ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը դառնում է նրա հանցակիցը

www.ria.ru

Ապրիլյան քառօրյա պատերազմն ինչ-որ չափով գուցե կանխատեսելի էր: Ադրբեջանի կողմից գնված միլիոնավոր դոլարների հասնող զենքը մի օր պիտի կրակեր: Ցավալի է, բայց փաստ, որ այդ զենքի հիմնական, մեծ մասը մեր հակառակորդը ձեռք է բերում մեր ռազմավարական դաշնակցից, ում հետ մենք նույն անվտանգության համակարգում ենք (ՀԱՊԿ): Բացի նրանից, որ Ռուսաստանի համար զենքի վաճառքը բավական շահեկան բիզնես է, ռուսական կողմը միաժամանակ և´ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենք վաճառելը բացատրում է հավասարակշռությունը պահպանելու խնդրով: «Ես կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն երբևէ օգտագործելու նպատակով, այլ նաև, որպեսզի այն զսպման գործոն հանդիսանա: Եվ հակամարտության բոլոր կողմերը պետք է դիտարկեն սա», - ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Եթե նույնիսկ այս թեզը կյանքի իրավունք ունի, ապա հաստատ ոչ Ղարաբաղյան հակամարտության դեպքում, երբ ակնհայտ է, որ ձեռք բերված սպառազինություններն Ադրբեջանն օգտագործում է անգամ խաղաղ բնակչության նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Մի պահ անտեսելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը  հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, 1994թ հրադադարի եռակողմ պայմանագրի հիմնական միջնորդ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը՝ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է իրավաչափ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:

2013թ. ապրիլի 2-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, 154 կողմ, 3 դեմ (Իրան, Սիրիա, Հս. Կորեա) և 23 ձեռնպահ (այդ թվում՝ ՌԴ) ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զենքի վաճառքի մասին» պայմանագիրը, որը կոչված էր զենքի վաճառքն ամբողջ աշխարհում ավելի թափանցիկ և վերահսկելի դարձնել: Պայմանագրի 6-րդ հոդվածը սահմանում է բոլոր այն դեպքերը, երբ զենքի վաճառքն արգելվում է: Մասնավորապես, պայմանագրի անդամ պետություններին արգելվում է զենք վաճառել, եթե 1) նման վաճառքը կհանգեցնի ՄԱԿ ԱԽ ընդունած որոշումները պահպանելու հարցում տվյալ պետության պարտավորությունների խախտմանը, 2) կհակասի երկկողմ պայմանագրերով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, 3) եթե վաճառող կողմը  տիրապետում է հավաստի տեղեկատվության, որ գնված սպառազինություններն օգտագործվելու են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, քաղաքացիական օբյեկտների կամ քաղաքացիական անձանց վրա հարձակումների կամ այլ պատերազմական հանցագործությունների համար:

Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից գնված զենքն ուղղակիորեն օգտագործվում է նաև խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների ոչնչացման համար, ուստի, համաձայն վերոնշյալ փաստաթղթի, պետությունները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին զենք վաճառելուց: Սակայն, այդ դրույթով կաշկանդված չէ Ադրբեջանին սպառազինությունների հիմնական վաճառողներից մեկը՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Բանն այն է, որ ՌԴ-ն հրաժարվել է ստորագրել ՄԱԿ-ի կողմից ներկայացված փաստաթուղթը՝ պատճառաբանելով, որ այն «չափազանց թույլ» փաստաթուղթ է, որը, բացի այդ, նաև «որոշակի բեռ է դնում անդամ պետությունների ուսերին»: Նման բնորոշում է տվել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման բաժնի պետ Միխայիլ Ուլյանովը:

Սակայն, եթե անգամ մի կողմ դնենք «Զենքի վաճառքի մասին» պայմանագիրը, ապա գրեթե նույն բնույթի պարտավորություններ սահմանվում են նաև 1949թ. Ժնևյան կոնվենցիաներով, որտեղ հենց 1-ին հոդվածը նշում է, որ «բոլոր պետությունները պարտավոր են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքն ու ապահովել դրա պահպանությունը»: Այս դրույթը մեկնաբանվում է՝ որպես կոնվենցիայի անդամ պետությունների պարտավորություն չխրախուսել (այդ թվում՝ զենքի վաճառքի միջոցով) հակամարտության որևէ կողմի՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման հարցում կամ անգործությամբ չհանգեցնել նման խախտումների:

Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները (օրինակ՝ Թալիշ գյուղում իրականացրած վայրագությունները, 12-ամյա երեխայի սպանությունը, գլխատումները) հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանին սպառազինություններ վաճառելով միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ոչ միայն չի կատարում իր պարտավորությունը՝ ապահովելու Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանությունն, այլ դառնում է Ադրբեջանի հանցակիցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: