ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի մանդատը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը

www.osce.org

Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը խաղաղության և զինադադարի ռեժիմի պահպանման գործում, մեղմ ասած, թերի է: Մինսկի խմբի մանդատը խիստ սահմանափակ է, ինչը շատ դեպքերում հիմք է դառնում այն ընկալելու որպես խաղաղությունը պահպանելու հարցում միջազգային հանրության բարի կամքի դրսևորում միայն: Այնինչ իրականում ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի հստակ լիազորություններ ունենա հակամարտ զորքերի շփման գծում մշտական հիմունքներով մշտադիտարկում իրականացնելու և խախտումներն արձանագրելու:

Հրադադարի վերահսկողության համակարգի ներդրման կարևորության մասին վերջերս բարձրաձայնվեց նաև ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը հանդես եկան նախաձեռնությամբ, որը խաղաղության հաստատման, հրադադարի վերահսկողության միջոցներ էր առաջարկում: Համաձայն ներկայացված նախագծի՝ նախ պետք է դիպուկահարներին հետ քաշել, ապա շփման գծի ողջ երկայնքով հրետանային կրակի և ձայնի չափման տեղորոշիչներ տեղադրել՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ներքո, և վերջում ընդլայնել ԵԱՀԿ դիտորդների քանակը, որպեսզի մշտադիտարկումն ավելի արդյունավետ լինի: Նշված փաստաթղթին իրենց հավանությունն են հայտնել Հայաստանը, ԼՂՀ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, այնինչ Ադրբեջանը դեմ է արտահայտվել:

Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ընդլայնման խնդիրը կարևորագույններից մեկն է այսօր, միանշանակ է: Սակայն, կարևոր է նաև հասկանալ, թե այլ հակամարտությունների պարագայում մշտադիտարկման անցկացման ինչպիսի փորձ ունի ԵԱՀԿ-ն և որքանով են այդ մշտադիտարկումներն աջակցում հրադադարի պահպանմանը:

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն ակտիվ գործունեության է իրականացնում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքար, հակամարտությունների կանխարգելում և լուծում, թրաֆիքինգի դեմ պայքար, գենդերային հավասարություն և այլն: Հակամարտությունների կանխարգելման և լուծման շրջանակներում է գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելությունը Բոսնիա և Հերցեգովինայում, ԵԱՀԿ առաքելությունը Սկոպյեում, առաքելությունը Մոլդովայում, Հատուկ մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում, ԵԱՀԿ քարտուղարությունը և այլն:

Մշտադիտարկման իրականացման փորձն ուսումնասիրելու առումով կարևոր է հատկապես  Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեության ուսումնասիրումը: Եվ այսպես, հատուկ մոնիթորինգային առաքելության մանդատը սահմանում է, որ դիտորդները կոչված են աջակցելու լարվածության նվազմանը, խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Տեղերում երկխոսության իրականացմանը նպաստելու համար առաքելությունը փոխգործակցում է իշխանության տարբեր մակարդակների, քաղաքացիական հասարակության, էթնիկ և կրոնական խմբերի, տեղական համայնքների հետ: Առաքելությունն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում, զեկուցում է անվտանգության վիճակի մասին, իրականացնում է կոնկրետ դեպքերի հաստատում և տեղեկացնում է դրանց մասին, այդ թվում և այնպիսի դեպքերի, որոնք առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների հայտարարված խախտումներին:

ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելությունն Ուկրաինայում իրականացվում է ԵԱՀԿ-ին ուղղված Ուկրաինայի կառավարության դիմումի և անդամ 57 պետությունների կոնսենսուսի հիման վրա: Սակայն, իրադարձությունների զարգացումը ցույց է տվել, որ Ուկրաինան (և ոչ միայն) առանձնապես գոհ չէ մոնիթորինգի իրականացման ընթացքից և առաքելության մանդատից: Ուկրաինայի վերլուծական շրջանակները պնդում են, որ Առաքելության հնարավորությունները խիստ սահմանափակ են. այն չունի ո՛չ հարկադրելու, ո՛չ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն: Ավելին՝ ազատ տեղաշարժման և հակամարտության գոտում մշտադիտարկում իրականացնելու նրանց իրավունքը պարբերաբար խախտվում է զինյալների կողմից և հենց ԵԱՀԿ ներկայացուցիչներն են հաճախ հայտնվում ագրեսիայի թիրախում:

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեությունն ու արդյունավետությունը կասկածի տակ է առնվել նաև ամերիկյան կողմից: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը 2014-ին հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումը ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անարդյունավետ ու ոչ ադեկվատ է, քանի որ այդ առաքելության մանդատը շատ սահմանափակ է, այն պետք է ընդլայնվի:

Այսպիսով, չնայած նրան, որ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում սահմանային մշտադիտարկման իրականացման շատ ավելի մեծ հնարավորություններ ու լիազորություններ ունի, քան ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն ղարաբաղյան հակամարտության գոտում առկա լարվածության աննախադեպ աճն ու պայթյունավտանգ իրադրությունը պահանջում են առավել լայն ու հստակ մշակված լիազորությունների օժտում Մինսկի խմբին՝ մշտադիտարկում իրականացնելու հարցում: Փաստը մնում է փաստ, որ այսօր ադրբեջանական ագրեսիան զսպող միակ կոնկրետ ուժը ԼՂՀ ՊԲ-ն է և հրադադարի վերահսկողության համակարգի ներդրման և միջազգային հանրության կողմից հասցեական հայտարարությունների շնորհիվ միայն հնարավոր կլինի սանձել Ադրբեջանի հաջորդ արկածախնդրությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: