ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցանկ

Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ ֆիմեր են նկարահանվել՝ հանրությանն այդ սոսկալի ոճրագործության մասին իրազեկելու նպատակով: «Արմեդիա ՏՎԳ» առանձնացրել է Հայոց ցեղասպանության թեմային առնչվող վերջին տարիներին նկարահանված մի շարք ֆիլմեր՝

«Ո՞վ սպանեց հայերին» (անգլ.՝ Who Killed the Armenians?), 

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստա-վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակների նպատակն է արաբախոս հանդիսատեսին Հայոց ցեղասպանության պատմությունը լիարժեք ներկայացնելը։ Ֆիլմում ներկայացված են Մեծ եղեռնի վերաբերյալ լուսանկարներ, արխիվային նյութեր, տեսաժապավեններ, ականատեսների և վերապրածների վկայություններ։

 «Արյունակից եղբայրներ» (հոլ.՝ Bloedbroeders)

Քեյս Սխապի ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Փաստավավերագրական այս ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով։ Ի վերջո, ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են, որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին։ 

«1915»

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի եղեռնի զոհերին։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները շրջափակում են թատրոնը և այդպիսի տարօրինակ իրադարձությունները վախ են տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ ռեժիսորի մտահղացումը բավական վտանգավոր է, և անցյալի հոգիներն ամենուր են։

«Կորուսյալ թռչունները» (թուրք.՝ Yitik Kuslar), 

Հայոց ցեղասպանության մասին պատմող Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ընթացքում Անատոլիայում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոյի մասին, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում:

 «Մորս ձայնը» (անգլ.՝ My Mother's Voice),

ֆիլմ Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունը, ով 16-ամյա քրոջ՝ Վերգինեի հետ փրկվելով ցեղասպանությունից, հայտնվում է ԱՄՆ-ում և ամուսնանում մի մարդու հետ, ում ճանաչում էր միայն լուսանկարով։

«Ցեղասպանության որբերը» (անգլ.՝ Orphans of the Genocide),

Ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Լիբանանում գտնվող Անթուրայի որբանոցի մասին, որտեղ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստան էին գտել հազարավոր հայ երեխաներ։

«Փրկության քարտեզը» 

Խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է՝ նվիրված Մեծ եղեռնի 100–ամյակին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում։

«Սպի» (անգլ.՝ The Cut, թուրք.՝ Kesik), 

Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինի 2014 թվականի արտադրության ֆիլմ է։

Մի երիտասարդ մարդ, ում անունն է Նազարեթ Մանուկյան, աքսորվում է իր հայրենի գյուղից` Մարդինից։ Աքսորումից հետո նա հասկանում է, որ իր աղջիկները կարող են ողջ լինել։ Նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր մասերով` իր աղջիկներին գտնելու համար։ Վերջապես նա գտնում է իր աղջկան Լուսինեին և իմանում, որ Արսինեն վարակվել էր անապատում և մահացել մի քանի տարի առաջ։

«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» (անգլ.՝ Grandma’s Tattoos)

 Սյուզան Խարտալյանի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող ֆիլմ` նկարահանված 2012 թվականին։ «Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում։ Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները։ Թաքցնելով իր գաղտնիքը». այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին։

«Աղետ. մի ցեղասպանություն» (գերմ. Aghet – Ein Völkermord) 

2010 թվականին գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած վավերագրական ֆիլմ։ Ֆիլմում ներկայացվում է 20-րդ դարասկզբին գերմանական կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի հանդեպ իրականացված եղեռնագործության նկատմամբ։ Ֆիլմը ներկայացնում է նոր ժամանակներում պաշտոնական Թուրքիայի և թուրք հասարակության վերաբերմունքը։ Ֆիլմում խոսվում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվելու, Թուրքիայում հայկական կոտորածներ կազմակերպելու մասին բարձրաձայնած Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի նկատմամբ դատական գործեր հարուցելու մասին։ Ֆիլմում Հայոց ցեղասպանության փաստի մասին հարցազրույցներ են անցկացվում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սիրիայի և հայկական սփյուռքի մի շարք անվանի ներկայացուցիչների հետ: Ֆիլմը 2010 թվականին ճանաչվել է  Լավագույն գերմանական վավերագրական ֆիլմ, իսկ 2011-ին  Նյու Յորքի ֆիլմերի փառատոնին ստացել է ոսկե մեդալ (Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգ):

«Հայոց ցեղասպանություն» (անգլ.՝ The Armenian Genocide)

2006 թվականին ցուցադրված ամերիկյան փաստավավերագրական ֆիլմ, որն ուսումնասիրում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված կոտորածները։ Ֆիլմը կարդում են հոլիվուդյան դերասաններ Օռլանդո Բլումը, Էդ Հարիսը, Լորա Լինին, Ջարեդ Լետոն, Ջուլիանա Մարգուլիսը և Նատալի Պորտմանը։

«Ճչացողներ» (անգլ.՝ Screamers)

2006 թվականին ռեժիսոր Քարլա Կարապետյանի կողմից նկարահանված[4] 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, որը պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և 1915 թվականից մինչ այսօր աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմում քննարկվում է նաև այժմյան Թուրքիայում ցեղասպանության ժխտումը և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հանդեպ ունեցած հիմնականում չեզոք դիրք։

«Իմ որդին պիտի հայ լինի» (ֆր.՝ Mon fils sera arménien),

Հակոբ Գուդսուզյանի 2004 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Հակոբ Գուդսուզյանը, հինգ կանադահայերի հետ, ովքեր նույնպես կորցրել են իրենց հարազատներին Հայոց մեծ եղեռնի ժամանակ, ճանապարհորդում է Հայաստանից Սիրիա, զրուցում Ցեղասպանությունը վերապրածների հետ։

«Արամը» 

Ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է՝ նկարահանված ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։

«Մուսա լեռան 40 օրը»
Լիբանանահայ ռեժիսոր Սարքի Մուրադյանը նկարահանել է հինգ կինոնկար, որոնք այս կամ այն կերպ կապված էին հայերի հետ' լիներ դա մելոդրամա, թե պատմական ֆիլմ: 1975-ին Մուրադյանը նկարահանել էր «Սասունի զավակները» կինոնկարը, որտեղ ներկայացված էր սասունցիների պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք տեղի ունեցող ջարդերի ժամանակ: Իսկ մի քանի տարի անց նա անդրադարձավ արդեն 1915-ի իրադարձություններին, էկրանավորելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Մուրադյանը, սակայն, չկարողացավ ինչպես հարկն է ներկայացնել բավական լուրջ նյութը, արդյունքում ստանալով երկրորդական որակի կինոնկար, որը գրեթե աննկատ անցավ և վաղուց մոռացված կլիներ, եթե նվիրված չլիներ Մեծ Եղեռնին:

 

Իսկ Հայոց ցեղասպանության մասին պատմող պարտադիր ֆիլմերի 5-յակը «Արմեդիա» ՏՎԳ-ի վարկածով հետևյալն է`

«Մայրիկ» Ֆրանսիա, 1990
Անրի Վերնոյի «Մայրիկը», փաստորեն, դարձավ առաջին լուրջ կինոնկարը «Բռնաբարված Հայաստանից» ի վեր, որտեղ շոշափվում էին Մեծ Եղեռնի պատմությունը և դրա հետևանքները: Խորհրդանշական է, որ իր ընտանիքի անցյալին Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը, անդրադարձավ արդեն այն ժամանակ, երբ վաղուց ամրագրել էր իր տեղը ֆրանսիական կինոյի խոշորագույն գործիչների թվում: Սկզբում, ի դեպ, համանուն ինքնակենսագրական գիրքն էր, հետո միայն դրա կինոտարբերակը: Եվ քանի որ Վերնոյը 1980-ականների վերջին կենդանի լեգենդի կարգավիճակ ուներ, զարմանալի չէր երկու հռչակավոր դերասանների՝ Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի մասնակցությունը: Նրանց և մյուս դերասանների մեծ մասի հայ չլինելը բնավ չխանգարեց շատ դիպուկ մարմնավորել օտարության մեջ հայտնված հայ ընտանիքի անդամներին:

«Արարատ»
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ, որը պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։

«Արտույտների ագարակ»

 Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։ Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, այն «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։

«Ձորի Միրոն»

Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումն է։ Միրոն Մեծ եղեռնի ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ։

«Նահապետ»

Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմ։ Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը. կնոջն ու երեխաներին սպանել են նրա աչքի առաջ, իսկ իրեն ազատ են արձակել։ Նահապետը հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում։ Այստեղ նա նոր ընտանիք է կազմում։

 

Նշենք, որ Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը «Հոգիների աճուրդ» (անգլ.՝ Ravished Armenia) ֆիլմն է։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը։

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: