ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ կառավարությունը պետք է մեծացնի իր ներգրավվածությունը տնտեսության կառավարման մեջ. փորձագետներ

ՀՀ կառավարությունը պետք է էլ ավելի մեծ ներգրավում ունենա երկրի տնտեսության կառավարման մեջ, այդ թվում՝ մեծացնելով լրիվ և մասնակի պետական ձեռնարկությունների քանակը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի կարծիքով տնտեսության կառավարման գործընթացում պետության մասնակցության մեծացումը հնարավորություն կտա ընդլայնել կոոպերացիան ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների հետ և զարգացնել վերջին տարիների ընթացքում անկում ապրած տնտեսության ճյուղերը, այդ թվում՝ գիտությունը, ինժեներական ուղղությունները և այլն: «Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների բախման կետ»,- ընդգծել է Սաֆարյանը՝ նշելով, որ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունները չպետք է անդրադառնան Հայաստանի վրա: Նրա համոզմամբ, տնտեսության տարբեր ճյուղերը, գիտությունը պետք է զարգանան այլ երկրների մասնավորապես՝ առաջին հերթին, Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի  հետ սերտ համագործակցությամբ:

Եվրասիական փորձագիտական ակումբը երկու հետազոտություն է կատարել ինտեգրացիոն գործընթացների ներքո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ, որոնց արդյունքները ներկայացվել են soyuzinfo.am կայքում:  Սաֆարյանի խոսքով, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կիսում են այն մոտեցումը, որ վառելիքի՝ նավթի և գազի, առքուվաճառքը ԵԱՏՄ շրջանակներում պետք է հնարավորինս շուտ սկսի իրականացվել ազգային արժույթներով: Նա նաև կարևորել է տարածաշրջանում Հայաստանի տնտեսական գրավչության մեծացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Իրան-Հայաստան սահմանին ազատ առևտրի գոտու ձևավորումը: «Եթե այս կետը ստեղծվի, սա ևս մեկ կարևոր փաստարկ կծառայի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար»,- ասել է Սաֆարյանը:

Փորձագիտական ակումբի անունից, Արամ Սաֆարյանը համոզվածություն է հայտնել, որ «Հայաստանում այսօր ճգնաժամի, տնտեսության ճահճացման, աննպաստ միտումների ֆոնի վրա միանգամայն հնարավոր է արդյունաբերական նոր ճյուղերի զարգացումը ոչ միայն գյուղատնտեսության մթերքի մշակման և վերամշակման, այլև այնպիսի ոլորտներում, ինչպես բարձր տեխնոլոգիաները, սարքաշինությունը և հատկապես ռազմաարդյունաբերական համալիրը»:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ, թե՛ հարևան և այլն երկրների հետ: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության հիմնական նպատակը պետք է լինի արտահանման աճի ապահովումը, ներքին շուկայի գրավումը և զբաղվածության աճի ապահովումը: Արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է լինի 30%, ասել է նա:

Թավադյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ընձեռում է անհրաժեշտ պայմանները ՀՀ արտահանման աճի համար, բայց գրանցված արդյունքները դեռևս բավարար չեն: «Շեշտը պետք է դրվի պատրաստի արտադրանքի, կամ առնվազն կիսաֆաբրիկատների արտահանման վրա»,- ասել է Թավադյանը՝ պարզաբանելով, որ դա մի կողմից կապահովի անհրաժեշտ աշխատատեղեր, մյուս կողմից՝ կխթանի տնտեսության գիտատար ճյուղերի զարգացումը: Երկրի արտահաման աճի և ներդրումների գրավման տեսակետից նա հատուկ ուշադրություն է դարձրել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների թեկանծու Աշոտ Թևիկյանն ընդգծել է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7 տոկոսով ի հաշիվ արտահանման և արդյունաբերության աճի: Ըստ կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճը մինչև տարվա վերջ կկազմի 2.5%: «Ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն էր, որ մեզ պետք է հզոր Հայաստան, որը բացի մեզանից, ոչ ոք չի կառուցի»,- շեշտել է Թևիկյանը՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթությունները պետք է լինեն գիտության վերածնունդը, տեխնոլոգիական արտադրանքի վերականգնումը, ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը և զարգացումը: 

Թևիկյանը նաև առաջարկում է ստեղծել մի կազմակերպություն, որը ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ կապահովի հասարակական մոբիլիզացիան՝ զարգացման արդիական մոդելին անցում կատարելու համար: Բացի այդ, արդյունաբերության զարգացման համար տնտեսագետն առաջարկել է կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ և վերստեղծել Արդյունաբերության նախարարությունը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: