Ստեփանակերտում ԵԽ տեղեկատվական կենտրոնի հիմնումը, կարծում եմ, լուծելի խնդիր է. FIDH փոխնախագահ (ԲԱՑԱՌԻԿ)
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 39-րդ համագումարի ժամանակ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանն ընտրվել է կառույցի փոխնախագահ: Համագումարի ժամանակ ընդունված հռչակագրերից մեկում անդրադարձ կա նաև իրադրությանն Արցախում: Ընդունված հռչակագրի նշանակության, ինչպես նաև FIDH-ի փոխնախագահի պաշտոնում նախատեսվող գործողությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ:
- Պարոն Կիրակոսյան, ի՞նչ նշանակություն ունի Հռչակագիրը կամ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
- Այս հռչակագիրը նաև աշխատանքային ուղղություն է Ֆեդերացիայի համար վիճելի սուբյեկտներում մարդու իրավունքների խնդիրների շուրջ: Համագումարի ժամանակ, որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծվեց չճանաչված կոնֆլիկտային գոտիներում աշխատանքի անհրաժեշտությունը, որովհետև այսօր, ըստ էության, շուրջ 4,5 միլիոն մարդ ապրում է այնպիսի իրավիճակում, երբ մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքն ամբողջովին չի աշխատում:
- Ի՞նչ մեխանիզմներ կարող են լինել ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
- Առաջին հերթին, պետք է գործեն տեղական մեխանիզմները: Մենք արդեն նոր օմբուդսմեն ունենք, և կարծում եմ՝ նա՝ որպես մասնագետ, ավելի արդյունավետ աշխատանք կծավալի:
Երկրորդ՝ ԼՂՀ-ն՝ որպես պետություն, միակողմանիորեն միացել է ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի մի շարք կարևորագույն կոնվենցիաների, և շատ կարևոր է, որ դրանք իսկապես ի կատար ածվեն, պետության կողմից դրանք գործի դնելու մեխանիզմներ մշակվեն: Այդպիսին, օրինակ, կարող են լինել ԼՂՀ-ի կողմից հրապարակային հաշվետվությունները ՀՀ-ի նմանությամբ: Եվրոպական դատարանի հետ աշխատելու որոշակի հնարավորություն ևս կա:
Մեր կարծիքով պետք է աշխատանք տարվի երկու կողմից: Առաջինը՝ ԼՂՀ իշխանությունների կողմից: Ստանձնելով այդ պարտավորությունները՝ անգամ չճանաչված պետությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես սուբյեկտ, որն ընդունակ է և կարող է միջազգային տարբեր նորմեր պահպանել:
Իսկ մյուս կողմից պետք է աշխատի նաև միջազգային հանրությունը, աչք չփակի կոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների խնդիրների վրա և աշխատի գործող իշխանությունների հետ:
- Հնարավոր մեխանիզմների շարքում դիտարկվո՞ւմ է արդյոք ԼՂՀ-ում ԵԽ ներկայացուցչության հիմնումը:
- Ես անձամբ խոսել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ: Սա ևս պետք է երկկողմանի գործընթաց լինի: Քննարկումներ եղել են նաև ԼՂՀ Արտգործնախարարության, մարդու իրավունքների պաշտպանի հետ, որ որպես առաջին քայլ լինի Ստեփանակերտում ԵԽ տեղեկատվական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա ծանոթանալու ԵԽ գործունեության, փաստաթղթերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետ և այլն: ԵԽ-ում սա ավելի շատ որպես տեխնիկական խնդիր էին ընկալում:
Կարծում եմ, որ սա լուծելի խնդիր է: ԼՂՀ իշխանությունները և հասարակությունը առաջին հերթին պետք է շահագրգռվածություն ցուցաբերեն նման տեղեկատվական կենտրոնի բացման հարցում: Չմոռանանք նաև, որ ՀՀ-ում ևս ԵԽ գրասենյակը հիմնվել է տեղեկատվական կենտրոնի հիմքի վրա: Նույնը կարելի է փորձել անել ԼՂՀ-ում: Արդյունավետ կլինի նաև ԵՄ-ի մասին տեղեկատվության տարածումը, համանման տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Պետք է հող նախապատրաստել հետագա հարաբերությունների կառուցման համար:
- Որքանո՞վ են ԼՂՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտները ներգրավված միջազգային կազմակերպությունների ծրագրերում, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել նրանց ներգրավվածությունը մեծացնելու համար:
- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոչերից մեկը, որն արտացոլված էր նաև ընդունված հռչակագրում, այն է, որ միջազգային հանրությունն աշխատի տեղական հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների հետ: Այդ մասնակցությունն այսօր շատ քիչ է: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ևս ջանքեր գործադրում է տարբեր ծրագրերում Ղարաբաղի գործընկերներին ներգրավելու համար:
Բայց այստեղ մեկ այլ խնդիր ևս կա: Չի կարելի հույս դնել միայն միջազգային հանրության վրա: Արդեն վաղուց հասունացած խնդիր է այն, որ լինեն Ղարաբաղի քաղհասարակության աջակցության ֆոնդեր նաև Հայաստանում: «Մեկ ազգ, երկու պետություն» սխեմայի մեջ չպետք է լինի «մեկ ազգ, երկու հասարակություն» երևույթը. ամեն ինչ պետք է անել Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունների ներդաշնակեցման համար:
- Ի՞նչ անելիքներ եք տեսնում Ձեզ համար Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:
- Պատասխանատվությունս մեծացել է ամբողջ տարածաշրջանի համար, հիմնականում հետխորհրդային երկրների մասով: Կփորձեմ աջակցել Թուրքիայի մեր գործընկերներին, իրավապաշտպաններին՝ հաշվի առնելով այնտեղ տիրող ծանր վիճակը:
Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը հենց կոնֆլիկտային գոտիներն են և այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
Քայլեր պիտի արվեն նաև պատերազմական իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության խնդիրների հարցում, որովհետև այն արձագանքը, որ մենք ունեցանք ապրիլյան դեպքերի հետ կապված միջազգային հանրության կողմից պատերազմական հանցագործությունների մասով, շատ թույլ էր:
Հավելենք, որ FIDH-ի 39-րդ համագումարի ժամանակ ժամանակ ընդունվել է 26 հռչակագիր` ներառյալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավապաշտպանների իրավիճակի մասին հրատապ հռչակագիրը, որում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ կա նաև իրադրությանը ԼՂՀ-ում:
Հռչակագրում մասնավորապես ասվում է, որ այնպիսի վիճելի սուբյեկտներում, ինչպիսիք են Ղրիմը, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը, մարդու իրավունքների խախտման համար իրավական պաշտպանության միջազգային մեխանիզմներին հասանելիությունը լրջորեն դժվարացված է:
«Նաև «սառեցված հակամարտություններ» կոչված այս սուբյեկտներից որոշները զինված մշտական ընդհարումների գոտի են, ինչպես Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլին: Չնայած իրադրությունը շարունակում է լարված մնալ մինչ օրս, գոյություն չունեն անկախ մեխանիզմներ մարդու իրավունքների, ներառյալ` իրավապաշտպանների իրավունքների խախտումների մշտադիտարկման համար: Բացի այդ, 2016թ. ապրիլին զինված ընդհարման էսկալացիայի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել և դրանց համար պատասխանատու անձինք արդարադատության առջև չեն կանգնել»,- շեշտվում է Հռչակագրում:
Ստորև ներկայացված է Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո տիրող իրավիճակի վերաբերյալ FIDH-ի իրավիճակի գնահատումը:
Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին երեսուն տարիների ընթացքում տարածաշրջանի առավել աղետալի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը, շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016 թվականի ապրիլին բռնության էսկալացիայից հետո, որը ամենաթեժն էր 1994 թվականի հրադադարից հետո, ինչպես նաև 2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև Վիեննայում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտումների և խաղաղության հասնելու գործում առաջընթաց չարձանագրելու համար:
2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում (Հարավային Կովկաս) և դրա շուրջ մարտական գործողությունների նոր ալիքը մի քանի տասնյակ մարդկային կորուստների պատճառ դարձավ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ հաստատել անկախ աղբյուրներից: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-5-ը 92 անձ է սպանվել, ներառյալ` 4 քաղաքացիական անձինք: Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ անհայտ կորած սպայի մահվան փաստը, և զոհերի թիվը հասավ 93-ի: Ադրբեջանական կողմը հաղորդել է նույն ժամանակահատվածում 6 քաղաքացիական անձանց և 31 զինվորական ծառայողների սպանված լինելու մասին:
2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բռնի գործողությունների այս լուրջ ակտիվացումն առաջինը չէր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կազմավորման և Ադրբեջանի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրից հետո: Քանի որ դրան չհաջորդեց հակամարտության խաղաղ կարգավորումը, և՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը տարիների ընթացքում աճեց: 2014-2015 թվականներին ամեն օր տեղի են ունեցել գնդակոծություններ և բռնի գործողություններ՝ իրավիճակի մի քանի լուրջ սրացումներով, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ զինծառայողներ, վիրավորվեցին կամ սպանվեցին քաղաքացիական անձինք, վնասվեց քաղաքացիական անձանց պատկանող գույքը: Ըստ հրապարակված տվյալների, անցած տարվա ընթացքում քաղաքացիական զոհերը հիմնականում եղել են հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի գնդակոծության պատճառով, մինչդեռ մարտական կորուստները հիմնականում գրանցվում են Լեռնային Ղարաբաղի սահմանին:
Չնայած լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մշտական վտանգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինման՝ մտահոգություններ առաջացնող մրցավազքին, հակամարտությունը շարունակում է միջազգային հանրության մոտ սահմանափակ հետաքրքրություն առաջացնել: Այս գործոնը, ինչպես նաև հրադադարի պահպանման մշտական մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունը և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի վերաբերյալ քննության չիրականացումը հանգեցրեցին նրան, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին տեղի ունեցավ ռազմական գործողությունների նոր բռնկում: Ապրիլի 5-ին ձեռքբերված և 2016 թվականի մայիսին Վիեննայում վերահաստատված հրադադարի պահպանման մասին բանավոր պայմանավորվածությունը, ինչպես հաղորդվում է, երկու կողմերն էլ ամեն օր խախտում են՝ իրավիճակը դարձնելով առավել անկայուն: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Պաշտպանության նախարարության հաղորդած և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով առնվազն 17 ԼՂ դե ֆակտո զինծառայող է սպանվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ապրիլի 5-ից հետո ԼՂ շփման գծում առնվազն 5 զինծառայողի մահվան մասին: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա վտանգ կա, որ հակամարտությունը կդառնա լայնածավալ՝ հանգեցնելով նոր քաղաքացիական կորուստների և Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների՝ միևնույն ժամանակ սրելով տարածաշրջանում չափազանց անկայուն իրավիճակը:
Միջազգային անկախ դիտարկման բացակայության պատճառով կա հավաստի աղբյուրների պակաս, ինչի հետևանքով ասեկոսեներ և քարոզչություն է տարածվում զոհերի թվի և կարգավիճակի մասին: FIDH-ը բազմակողմանիորեն ուսումնասիրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական աղբյուրները և, հիմնվելով երկու կողմերի հաստատած թվերի և փաստերի վրա, ճշգրիտ է համարում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի կողմից քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորման դեպքերի մասին տեղեկատվությունը:
Հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա
Քաղաքացիական զոհերի և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորման մասին հաղորդումներն փաստում են այնպիսի իրավիճակի մասին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է որակվել որպես անհամաչափ և անօրինական հարձակում: Այս մտահոգությունները հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից՝ 2016 թվականի հունիսի 13-ի ելույթում:
Ադրբեջանական կողմը հաղորդել է, որ հարձակումների արդյունքում լուրջ վնաս է պատճառվել մասնավոր սեփականությանը և հանրային ենթակառուցվածքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 232 մասնավոր տուն, 99 էլեկտրական սյուն, 3 էլեկտրաենթակայան, ջրատար և գազատար խողովակաշարերի նշանակալի հատվածներ ոչնչացվել են: Հաղորդվում է, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական հաստատություններ, այդ թվում`պաշտամունքի վայրեր:
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները, որոնք ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը, նույնպես հաղորդել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց հասցված էական վնասների մասին, որը հանգեցրել է քաղաքացիական անձանց զանգվածային տեղահանման Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը հաղորդել է ռազմական էսկալացիայի արդյունքում որպես տուժող ճանաչված 550 քաղաքացիների մասին: Երկու կողմերն էլ հաղորդել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թվում կան երեխաներ, ինչպես նաև՝ վիրավորների, այդ թվում՝ վիրավորված երեխաների մասին: Հաշվի առնելով շարունակական հրետակոծությունների պատճառով ձգձգվող անկայուն իրավիճակը և սեփականությանը հասցվող վնասները՝ շատերը շարունակում են մնալ տեղահանված: 2016 թվականի. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև գնալով ավելի մեծ թվով տեղահանված անձինք են վերադառնում իրենց բնակության վայրեր, սակայն ՄԱԿ-ը շարունակում է օգնություն տրամադրել առնվազն 1429 անձանց, ովքեր շարունակում են տեղահանված մնալ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղից: Տեղահանված համայնքներին անհրաժեշտ է մարդասիրական պաշտպանություն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր:
FIDH-ը հիշեցնում է, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է խուսափեն ռազմական էսկալացիայից: Ցանկացած դեպքում և անկախ այն հանգամանքից, որ այդ տարածքի կարգավիճակը ճանաչված չէ կամ որ առկա է շարունակվող զինված ընդհարում, բոլոր կողմերը պետք է մշտապես տարբերակում դնեն քաղաքացիական անձանց և կոմբատանտների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը և նրանց սեփականությունը պաշտպանեն հարձակումներից: Մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելը բացարձակապես և անվերապահորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի թե՛ պայմանագրային, թե՛ սովորութային նորմերով:
Վերաբերմունքը քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց (hors de combat) և մահացածների նկատմամբ
Հրապարակված որոշ մարդկային կորուստներ հնարավոր է, որ տեղի ունեցած լինեն կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու և զինված հարձակման հետևանքները քաղաքացիական բնակչության համար ճիշտ չգնահատելու պատճառով, այդուհանդերձ, ըստ հրապարակված տվյալների, Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի առնվազն երեք տարեց քաղաքացիական անձինք կանխամտածված սպանվել են և նրանց մարմինները խեղվել են, երբ ադրբեջանական զորքերը մտել են գյուղ և վերահսկողության տակ վերցրել այն: Վերը նշված երեք քաղաքացիական անձանց ականջները կտրվել են: Խաղաղ բնակիչների սպանությունն արգելված է ինչպես Ժնևի կոնվենցիաներով, այնպես էլ Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերով: Քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց կամայականորեն կյանքից զրկելն արգելված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերով, և այս արգելքը վերապահումներ թույլ չի տալիս, հետևաբար կիրառելի է բոլոր ժամանակներում:
2016 թվականի ապրիլի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական զինված ուժերը գլխատել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին, ով սպանվել է մարտի ժամանակ: Ավելի ուշ, նրա կտրված գլխի նկարները և տեսանյութը հայտնվեցին սոցիալական ցանցերում: Երևում էր, որ զինվորները և քաղաքացիական անձինք նրա գլուխը վեր էին պարզել՝ որպես ռազմական ավար և հաղթական գործողության ապացույց: Հետագայում հաղորդվեց ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի երկու այլ գլխատված զինվորների մասին: Բոլոր երեք դեպքերում ընտանիքները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի, Քյարամ Սլոյանի գլուխը վերադարձվել է և հուղարկավորվել նրա մարմնի կողքին, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել մյուս երկու զինվորների գլուխները վերադարձնելու ուղղությամբ: Բացի ազգային և միջազգային իրավունքով բացարձակապես արգելված լինելուց, նման անմարդկային վերաբերմունքը միայն ամրապնդում է ազգամիջյան ատելությունը և նպաստում է ընդհարման հետագա էսկալացիային:
2016 թվականի ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 20-ին Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ կողմերը միմյանց հանձնեցին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները: ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնվազն 18 զինծառայողի մարմին է վերադարձվել հայկական կողմին: Հաղորդվել է, որ հանձման պահին մարմինները եղել են խեղված։ Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու խեղման մասին հաղորդումները, ինչպես նաև՝ արդյո՞ք նրանք խոշտանգման են ենթարկվել կենդանության օրոք: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են հայկական ուժերի կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանցի սպանված զինվորի մարմինը: Հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու այս հաղորդումները, և ոչ էլ ԿԽՄԿ է հրապարակավ հաստատել այս տեղեկությունները:
Զինված ընդհարման ժամանակ ակտիվորեն տարածվող չստուգված և ոչ հավաստի տեղեկատվությունն էլ ավելի է սրում իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ միջազգային մոնիթորինգ և հետաքննություն է անհրաժեշտ:
Եթե այս հաղորդումները ճշգրիտ են և կհաստատվեն, ապա դրանք վկայում են պատերազմական հանցագործությունների մասին։ Խոշտանգումը, վատ վերաբերմունքը և մահացածների մարմինների խեղումը խստիվ արգելված է և՛ միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրային, և՛ սովորութային նորմերով: FIDH-ը հորդորում է երկու կողմերին նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրականացնել անկողմնակալ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համագործակցել միջազգային միջնորդների հետ՝ զինծառայողների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու նպատակով:
FIDH-ն ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերին կոչ է անում.
հարգել և կիրառել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը,
լիարժեք ապահովել ընդհարումից տուժած մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքը,
պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պատասխանատուներին և պայքարել անպատժելիության դեմ,
հարգել 1994 թվականի հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից, չխրախուսել այն, վերջ դնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին,
զերծ մնալ ատելություն և պատերազմ քարոզելուց,
հակամարտության գոտում թույլատրել անկախ փաստահավաք առաքելության իրականացումը և առաքելության խմբի անդամների համար ապահովել ընդհարումից տուժած վայրերի և մարդկանց լիարժեք հասանելիություն։
FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին վավերացնել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից երկու Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.):
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ