բավարարել իր ցանկությունները և նվեր մատուցել իր ժովովրդին, բոլորս էլ ականատես եղանք: Այժմ Ադրբեջանի իշխանությունները պետք է սկսեն հորինել նոր հեքիաթներ՝ փարատելու ժողովրդի վրդովմունքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: