ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանային զարգացումներն ու Ղարաբաղյան հակամարտությունը

Վերջին շաբաթվա զարգացումները, մասնավորապես՝ Ալիև-Պուտին-Ռուհանի, Պուտին-Էրդողան, Պուտին-Սարգսյան հանդիպումները վկայում են տարածաշրջանում ակտիվ քաղաքական գործընթացների զարգացման մասին։  Այդ գործընթացներն ուղղակի կամ անուղղակի անդրադարձ են ունենում նաև Ղարաբաղյան հակամարտության վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանում շահերի փոխկապակցվածությունն ու անվտանգային հարցերի կարևորությունը։

Ուստի, անդրադարձ կատարենք Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հանդիպումներից յուրաքնաչյուրից բխող ամենակարևոր գործոններին և տարածաշրջանային գործընթացների ազդեցությանը կարգավորման վրա։

Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակն ու Ղարաբաղյան հակամարտությունը

Ղարաբաղյան հակամարտությունն, անշուշտ, չի եղել այս երեք երկրների նախագահների հանդիպման օրակարգի առաջնային հարցերից մեկը։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է գործադրեր հնարավոր ջանքերն իր նախաձեռնությամբ այս բարձր մակարդակի հանդիպումից ղարաբաղյան համատեքստում դիվիդենտներ քաղելու համար։ Սակայն, ինչպես ականատես եղանք Բաքվում ՌԴ նախագահի արած հայտարարությունից և հանդիպման ամփոփիչ արձանագրությունից՝ Ալիևին չի հաջողվել բավարարել իր ակնկալիքները։ Պուտինը խոսեց երկու կողմերի համար ընդունելի և առանց հաղթողների ու պարտվողների կարգավորման կարևորության մասին, իսկ ամփոփիչ փաստաթուղթը որևէ կերպ չկարևորեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ուստի կարելի է եզրակացնել, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակի տնտեսական համագործակցության այս նոր ձևաչափը քաղաքական էական ազդեցություն չունի Ղարաբաղյան կարգավորման վրա, և Ադրբեջանին այս առումով ոչինչ չի խոստանում։

Միաժամանակ, առավել ևս հաշվի առնելով ապրիլյան պատերազմի դասերը, որոնք ցույց տվեցին, որ Բաքուն շարունակում է օրակարգում պահել հակամարտության ռազմական լուծման սցենարը՝ ռազմական նոր գործարքը ևս մեկ կաթիլ ավելացրեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ հայ հասարակության անհանգստություններին։  Սակայն, այստեղ նորություն, ըստ էության, չկար, ինչպես ասում են, բիզնեսը մնում է բիզնես, և ոչինչ այդ առումով չի փոխվել։

Թուրքիա-Ռուսաստան հաշտեցումն ու Ղարաբաղյան հակամարտությունը

Կարելի է ասել, որ ռուս-թուրքական ինչպես լարվածությունը, այնպես էլ հաշտեցումը մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ են պարունակում Հայաստանի համար։ Սակայն, եթե դիտարկենք Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի երկու կարևոր այդ դերակատարների միջև զգալիորեն կնվազեցնի տարածաշրջանային լարվածությունն ու կնվազեցնի անվտանգության սպառնալիքները։ Բավական է հիշել միայն Թուրքիայի բավական մեծ ուղղակի և անուղղակի դերակատարությունն ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայությամբ պայմանավորված Հայաստանին ուղղված սպառնալիքները։ Ուստի, Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորումը որոշակիորեն նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունն ու թուլացնում այս հարցում Բաքվին աջակցություն ցուցաբերելու Անկարայի դրդապատճառները։

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հնչած հայտարարությունները քննարկումների առարկա դարձրեցին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մեծացման, ընդհուպ մինչև միջնորդի դերում ներգրավվելու հավանականության հետ կապված մտավախությունները։ Սակայն, պետք է նշել, որ Թուրքիան մշտապես հանդիսացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և մշտապես որոշակի, հիմնականում՝ ապակառուցողական, իր ազդեցությունն է ունեցել հակամարտության վրա՝ աջակցելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը։ Ինչ վերաբերում է միջնորդի դերում վերջինիս հանդես գալուն, դա որպես սպառնալիք դիտարկելը տրամաբանական չէ, քանի որ միջնորդները սահմանվում են հակամարտության կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմերը, բնականաբար, երբևէ չեն տա իրենց համաձայնությունը։ Ուստի, ուղղակի միջնորդական առաքելություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիան ստանձնել չի կարող։

Դրա հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ հակամարտության վերջնական կարգավորումը ենթադրում է Հայաստանի և Արցախի լիարժեք ապաշրջափակում, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացում։ Թերևս, հաշվի առնելով այժմ ռուսական ակտիվ միջնորդությունը կարգավորման գործընթացում, ռուս-թուրքական մերձեցման ֆոնին պատահական չէր Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան կանի իրենից հասանելիքը կարգավորման գործընթացում։ Այս խոսքերն, առաջին հերթին, վերաբերում են Հայաստանի ապաշրջափակմանը։

Սարգսյան-Պուտին քննարկման արդյունքները

Երկու նախագահների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում ամրագրվեցին մի քանի կարևոր հանգամանքներ։ Ռուսաստանը չի կարող և չի փորձելու պաշտպանել հակամարտության կողմերից որևէ մեկին, դրա փոխարեն ջանքեր է գործադրելու, որպեսզի կողմերը հասնեն միմյանց համար ընդունելի լուծման։ Բացառվելու է այնպիսի լուծումը, որի դեպքում կողմերից մեկն իրենցպարտված կզգա, իսկ մյուսը՝ հաղթած։ Սա նշանակում է, որ միակողմանի և չհիմնավորված զիջումներ լինել չեն կարող։ Այդ մասին իր խոսքում նշեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը նաև ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է հարգվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ինչպես նաև պետք է պահպանվեն նախագահների նախորդ երկու՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Ուստի, որևէ փոփոխություն Հայաստանի դիրքորոշումը չի կրել։ Միակողմանի զիջումները բացառվում են, և պետք է հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ռուսաստանը կշարունակի իր ակտիվ միջնորդությունը հակամարտության կարգավորման բանակցություններում՝ ակնկալելով հստակ արդյունքներ։

 

Ամփոփելով, պետք է նշել, որ տարածաշրջանային այս զարգացումների արդյունքում զգալիորեն կարող է ամրապնվել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում, ինչը, որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, պետք է շահեկան լինի Հայաստանի համար և նպաստի վերջինիս դիրքի ամրապնդմանը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային այս զարգացումներն, անշուշտ, իրենց անուղղակի ազդեցությունն ունենում են գործընթացի վրա, սակայն էական օգուտ կամ վնաս վերջինիս, առնվազն այս պահի դրությամբ, չեն հասցնում։ Խաչաձև համագործակցությունների կառուցումն ու խորացումը մեծացնում է տարածաշրջանում անվտանգության կարևորությունը բոլոր դերակատարների համար, ուստի առնվազն այս հարցում այս զարգացումները կարելի է դրական համարել։ Բացի այդ, ակնհայտ է նաև, որ, չնայած տնտեսական մի շարք ծրագրերում Բաքվի մեծ դերին, Ղարաբաղյան համատեքստում վերջինիս առավելապաշտությունը չի բավարարվում։ Կարգավորման գործընթացը գտնվում է բավական ակտիվ փուլում, և բոլոր կողմերը, այդ թվում՝ միջնորդները չափազանց զգույշ են իրենց բոլոր քայլերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: