ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային մամուլի անդրադարձը Հռոմի Պապի եռօրյա այցին

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն ու պարբերականները շարունակում են լայնորեն լուսաբանել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած եռօրյա այցը:

«Հռոմի պապն իր այցելության հիմնական նպատակներից է համարում տարածաշրջանում խաղաղության ու հաշտեցման գործընթացները սատարելն ու հանդես է գալիս որպես «խաղաղության պատգամաբեր՝ հաշտեցման ուղու վրա բոլոր ջանքերին աջակցելու ցանկությամբ»,- գրում է Focus.de գերմանական լրատվամիջոցը։

CNN հեռուստալիքը եթեր հեռարձակած տեսանյությում  նշում է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապը կրկին արտաբերեց Ցեղասպանություն եզրույթը և աղոթեց, որ նման ողբերգություններ այլևս երբեք չկրկնվեն: CNN-ը հիշեցնում է, որ Պապը գտնվում է մի երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:

«Ֆրանցիսկոս Պապը կաղոթի Ծիծեռնակաբերդում, որը Հայաստանում հայտնի է որպես Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, սակայն ուղևորության Վատիկանի պաշտոնական ծրագրում անվանվում է կոտորածների հուշահամալիր: Նա ստիպված է շգուշորեն քայլ անել այնտեղ», - գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Ամերիկյան Wall Street Journal-ը նշել է, որ Ցեղասպանության հուշահամալիր այցելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է վերապրածների ժառանգների հետ: Լրատվամիջոցը մեջբերել է Պապի գրառումը հուշամատյանում. «Թող այլևս երբեք չլինեն նման ողբերգություններ»:

Deutsche Welle-ն նշում է, որ Հռոմի Պապը չի վախեցել շարժել Անկարայի զայրույթը: «Պապը հաստատեց Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերի մասին անցյալ տարի հայտնած իր դիրքորոշումը և նորից դատապարտեց Ցեղասպանությունը: Պապը որոշեց ավելացնել այդ բառն իր ելույթի տեքստում՝ չնայած Անկարայի բողոքին: Դրանով Պապն անտեսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սպառնալիքները», ով 2015-ի ապրիլին հարգարժան Պապին սպառնալից ասել էր, թե ինքը հույս ունի, որ «նմանատիպ սխալներ այլևս երբեք չեն կրկնվի»,- նշում է պարբերականը:

Associated Press-ն իր հերթին անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած պատարագին՝ գրում է, որ Պապն իր այցի վերջին օրը Հայ Առաքելական եկեղեցու հետ միասնության կոչ հնչեցրեց: Գործակալությունը նկատում է, որ Էջմիածնում մատուցած բացօթյա պատարագի ընթացքում Սրբազան Քահանայապետն ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել էր եկեղեցական թեմաների շուրջ:

Ավստրիական Die Salzburger Nachrichten լրատվամիջոցն անդրադարձել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղոթքին ու նշել, որ «արարողությունն անց է կացվել Երևանի տոնականորեն զարդարված գեղեցիկ կենտրոնում՝ իր շուրջը հավաքելով Հայաստանի տարբեր քաղաքներից ու այլ երկրներից ժամանած բազմաթիվ հավատացյալների ու պարզապես զբոսաշրջիկների, որոնց բախտ է վիճակվել այս օրերին գտնվել Հայաստանում»։

Գերմանական Tagesspiegel-ը կարևորել էր նաև Հռոմի Պապի այցը Գյումրի: «Գյումրիում Հռոմի Պապի մատուցած պատարագը հատկապես մեծ իրադարձություն էր Հայաստանի հավատացյալների համար: Պապն իր աղոթքում հիշատակեց 1988-ի ավերիչ երկրաշարժը և քաղաքը, որը վերակենդանացել է»,- գրում է թերթը:

Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած եռօրյա այցին անդրադարձել են նաև այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «ABC News», «The Independent», «The New York Times», «Townhall», «Fox News», «Al Jazeera», «Daily Mail», «Voice of America» և այլ լրատվականներն են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: