ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի շնորհիվ Արցախը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

www.hayweb.ru

Վերջին օրերին ԼՂՀ-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյուքում հենց նույն նախաձեռնող կողմը  ոչ միայն պարտվեց քառօրյա պատերազմում՝ արդյունքում հարկադրված լինելով հերթական անգամ զինադադար  խնդրել, այլ նաև անուղղակիորեն նպաստեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Սա հիմնավորելու համար ուղղակի անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ մի  քանի կարևոր փաստերին:

Առաջին, այդ օրերին Արցախում զարգացող իրադարձությունները դարձան թոփ թեմա միջազգային այնպիսի լրատվական կայքերում և հեռուստատեսայի ալիքներում, ինչպես օրինակ Stratfor, France 24, BBC, Euro News, CNN, Reuters, New York Times, Aljazeera և այլն:  Ուշագրավ է նկատել, որ միջազգային լրատվականներից շատերը ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները չէին լուսաբանում հեռակա կարգով, այլ ԼՂՀ էին գործուղել իրենց թղթակիցներին, ովքեր զրուցում էին ԼՂՀ բնակիչների հետ, այցելում հիվանդանոցներ, որտեղ բուժում էին ստանում Ադրբեջանի ագրեսիայից տուժած զինվորականներ, քաղաքացիական անձիք` այդ թվում նաև երեխաներ և ծերեր:

Այս համատեքստում մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ առաջատար լրատվամիջոցներն Արցախի վերաբերյալ պատրաստված իրենց տեսանյութերի մեծ մասում ադրբեջանական պաշտոնական տեսակետի կողքին ներկայացնում էին նաև պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը` զրուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնյաների հետ: Դրանց շարքում ամենաքննարկվածը CNN-ի լրատվական թողարկումն էր, որի ժամանակ ուղիղ կապ  հաստատվեց  ԼՂՀ ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` որպես հակամարտության կողմերի արտգործնախարարներ: Մամեդյարովի հետ զրույցում հաղորդավարը շեշտում է դեռևս 90-ականների սկզբից ԼՂՀ ինքնուրույն լինելու փաստը, ինչն ըստ վերջինիս` անտրամաբանական է դարձնում անկախությունից 25 տարի հետո ԼՂՀ-ի նախահարձակ լինելու ադրբեջանական պնդումը:

Արտերկրում գտնվող ԼՂՀ ներկայացուցիչներն այս օրերին նույնպես միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էին: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Ավստրալիայում և այլ երկրներում Արցախի ներկայացուցիչները հնարավորություն ստացան իրենց տեսակետը հայտնել  և բարձրաձայնել  ադրբեջանական ագրեսիայի մասին այնպիսի հեղինակավոր մեդիա ընկերությունների եթերում, ինչպիսին են France 24-ի, Aljazeera-ի, ABC News, Sputnik, Al-Masdar  և այլն:

                                                 Lուսանկարն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի Facebook-յան էջից

Զուգահեռ նաև տպագրվեցին բազմաթիվ վերլուծական հոդվածներ առաջատար մեդիա և վերլուծական ընկերություններում, որոնցում փորձ էր արված հասկանալ Ղարաբաղյան հակամարտության ակունքները, կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև լարվածության ներկայիս ալիքի պատճառները: Դրանց շարքում ամենաքննարկվածը դարձավ հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալի  «Վտանգավոր օրեր Ղարաբաղում» անվանումը ստացած վերլուծությունը, որտեղ հոդվածագիրը նշում է, որ որպես 90-ականների սկզբին պատերազմում պարտված կողմ` հրադադարի խախտումն ավելի շատ բխում է Ադրբեջանի շահերից:

Տարբեր երկրների խորհրդարանականներ նույնպես իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի` հանդես գալով միասնական կոչերով,  սոցիալական էջերում կատարելով գրառումներ, մասնակցելով տարբեր միջոցառումների և այլն: Օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանականները իրենց՝ «Le Monde» պարբերականում տպագրած միասնական հայտարարության մեջ, անդրադարձան հետևյալ երկու կարևոր թեզերին. միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրեց ադրբեջանական կողմի ներկայիս ագրեսիային և  ադրբեջանական ագրեսիան ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում:

85 ԱՄՆ կոնգրեսականներ հանդես եկան կոչով` պահանջելով ԱՄՆ նախագահից աջակցել հակամարտության շրջանակներում կոնկրետ քայլերի իրականացմանը, ինչպես օրինակ սահմաններին հետաքննության մեխանիզմների տեղադրում, դիպուկահարների դուրս բերում և այլն: Այս քայլերը աջակցություն են ստացել Արցախի և Հայաստանի կողմից, սակայն մերժվել են Ադրբեջանի կողմից, ինչը, ըստ կոնգրեսականների`  ապացուցում է  Ադրբեջանի` հակամարտության ագրեսիվ կողմ լինելու փաստը:

Հայկական Սփյուռքը նույնպես իր ներդրումն ունեցավ վերջին օրերին Արցախի ճանաչելիության բարձրացման հարցում: ԱՄՆ-ում, Ավստրալիայում, եվրոպական  և արաբական մի շարք երկրներում սփյուռքահայերը կազմակերպեցին բողոքի ակցիաներ` հանդես գալով  «Արցախ» գրառումը կրող տարբեր պաստառներով և  արտահայտելով իրենց բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:

Ուստի ամփոփելով մնում է փաստել, որ Ադրբեջանը իր ագրեսիվ գործողությունների արդյունքում ոչ միայն չստացավ ակնկալածը, այլև ամբողջ աշխարհին և, առաջին հերթին, ինքն իրեն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  վերջնական խոսքը լինելու է  արցախցիներինը՝ անկախ նրանից  լուծումը կլինի  քաղաքական, թե ռազմական ճանապարհով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: