ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ

ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ արդեն մի քանի օր է, ինչ բավականին ակտիվ քննարկումներ են ընթանում թե´ հայկական, թե´ միջազգային լրատվամիջոցներում: Այս խոսակցություններն էլ ավելի ակտիվացան «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության հրապարակումից հետո:

ԶԼՄ-երի մեծ մասը (թե´  հայկական, թե´ արտասահմանյան) կառավարության կողմից օրինագծի վերաբերյալ  եզրակացությանը տված հավանությունը, անգամ եզրակացությանը չծանոթանալով, սխալաբար ներկայացրեց որպես կառավարության կողմից նախագծին դրական եզրակացություն, ինչն, ըստ էության, խեղաթյուրում էր իրականությունը: 

Հատկանշական է, որ եզրակացությունում նշվում է, որ կառավարությունն այս նախագծի ընդունումը «պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», այլ կերպ ասած՝ ԼՂՀ ճանաչումն այս պահին նպատակահարմար չէ, և այն դիտարկվում է որպես հետագա հնարավոր զարգացումների արդյունք, այդ թվում՝ պայմանավորված արտաքին գործոններով: 

Ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում շատերի մոտ ստեղծվել էր այնպիսի տպավորությունն, թե եկել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու ամենահարմար պահը, և դա այս իրավիճակում կլինի մեր համարժեք պատասխանը: Չենք կարող բացառել, որ այս հանգամանքը ևս իր դերակատարումն ունեցավ կառավարության եզրակացության սխալ ընկալման հարցում:

Այս համատեքստում, սակայն, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ, ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ: Հայկական կողմերի առաջնահերթ նպատակը ԼՂՀ  միջազգային ճանաչումն է, և պետք է զերծ մնալ ցանկացած քայլից, որն այդ գործընթացը կարող է մտցնել փակուղի: Հաշվի առնելով նման բացասական նախադեպի առկայությունը (Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը Թուրքիայի կողմից)՝ մեր հաշվարկներում անհրաժեշտ է առավել քան համոզված լինել, որ ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը չի դառնա միակը, այլ, ընդհակառակը, կդառնա ճանաչումների շարքի մի բաղադրիչ: Քանի դեռ չկան երաշխիքներ, ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման նպատակահարմարությունը կշարունակի մնալ վիճելի ինչպես բանակցային գործընթացի վրա նրա ազդեցության, այնպես էլ հայկական կողմերի դիրքերի ամրապնդման տեսանկյունից: 

Երկրորդ, ստեղծված նոր իրավիճակում ՀՀ կողմից համարժեք քայլն արդեն իսկ արված է: Կա տրված հանձնարարական պատրաստել Հայաստանի և Արցախի միջև ռազմատեխնիկական փոխօգնության համաձայնագիր, որի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս համաձայնագիրն Արցախի համար կդառնա անվտանգության լրացուցիչ երաշխիք, ինչն իրավիճակի նման լարվածության պարագայում ունի էական նշանակություն: Այս համաձայնագիրը կփոխի իրավիճակ՝ ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները տեղափոխելով նոր հարթակ:

Այս ամենը վկայում է, որ ԼՂՀ անկախության ճանաչման նման կարևոր քայլը պետք է հիմնվի ռիսկերի և հնարավորությունների լուրջ հաշվարկների և սցենարային կանխատեսումների վրա: Այնուամենայնիվ,  միանշանակ է, որ  Ադրբեջանի կողմից հետագայում ցանկացած տիպի արկածախնդրության ձեռնարկման դեպքում այլ քայլ, քան ԼՂՀ ճանաչումն է, Հայաստանին չի մնա:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: