ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

8-ամյա հայ տղան՝ որպես Ադրբեջանի ազգային անվտանգության սպառնալիք

Instagram

Հայ երեխային Բաքվի օդանավակայան ուղարկելը «նպատակաուղղված սադրանք» է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Ադրբեջանի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի թղթակից Շահին Ռզաևը՝ մեկնաբանելով ազգությամբ ռուս և Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ծնողների՝ մոր և խորթ հոր ուղեկցությամբ Բաքում ժամանած 8-ամյա Ղուկաս Ռուբենի Վարդանյանին երկիր չթողնելու ադրբեջանցի սահմանապահների որոշումը: «Կարելի էր նախապես դիմել: Գիտեք, որ պատերազմ է», - գրել է Ռզաևը:

Իսկապես, պատերազմական վիճակում կամ գաղափարական առճատաման մեջ գտնվող երկրների կողմից լայնորեն կիրառվում է միմյանց քաղաքացիներին երկիր թույլ չտալու պրակտիկան: Սովորաբար այդ արգելքներն ամրագրված են լինում տվյալ պետության օրենսդրությունում: Սակայն, հայկական ծագում կամ ուղղակի հայկական ազգանուն ունեցող, սակայն այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց երկիր չթողնելը միջազգային տարբեր հարթակներում իր տոլերանտության մասին բղավող Բաքուն չի կարողանում ամրագրել օրենսդրության մեջ: Արդյունքում խառնաշփոթ է առաջանում. ադրբեջանցի պաշտոնյանները չեն կարողանում հաստատել, որ հայերի մուտքը երկիր արգելված չէ, իսկ սահմանապահները հետևողականորեն արգելում են հայերի մուտքը երկիր: 

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ հայկական ծագում ունեցող անձանց, ովքեր հանդիսանում են այլ երկրի քաղաքացի կամ նույնիսկ այլազգի են՝ ուղղակի հայկական ազգանուն ունեն, թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան: Այսպես, 2013 թվականին ադրբեջանցի սահմանապահները արգելել էին երկիր մուտք գործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցը լուսաբանել ցանկացող ռուս լրագրող Աննա Սահակյանին: Նշենք, որ լրագրողն ազգությամբ ռուս էր, ուղղակի կրում էր ամուսնու հայկական ազգանունը: Ադրբեջանը ոչ միայն արգելում է Հայաստանի հետ որևէ կերպ կապված անձանց անհատական այցելություններն, այլ նաև Բաքվում տարբեր միջազգային ֆորումներում հայկական պատվիրակության մասնակցությունը: Այսպես, Ադրբեջան հայերի մուտքի արգելքի պատճառով հայկական պատվիրակությունը 2010 թվականին չկարողացավ մասնակցել Եվրոպական հեռարձակողների միության 64-րդ գլխավոր ասամբլեային: Նման դեպքերը կարելի է անվերջ թվարկել: Մեծ հաշվով ադրբեջանական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ հայերի մուտքը երկիր արգելված է, սակայն Ղուկաս Վարդանյանի դեպքում Բաքվում փորձում են արդարանալ, քանի որ միջադեպն անսպասելի մեծ արձագանք գտավ ինչպես մամուլում, այնպես էլ սոցցանցերում:

Ադրբեջանական մամուլում փորձում են արդարացնել հայաֆոբ քաղաքականության հերթական դրսևորումը՝ նշելով, թե իբր տղային Ադրբեջան չեն թողել, քանի որ նրա կենսաբանական հոր կողմից համապատասխան թույլտվություն չի եղել: Ադրբեջանական լրատվամիջոցներն այս պատճառաբանության մեջ մոռանում են, որ առանց այդ թույլտվության տղան դժվար թե կարողանար հասնել Բաքու:

Հետաքրքիր է, որ ստեղծված իրավիճակում սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը մեղադրում են հենց երեխայի ծնողներին: Նրանց կարծիքով անտրամաբանական է, երբ հայկական ազգանուն ունեցող երեխայի ազգությամբ ռուս ծնողները որոշում են երեխայի հետ գալ Բաքու, քանի որ Ադրբեջանն արդեն ավելի քան 20 տարի Հայաստանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում: 

Սա փոքր-ինչ տարօրինակ տրամաբանություն է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիներն արդեն ավելի քան 20 տարի պահանջում են վերադարձնել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նման պնդումներով շարքային ադրբեջանցիները հաստատում են, որ իրենց երկրում հայկական ծագում ունենալու դեպքում նույնիսկ երեխաների համար անվտանգության երաշխիքներ չկան ոչ միայն իշխանությունների, այլ նաև իրենց կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: