ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմերը չեն հրաժարվել բանակցություններից, սակայն փոխվել է մոտեցումը

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական մամուլում, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքում հնչում է այն միտքը, թե իբր Հայաստանը հրաժարվել է հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից: Իհարկե, սա այն թեզն է, որն Ադրբեջանը փորձում է օգտագործել ի շահ իրեն՝ օգտվելով հարմար առիթից ու խոսքը կառուցելով հայկական կողմից հնչեցրած մի քանի մտքերի վրա: Սակայն, պետք է միանշանակ արձանագրել, որ Հայաստանը չի հրաժարվել բանակցություններից, իսկ Ադրբեջանն ամեն միջոց գործադրում է՝ դրանք տապալելու համար:

Ադրբեջանական կողմից առաջ տարվող այս թեզը սկսեց ակտիվորեն շրջանառվել ՀՀ նախագահի` Bloomberg-ին տված հարցազրույցից հետո: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նախագահն իր խոսքում նշել է, որ քառօրյա պատերազմից հետո բանակցությունների մասին խոսելը տրամաբանական չէ: Այնուամենայնիվ, նա նաև հավելել է, որ «ինչ-որ ժամանակ, միևնույնն է, բանակցություններ են լինելու, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է»:

Իրավիճակն այլ է մի քանի գործոնով պայմանավորված: Նախ Ադրբեջանը թե´ քառօրյա պատերազմի ընթացքում, թե´ այսօր, չնայած հրադադարի վերաբերյալ բանավոր ձեռք բերված պայմանավորվածությանը, շարունակում է ԼՂՀ դեմ ագրեսիան: Երկրորդ՝ Ադրբեջանը ջանքեր չի խնայում՝ չեղարկելու 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, ինչն էլ, ըստ էության, հենց բանակցային գործընթացի հիմքն է հանդիսանում: Սրա վառ ապացույցը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարի նամակն էր՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, որում խոսվում է 1994թ-ի հրադադարի համաձայնագրի չեղարկման մասին՝ դրանում մեղադրելով  Հայաստանին:

Բանակցային գործընթացը տապալելու և կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Ադրբեջանի ջանքները նորություն չեն թե´ հայկական կողմերի, թե´ միջնորդների ու ընդհանրապես՝ միջազգային հանրության համար: Միևնույն ժամանակ փաստ է նաև այն, որ հայկական կողմերը միշտ էլ եղել են կառուցողական քայլերի կողմնակից՝ համաձայնություն տալով վստահության մեխանիզմների ներդրմանը, դիպուկահարների հետքաշմանը և այլ կառուցողական առաջարկների:

Հայկական կողմերն այժմ էլ չեն հրաժարվում կառուցողական քայլերից, սակայն իրավիճակի փոփոխությունը հանգեցնում է նաև դիրքորոշման փոփոխության, ինչը բավական տրամաբանական է: Ռազմական գործողություններին զուգահեռ հակամարտության կարգավորման բանակցություններ վարելը և որևէ առաջընթաց ակնկալելն առնվազն անիրատեսական է: Անհրաժեշտ է ամրագրել գործընթացների հետևյալ տրամաբանական հաջորդականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցում, փոխվստահության միջավայրի ձևավորում և նոր միայն դրանից հետո բանակցությունների վերսկսում: Ինչպես արդեն հայտնի է, բանակցային գործընթացի վերսկսման համար հայկական կողմն առաջադրել է երեք հստակ քայլ՝ հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Սա է այն տրամաբանությունը, որով հայկական կողմը շարժվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչն իրավիճակի նման սրման պարագայում պետք է ընդունելի լինի նաև հակամարության կարգավորմամբ զբաղվող միջնորդների համար:         

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: