ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 612,58 դրամ ԱՐԾԱԹ - 265,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 395,74 դրամ

Պետերբուրգյան հանդիպումն անցում էր դեպի քաղաքական կարգավորման գործընթաց

Հունիսի 20-ին Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը, որի հետ կապված հնչում էին տարաբնույթ գնահատականներ և մեկնաբանություններ: Հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը, սակայն որոշակի հստակություն մտցրեց հանդիպման և դրա ընթացքում քննարկված հարցերի հետ կապված:

Նախ պետք է արձանագրել, որ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի կողմից նախորդ՝ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին (մասնավորապես՝ միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման խնդրին), մյուս կողմից՝ հակամարտության քաղաքական կարգավորման առանձին տարրերին: Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերն ընդհանուր առմամբ կառուցողական գնահատեցին կայացած հանդիպումը: Հաշվի առնելով հանդիպման ընթացքում քննարկված հարցերը՝ թերևս կարելի է ենթադրել, որ պետերբուրգյան հանդիպումն, ըստ էության, անցումային էր՝ տանող դեպի քաղաքական կարգավորման գործընթաց, և առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կրկին Մոսկվայի նախաձեռնությամբ կազմակերպված նոր գագաթաժողովի հիմնական խնդիրը կլինի հենց հակամարտության կարգավորման տարրերի քննարկումը:

Նախագահների համատեղ հայտարարության մյուս կարևոր դրույթը թերևս հանդիպումների նման ձևաչափի ամրագրումն էր՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների աշխատանքի: Հաշվի առնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպման հետ կապված մյուս համանախագաների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ արձագանքներն, առնվազն չենք կարող բացառել, որ Մոսկվան ստացել է նրանց բացահայտ կամ լուռ համաձայնությունը: Այլ հարց է, թե արդյո՞ք նրանք կհաշտվեն Ռուսաստանի կողմից կարգավորման գործընթացի լիարժեք մոնոպոլիզացման հետ, ինչը հղի է ռիսկերով բոլոր կողմերի համար: Ինչպես կարելի է ենթադրել հունիսի 21-ին Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, Փարիզը և Վաշինգտոնը, կարծես, մտադիր չեն դուրս մնալ գործընթացից:

Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ ստեղծված ընդհանուր ֆոնին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը հերթական անգամ որդեգրել էր սադրիչ գործելաոճ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանի կողմից հանդիպման նախօրեին՝ հունիսի 19-ին, սկսած հնգօրյա լայնածավալ զորավարժություններին, որոնց մասնակցում է շուրջ 25 հազար զինծառայող և մեծ քանակությամբ զինտեխնիկա: Ըստ էության, այդ քայլը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի ռազմական հռետորաբանության հերթական դրսևորում, որը բանակցային գործընթացում կոչված է նպաստել ադրբեջանական կողմից առաջ մղվող այն թեզին, թե «պատերազմ չսկսեսլը ևս զիջում է»: Իրականում, այն իրեն վաղուց է սպառել, և հազիվ թե Բաքվի կազմակերպած զորավարժություններն էական ազդեցություն ունեցած լինեն հանդիպման տրամաբանության և ընթացքի վրա: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ նման սադրիչ քայլերը վկայում են ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական պահվածքի մասին, իսկ հայկական կողմի կառուցողականությունը, բնական է, սահման ունի, և Բաքվի նման գործելաոճի կրկնության դեպքում հաջորդ հանդիպումը կարող է ուղղակի տապալվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 28.97 կմ/ժ
3 C°
 
   
20.01.2018
-2°   
21.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: