ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի «նոր տնտեսական նորմալությունը»

fshoke.com

Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր եզրույթ՝ «նոր տնտեսական նորմալություն»: Բանն այն է, որ 2013թ. հոկտեմբերին կայացած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստին ՉԺՀ ղեկավարությունը ներկայացրեց երկրի զարգացման նոր սկզբունքները, որոնք ստացան «նոր տնտեսական նորմա» անվանումը: Եվ Չինաստանը համակարգված ու նպատակային կերպով ստեղծում է դրա հիմքը: Վերջին տարիներին մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ աշխարհը թևակոխում է մի նոր փուլ՝ մոտենալով նոր տնտեսական, դրանից էլ բխող՝ քաղաքական, իրականությանը:

Ըստ էության, «նոր տնտեսական նորմալությունը» ողջ աշխարհը չինական ձևով բարեփոխելու և յուրացնելու բավականին հստակ ու կոնկրետ ծրագիր է: Այն ենթադրում է չինական կապիտալի արտահանման անցում համաշխարհային շուկայում իրական ակտիվների, նոր գլոբալ ֆինանսական համակարգի ստեղծում չինական յուանի, որպես կարևորագույն համաշխարհային արժույթներից մեկի, անմիջական մասնակցությամբ, ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի և այլ արևմտյան ֆինանսական ինստիտուտների արժեթղթերի գնման ծավալների կրճատում, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների դերի իջեցում, երկրի տնտեսական զարգացման վերակողմնորոշում արտահանումից դեպի ներքին շուկա, պետական բանկերի վճռորոշ դերի պահպանում, «Մեկ գոտի, մեկ ուղի» ենթակառուցվածքային նախագծի զարգացում ողջ աշխարհով:

Սակայն այստեղ խոսքը չի գնում չինական տնտեսական էքսպանսիայի նոր փուլի մասին, քանի որ այդ ծրագրերից շատերը հայտնվել են այն պատճառով, որ անհրաժեշտ էր գտնել Չինաստանում գտնվող ոչ բավարար չափով պահանջված ու նույնիսկ ավելցուկային ֆինանսային և արտադրական հզորությունների համար արդյունավետ կիրառում: Սա է նոր իրականությունը՝ «նոր տնտեսական նորմալությունը»: Եվ փաստն այն է, որ Չինաստանը կառուցում է աշխարհի նոր ենթակառուցվածքը՝ թե բառիս բուն իմաստով, թե՝ փոխաբերական:

Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների անկման ֆոնին չինական ներդրումները Եվրոպայում թռիչքաձև աճել են՝ հասնելով 18 մլրդ դոլարի, իսկ երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի քան 615 մլրդ դոլար է: Չինաստանը ցանկանում է վերականգնել բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, և Brexit-ի ֆոնին չինական ներդրումներն ուղղակի փրկօղակ կլինեն եվրոպացիների համար: Պեկինը մտադիր է նաև առանձին հարաբերություններ զարգացնել Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ կա չինական ներդրումների զգալի ներկայություն և որը, ի դեպ, չինացիները դիտարկում են որպես Նոր մետաքսի ճնապարհի վերջին կետ:

Ենթակառուցվածքային նախագծերում Չինաստանի մասնակցության մասշտաբներն ուղղակի ապշեցնում են: Այսպես, ՉԺՀ-ն 42 մլրդ դոլար ներդնում է Պակիստանում Կաշգար-Գվադար բարձր արագության երկաթուղու շինարարության մեջ, Հարավարևելյան Ասիայում կառուցում է բարձր արագության երկաթուղիների ցանց, որոնք կմիացնեն Չինաստանը Լաոսի, Մյանմարի, Թայլանդի, Վիետնամի և Սինգապուրի հետ, իսկ արևմտյան ուղղությամբ կառուցվում է Չինաստան-Իրան բարձր արագության երկաթուղի Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքով՝ մինչև Պարսից ծոց այն երկարացնելու հեռանկարով:

Չինաստանն ակտիվ է նաև Աֆրիկայում՝ օգնելով կառուցել ավտոմայրուղիներ և երկաթուղիներ, որոնք կկապեն Աֆրիկյան Միության 54 երկրները միմյանց հետ: Չինացիներն այստեղ ներդրումներ են կատարում նաև գյուղատնտեսության, արդյունաբերության բնագավառներում: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն Արևմուտքի, չինացիներն այստեղ ընդհանրապես չեն մտնում ներքին քաղաքականության մեջ և, ի պատասխան դրան, չինական օգնություն ստացողները նրանց պատասխան ծառայություն են մատուցում: Օրինակ, Ջիբութին Չինաստանին թույլ է տվել իր առաջին արտասահմանյան ռազմածովային բազան կառուցել Բաբ-էլ-Մանդեպի նեղուցի ափին, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի և Եվրոպայի միջև ծովային փոխադրումների հիմնական ուղու վրա:

Ամերիկյան մայրցամաքում Չինաստանն իրականացնում է գլոբալ ռազմավարական նշանակության մի նախագիծ: Դա Նիկարագուայի ջրանցքի կառուցումն է (երկարությունը կլինի մոտ 280կմ, խորությունը՝ 27կմ, լայնությունը՝ 226-530մ, կծախսվի մոտ 40մլրդ դոլար), որը կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները Նիկարագուայի լճի միջով: Երբ այն սկսի գործել, այն իր վրա կվերցնի ծովային բեռնափոխադրումների միջազգային շրջանառության 3,9%-ը: Բացի այդ, Չինաստանը մտադիր է 10 տարվա ընթացքում հատկացնել մոտ 250մլրդ դոլար Պերուում և Բրազիլիայում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ ամբարտակների կառուցում, հանքավայրերի մշակում, գետերի յուրացում և ողջ Հարավային Ամերիկայով 5311կմ երկարությամբ բարձր արագության երկաթուղու կառուցում:

Մյուս ռազմավարական նշանակության ջրանցքը կառուցվում է Թայլանդում, Կրա պարանոցով, որի երկարությունը կլինի 100կմ, իսկ խորությունը՝ 26մ: Կրայի ջրանցքը Չինաստանին թույլ կտա վերահսկողություն տակ վերցնել աշխարհի նավթային ծովային փոխադրումների 1/3-ը և բոլոր բեռնափոխադրումների 1/4-ը:

Հատկանշական է, որ չինացիները սկսել են մեծ արագությամբ ակտիվներ գնել ԱՄՆ տարածքում: Եթե 2009-ին այդ նպատակի համար ծախսվել է 100մլն դոլար, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում՝ 5մլրդ:

Իսկ վերջում նշենք, որ անցյալ ամիս Չինաստանի Հուբեյ նահանգի Ծինճոու քաղաքում բացվել է պատերազմի և հարստության աստված Գուան Յույի 59 մետրանոց արձանը, որը պատված է բրոնզով և կշռում է 1200 տոննա: Գիտենալով այն, որ չինացիները խորհրդանշաններին շատ մեծ ուշադրություն են դարձնում և ոչինչ հենց այնպես չեն անում, այս հսկայական արձանի բացումը մտածելու տեղիք է տալիս…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: