ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման կարևորությունն ու խնդիրները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում մայիսի 16-ին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար։ Այս օրերին շատ է խոսվում կայանալիք հանդիպման նշանակության, ակնկալիքների, ելքերի մասին։ Սակայն, արդեն այս պահին կարելի է արձանագրել մի քանի հանգամանք։

Ապրիլյան սրացումից հետո զգալի ակտիվություն էր ցուցաբերում Ռուսաստանը, վերջինիս միջնորդությամբ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերվեց կրակի դադարեցման շուրջ, մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվ այցելություններ էին կատարում Հայաստան և Ադրբեջան։ Քննարկվում էր նաև այսպես կոչված «Լավրովի պլանը», որը ենթադրում էր հակամարտության արագ կարգավորում՝ ըստ Ռուսաստանի տեսլականի։ Եվ այս տրամաբանության ներքո շատերն էին սպասում, որ վերադարձը բանակցություններին նույնպես տեղի կունենա Ռուսաստանի միջնորդությամբ։ Բայց ականատեսը եղանք նրա, որ նախագահների հանդիպմանը, եթե այն կայանա, ներկա կգտնվեն բոլոր երեք համանախագահող երկրների արտգործնախարարները։

Դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահները գիտակցում են Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացի միջնորդության մոնոպոլիզացման վտանգները, մյուս կողմից՝ ձգտում են ցույց տալ, որ լծակներն իրենց ձեռքից բաց չեն թողնում։ Սա առնվազն կանխում է համանախագահներից միայն մեկի շահերից բխող անկանխատեսելի զարգացումները ինչպես մյուս համանախագահների, այնպես էլ հակամարտության կողմերի համար:

Չի կարելի բացառել նաև այն սցենարը, որի ներքո այժմ եռանախագահները կհամախմբեն իրենց ուժերը կողմերին բանակցությունների վերադարձնելու, վստահության միջոցների հաստատմանը հասնելու համար, իսկ արդեն անմիջական քաղաքական կարգավորման միջնորդության բեռն իր վրա կփորձի վերցնել նրանցից մեկը։

Մյուս կարևոր հանգամանքը, որ հարկավոր է շեշտել, այն է, որ համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության, այս հանդիպման ընթացքում քննարկվելու են վստահության միջոցներն ու հրադադարի ամրապնդման միջոցառումները։ Եվ արդեն դրանց հաստատումը համապատասխան միջավայր կստեղծի կարգավորման սկզբունքների շուրջ բանակցություններին վերադառնալու համար։ Ըստ էության, սրա մասին էին ասում նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, երբ հայտարարում էին, որ իրավիճակը փոխվել է, և այժմ խոսել բանակցությունների մասին տեղին չէ, մինչ այդ հարկավոր է ամրապնդել հրադադարն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմներ հաստատել:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հայկական կողմի մոտեցումնեն այսօր առավել օբյեկտիվ են և ընկալելի միջնորդների համար։ Մյուս քայլն այս ուղղությամբ պետք է լինի ԼՂՀ-ին բանակցային սեղան վերադարձնելը և միջնորդների ու Ադրբեջանի մոտ այն գիտակցման ամրապնդումը, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության վերջնական և հարատև կարգավորման։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: