ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատ և անկախ Շուշիի ձեռքբերումները

www.diplomat.am

Ընդամենը երկու տասնամյակ առաջ Շուշիի  խաղաղությամբ լցված փողոցներում, որտեղ հիմա ազատորեն խաղում են երեխաները, ընթացել են կատաղի մարտեր: Այստեղից է կրակ թափվել Ստեփանակերտի վրա: Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բարձր գմբեթի ներքո, որտեղ ադրբեջանցիները պահում էին իրենց զինամթերքի պաշարները, այսօր մարդիկ փնտրում ու գտնում են իրենց հոգու խաղաղությունը: Շուշիում  կերտվել է  հայոց պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը:

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ 

Պատերազմի տարիներին (1988 - 1994) և  հրադադարին հաջորդող ժամանակաընթացքում հանրության ուշադրությունն առաջին հերթին ուղղված է եղել պաշտպանական և սոցիալական խնդիրների հաղթահարմանը, որի ներքո անուշադրության էր  մատնվել մշակութային կյանքը: Սակայն, վերջին տարիներին իրականացվում են բազմաթիվ աշխատանքներ Շուշիում մշակութային կյանքը վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ:

2012 թվականին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվեց Շուշի, որով վերջինս հռչակվեց որպես մշակութային մայրաքաղաք: Վերջին տարիների ընթացքում Շուշիում մշակութային կյանքի ակտիվացումը էապես իր ազդեցությունն ունեցավ հանրության մշակութային ինտեգրման, ինքնազարգացման, արցախյան մշակույթի վերարժևորման գործում: Սակայն, Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան հնարավորություն չի ընձեռում մարդկանց առավել ակտիվ ինտեգրվել մշակութային գործընթացներին, ինչը թույլ կտար բացահայտել հանրության ողջ ստեղծագործական ներուժը:

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքներն ուղղված են հենց այդ խնդիրների հաղթահարմանը: Նախարարության կողմից կազմակերպվում են բազմաթիվ մրցույթներ և միջոցառումներ, որոնք նպատակ ունեն մշակութային կյանքին հաղորդել նոր բովանդակություն, որի հիմքում ընկած կլինեն անցյալի ձեռքբերումները: Այդ իսկ պատճառով մշակութային գործունեությունը համադրվում է քարոզչական գործունեությամբ, որի ներքո գրահրատարակչության, արվեստաբանական գրականության ձևավորման, միջազգային մշակութային իրադարձությունների անցկացման միջոցով փորձ է արվում նոր հարթության վրա տեղափոխել ԼՂՀ սուբյեկտայնությունը: Այս համատեքստում հատկանշական  է  նաև Շուշիի համագործակցության ձևաչափերը՝ Լոս Անջելեսի, Բուրգ դե Վալանսն քույր քաղաքների հետ, ինչպես նաև առկա համագործակցությունը իտալական Լուկա քաղաքի հետ:

Այսօր Շուշին ունի իր մշակութային օջախները և ձևավորվող մշակութային ավանդույթները: Վերջին տարիների ընթացքում կազմակերպված կարևորագույն միջազգային միջոցառումներից էր 2012 թվականին իրականացած «Շուշի արտ փրոջեքթ» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր հսկայական ցուցահարթակ, ուր իրենց ստեղծագործություններն էին  ներկայացնում արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից: Բացի այդ, կարևորագույն մշակութային իրադարաձություն է արդեն իսկ ավանդական դարձած «Խաղաղություն Արցախին» խորագրի ներքո անցկացվող  «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը, որին մասնակցություն են ունենում  թվով 15 քանդակագործներ Արցախից, Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ճապոնիայից, Իտալիայից։ 

Շուշիում այսօր գործում է 4 թանգարան՝ պատմաերկրագիտական, կերպարվեստի, քարերի, գորգերի, որտեղ ներկայացված են Շուշիի պատմությունը, ավանդույթները, գորգագործության մշակույթը և այլն: Սրանց և դիտարժան վայրերի առկայությունը նպաստում է զբոսաշրջիկների հոսքի աճին: Ըստ քաղաքապետի՝ Շուշիում տուրիստներին հետաքրքրում են հատկապես Ձիատափ (Ջդրդուզ) սարահարթը, Հունոտի կիրճը, թանգարանները, Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ ժամը (Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), մզկիթներն ու Շուշվա բերդը:

Բացի Շուշիի մշակութային ոլորտում առկա ձեռքբերումներից, հատկապես նշանակալի հաջողությունների է հասել նաև կրթական ոլորտը: Անցյալ տարի Արցախի Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը,  որը նպաստելու է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական, ճարտարագիտական, ճարտարապետական, գյուղատնտեսական ուղղություններով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու գործին։ Շուշի քաղաքում կառուցվել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղը:

Շուշիի վերականգման գործընթացը դեռևս շարունակվում է և վերը ներկայացված աշխատանքները գործընթացին միայն դրական նպաստ բերող փոքրիկ քայլերն են: ԼՂՀ-ն այս տարի կնշի անկախության 25-րդ տարեդարձը: Արցախի ժողովուրդը 25 տարիների ընթացքում վաստակել է անկախ, անվտանգ և խաղաղ ապրելու իր իրավունքը, որոնք հանդիսանում են Արցախի բնակչության հոգևոր, մշակութային և սոցիալական վերածննդի որպես ամենաառաջին նախապայմանն ու երաշխիքը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: