ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կքննարկեն Սարգսյանն ու Ալիևը Պետերբուրգում

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որին անձանբ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա նախագահների երկրորդ հանդիպումն է:

Իսկ արդյո՞ք այս հանդիպման քննարկման առարկան կրկին կլինի վստահության վերականգնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը, թե՞ կողմերն արդեն իսկ անդրադարձ կկատարեն հակամարտության քաղաքական կարգավորմանը:

Նախ, պետք է փաստել, որ Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում դեռևս մնացել են թղթի վրա: Ճիշտ է, համանախագահներն արդեն իսկ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկմանն են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի նախագծերը, սակայն դրանց իրականացման ուղղությամբ դեռևս հստակ քայլեր արված չկան: 

Երկրորդ, ադրբեջանական կողմը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը: Չի դադարում ատելության քարոզչությունը, ինչը հնչում է ամենաբարձր մակարդակով: Կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ, որի ձևավորումը պետք է գոնե զուգահեռ ընթանար քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին: 

Քանի դեռ նախորդ հանդիպման պայմանավորվածությունները լիարժեքորեն կյանքի կոչված չեն, առնվազն տրամաբանական է, որ պետերբուրգյան հանդիպումը պետք է դառնար դրանց իրականացման հետ կապված տարաբնույթ հարցերի (թե՛ ժամկետների, թե՛ վերահսկողության հետ կապված) հստակեցման առիթ: Թերևս բոլորի համար է ակնհայտ, որ առանց Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացից որևէ առաջընթաց ակնկալելը միամտություն է: 

Սակայն, այն հանգամանքը, որ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը ներկա է լինելու հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է փոխի բանակցային գործընթացի տրամաբանությունը և փոխվստահության միջոցների և հետաքննության մեխանիզմների կյանքի կոչման հարցերի փոխարեն քննարկման օրակարգ բերվի քաղաքական կարգավորման գործընթացը: Պետերբուրգում այս հանդիպման կազմակերպումը խոսում է ոչ միայն այն մասին, որ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը կրկին Ռուսաստանին է պատկանում, այլև ցույց է տալիս, որ ամենաբարձր մակարդակով ներգրավվածությամբ՝ Ռուսաստանը փորձելու է առնվազն հակամարտության քաղաքական կարգավորման վերամեկնարկն ազդարարել:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը խոստանում է լինել բավականին լարված, որի ժամանակ փորձ է արվելու որոշակի պարզաբանում մտցնել հակամարտության կարգավորման շուրջ առկա անորոշության մեջ և «սայլը տեղից շարժել», իսկ թե որ ուղղությամբ, պարզ կլինի միայն հանդիպումից հետո, գուցե և մի փոքր ավելի ուշ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: