ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ վերջնագիրը Գերմանիային սպառնում է ԻՊ դեմ պայքարին

irdc.ir

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի շուրջ կրքերը Թուրքիայում չեն հանդարտվում, ինչի հետևանքով էլ թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության նոր դրսևորումներ են արձանագրվում: 

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից ընդամենը երկու շաբաթ հետո Թուրքիան արգելեց Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ այցն «անտեղի» համարելով. «Ինջիրլիք բազա այցելել ցանկացող զինվորականների և տեխնիկների խմբերը կարող են ազատ ժամանել այնտեղ: Սակայն այս առնչությամբ անտեղի ենք համարում բազա այցը ոչ զինվորական կազմակերպությունների և քաղաքական գործիչների կողմից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Եթե ընդամենը ամիսներ առաջ գերմանացի խորհրդականների այցը մերժվում էր «անտեղի» լինելու պատճառով, ապա կարճ ժամանակ հետո թուրքական իշխանությունները սկսեցին վերջնագիր ներկայացնել Գերմանիային, այն է ՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց` Գերմանիայի կառավարությունից պահանջվում է հայտարարել, որ հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն իրավական հետևանքներ չի ունենա: 

Սակայն հարկ է նշել, որ այս անգամ Թուրքիայի առաջ քաշած շանտաժի քաղաքականությունն անմիջապես արժանացավ լուրջ դիմադրության: Գերմանիայի կառավարությունն, այս խնդիրների միջև որևէ կապ չտեսնելով, իր հերթին,  սկսեց սպառնալ, որ Բունդեսվերը կհրաժարվի Իսլամական պետության դեմ պայքարոմ «Ինջիրլիքի» բազան օգտագործելուց, եթե պաշտոնական Անկարան շարունակի խոչընդոտել Բունդեսթագի պատգամավորների այցն «Ինջիրլիք»:

Ավելին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ Դաշնային խորհրդարանը երկարացնի Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորականների ծառայության ժամկետը, ապա Գերմանիան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե ինչ վիճակում են իր զինվորները: Հակառակ դեպքում գերմանացի պատգամավորները չեն երկարացնի ժամկետը, որը սպառվում է 2016թ. դեկտեմբերին:

Հարկ է նշել, որ Գերմանիայում ռազմական առաքելություններն  ուսումնասիրության են ենթարկվում խորհրդարանի կողմից. Բունդեսթագը պարբերաբար իր պաշտպանության կոմիտեի անդամներին  ուղարկում է հետևելու դաշտային գործողություններին:

«Գերմանական բանակը խորհրդարանական բանակ է:  Եվ մենք ենք որոշում, թե արդյոք Բունդեսթագը պետք է մանդատ շնորհի, թե ոչ, ինչի պատճառով էլ մեզ համար կարևոր է կայացնել այնպիսի որոշում, որը հիմնված կլինի մեր սեփական դիտարկումների վրա, այլընտրանք չկա»,- ասել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռայներ Առնոլդը:

Այցելությունների ընթացքում պատգամավորները հետազոտում են սարքավորումները, խոսում են զինվորների հետ, ստուգում աշխատանքային պայմանները և դիտարկում դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը, որից հետո զինվորների բոլոր բողոքները ներկայացվում են համապատասխան մարմիններում: Ուստի Բունդեսթագը չի կարող երկարացնել որևէ ռազմական մանդատ, եթե հնարավորություն չունենա այցելելու իր զինվորներին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը՝ Գերմանիան դեռևս ցանկանում է շարունակել ԻՊ դեմ պայքարը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից, սակայն այն նաև այլընտրանք ունի:

«Ռոյթերս» լրատվական գործակալության համաձայն՝ ներկայումս Գերմանիայի զինված ուժերում քննարկում են Tornado հետախուզական ինքնաթիռները, 1 բեռնատար-լիցքավորող ինքնաթիռը, ինչպես նաև 250 գերմանացի զինծառայողներին Հորդանան կամ Կիպրոս տեղափոխելու հարցն, ինչի պատճառով էլ ԻՊ դեմ պայքարը մոտ 2 ամսով կարող է դադարեցվել...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    28°  17° 
    02.05.2024
    21°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: