ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Բունդեսթագում Ցեղասպանության հարցով քվեարկության արդյունքները կախված կլինեն Գերմանիայի շահերից

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկման կդրվի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակման մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևի շուրջ տարաբնույթ քննարկումները, ինչպես նաև դրա ընդունումը կանխելուն ուղղված թուրք-ադրբեջանական նախաձեռնությունների վերաբերյալ լուրերը հայկական հանրային շրջանակներում, կարծես, հերթական անգամ առաջացրել են բավական լուրջ ակնկալիքներ: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նման ակնկալիքները, հաճախ լինում են արհեստական և ոչ հիմնավոր, իսկ ավելի հաճախ՝ գերագնահատվում է նաև Ցեղասպանությունը ճանաչող այս կամ այն բանաձևի ընդունման կարևորությունը: Հենց այդ ակնկալիքների չիրականացումը կամ ընդունված բանաձևի իրական նշանակության ընկալումն էլ հաճախ հանգեցնում է անկումային տրամադրությունների և հիասթափության, ինչի կրկնությունը չի բացառվում նաև հունիսի սկզբին: Հաշվի առնելով այս ամենը, ցանկալի է առկա իրավիճակը դիտարկել նաև այլ տեսանկյունից:

Գաղտնիք չէ, որ հայկական հարցն՝ իր տարբեր բաղադրիչներով տասնամյակներ շարունակ եղել է նշանակալի գործոն տարբեր պետությունների՝ Թուրքիայի հետ վարած արտաքին քաղաքականության մեջ: Որքան էլ ցավալի է, Թուրքիայի նկատմամբ «մտրակի և բլիթի» կոնցեպտի փորձված գործիք՝ այն իր դերակատարումը պահպանել է մինչ օրս: Ուստի նույն Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու խնդիրը պետք է դիտարկել նաև առավել լայն՝ Գերմանիա-Թուրքիա կամ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:

Այսօր Գերմանիան, կամ ավելի լայն՝ ԵՄ-ն լուրջ հակադրությունների մեջ են Թուրքիայի հետ: Միգրացիոն ճգնաժամը դարձնելով լուրջ խաղաքարտ՝ թուրքական իշխանություններն այսօր հնարավորություն են ստացել պահանջներ ներկայացնել ԵՄ-ին՝ ակնկալելով տարաբնույթ զիջումներ, այդ թվում՝ եվրաինտեգրման գործընթացի արագացում: Թուրքիայի ինքնավստահ պահվածքն արտահայտվում է նաև Էրդողանի ագրեսիվ հայտարարություններում, ինչն իր հերթին չի կարող չգրգռել եվրոպական երկրներին: Ստեղծված իրավիճակում Եվրամիությունը, կամ նրա առաջատար հանդիսացող Գերմանիան, բնականաբար, պետք է վերանայեր իր զինանոցը՝ Էրդողանին «ապտակ հասցնելու» համապատասխան գործիք գտնելու ակնկալիքով: Այս առումով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը՝ որպես Անկարային սաստող փորձված միջոց, ավելի քան հարմար տարբերակ էր: Ուստի հենց միայն այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչման բանաձևը մտել է օրակարգ (ինչն օրինակ տեղի չունեցավ այս տարվա փետրվարի 25-ին Բունդեսթագում կայացած քննարկումների արդյունքում) արդեն իսկ հաստատում է այն, որ Բեռլինն իր առջև խնդիր է դրել ճնշել Թուրքիային: Նման իրավիճակում առնվազն չենք կարող բացառել, որ Ցեղասպանության ճանաչման ճակատագիրը կախված է նրանից, թե Էրդողանը պատրա՞ստ  է զիջումների գնալ, թե՞ ոչ:

Հաշվի առնելով այս գործոնները՝ անհրաժեշտ է խուսափել ավելորդ զգացմունքայնությունից՝ միևնույն ժամանակ արհեստական ակնկալիքներ չստեղծել Գերմանիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկման հետ կապված: Անշուշտ, հաշվի առնելով Գերմանիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործընթացում, Բունդեսթագի կողմից տվյալ բանաձևի ընդունումը կլինի բավական խորհրդանշական և կարևոր, սակայն չպետք է մոռանալ, որ բանաձևի ընդունել-չընդունելու որոշումն, առաջին հերթին, պայմանավորված է Բեռլինի շահերով:

Առկա հանրային տամադրությունները հիմք են տալիս պնդելու, որ վաղուց ժամանակն է փոփոխություններ մտցնել Հայոց պահանջատիրության տրամաբանության մեջ, ինչի արդյունքում առաջին պլան կմղվեն ոչ թե այս կամ այն երկրի նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը կամ որևէ խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն, այլ իրավական գործընթացի շջանակներում անհերքելի փաստերի միջոցով խախտված իրավունքների վերականգնումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 11.27 կմ/ժ
6 C°
 
  18° 
24.04.2018
  21° 
25.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։