ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ անկախության ճանաչումն Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապրիլյան պատերազմի արդյունքում կարողացավ պաշտպանել իր անկախությունը, ինչպես դա անում է վերջին 25 տարվա ընթացքում: ԼՂՀ-ն իր զինվորների խիզախության, մարտական ոգու, նրանց արյան շնորհիվ կարողացավ դիմակայել մարդկային, ֆինանսական, ռազմական և այլ ռեսուրսներով իրեն մի քանի անգամ գերազանցող թշնամու ոտնձգությանը:

Բայց որքա՞ն սա կարող է շարունակվել: Ի վերջո, հաջորդ անգամ թշնամին կարող է ավելի լայնամասշտաբ ոտնձգության դիմել՝ սպառնալով հազարավոր արցախցիների կյանքին:

Այս մտահոգություններն ավելի քան իրական են: Հաշվի առնելով Ադրբեջանի կիրառած զինտեխնիկան և դրա քանակը՝ այսօր Արցախում շատերը մտավախություն ունեն, որ եթե Ադրբեջանը միջուկային զենք ունենար, առանց վարանելու դա էլ կկիրառեր իրենց դեմ: 

Նման պայմաններում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կդառնա արցախցիների անվտանգության իրական երաշխիք: Դրա փորձը պատմության մեջ կա, և ամենավառ օրինակը, թերևս, Արևելյան Թիմորն է:

Պորտուգալական գաղութատիրությունից ազատվելուց հետո 1975 թվականին Արևելյան Թիմորն անկախություն է հռչակել: Բայց 1976 թվականին Ինդոնեզիան օկուպացրել է Արևելյան Թիմորը, ինչի հետևանքով մինչև 1999 թվականը 100-250 հազար մարդ է սպանվել, գրեթե նույնքան մարդ էլ փախստական է դարձել: Սա այն դեպքում, երբ Արևելյան Թիմորի բնակչության թիվը ինդոնեզական օկուպացիայի ժամանակ 600 հազար է կազմել:

Արյունահեղությունը դադարեցնելու և Արևելյան Թիմորի բնակչությանը կոտորածներից փրկելու համար ՄԱԿ-ի ճնշման ներքո 1999 թվականին ինքնորոշման հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ բնակչության շուրջ 80%-ը քվեարկել է անկախության օգտին: Այսինքն, միջազգային հանրության ճնշման տակ անցկացված հանրաքվեն դարձել է Արևելյան Թիմորի բնակչությանը հետագա կոտորածներից փրկելու միակ ճանապարհը:

Վերադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ պետք է փաստել, որ իրադրությունը բավականին նման է Արևելյան Թիմորի օրինակին: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ միայն միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է դառնալ հետագա արյունահեղությունները կանխող գործոն: Այլապես, իրադարձությունները կարող են գնալ անդառնալի հունով:

Ասել, որ միջազգային հանրությունը սա չի գիտակցում, ճիշտ չի լինի: Ամենևին պատահական չէ, որ ապրիլի 12-ին Եվրախորհրդարանի պատգամավորները հստակ ընդգծեցին Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես Ադրբեջանի անմարդկային գործողությունները կասեցնելու միակ ճանապարհ: Ավելին, Եվրախորհրդարանի Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ԵԽ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում հիշեցրեց, որ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշռող մեծամասնությունը հանրաքվեում կողմ է քվեարկել անկախությանը, բայց Ադրբեջանի ռազմական հարձակումը 30 հազար մարդու կյանք է խլել: Իր հերթին, Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելը նշեց, որ ստատուս քվոյի պահպանումը միայն նոր բռնության կհանգեցնի: «Միակ բանը, որը վերջապես պիտի տեղի ունենա, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է», - նշեց խորհրդարանականը:

Միջազգային հանրության դիտորդի կեցվածքը կարող է նոր արյունահեղության պատճառ դառնալ: Ժամանակն է միջազգայնորեն ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա ԼՂՀ անվտանգության թերևս գլխավոր երաշխիքն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: