ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախության 25 ամյակ. նշանակում է, որ բոլորը պետք է իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեն

www.armedia.am

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանի հետՀայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համատեղ հնարավոր գործողությունների մասին: 

 

- Այս օրերին տոնում ենք Հայաստանի անկախության 25 ամյակը: Հայության ճակատագրում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. Արցախը ազատագրվեց, սփյուռքահայությունը կարողացավ ավելի սերտացնել հարաբերությունները մայր հայրենիքի հետ: Ի՞նչ կասեք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անելիքների մասին:

- Ինչպես որ մարդու համար է 25 տարեկանը բավականին լուրջ սահման, որից հետո նա մտնում է հասուն կյանք, այնպես էլ 25 տարին լուրջ ժամանակաշրջան է պետության համար: Բնական է, որ այս ընթացքում եղել են ձեռքբերումներ և բացթողումներ: Եթե խոսում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, ապա կարելի է ասել, որ, այո՛, մեր հաջողությունները որոշակի իմաստով պայմանավորված են հենց այս հանգամանքով: Այսինքն, եթե մենք այսօր ունենք ազատ Արցախ, որը հայության համար այս 25 տարիների հիմնական ձեռքբերումն էր, միանշանակ է, որ կա այդ եռամիասնությունը: Արցախը ազատ չէր լինի, եթե նրա հետևում կանգնած չլիներ Հայաստանը, իսկ Հայաստանին էլ բավականին օգնեց Սփյուռքի օժանդակությունը: Արդյունքում 25 տարվա ընթացքում ունեցանք պետականություն, բանակ, տնտեսություն, չնայած թույլ զարգացող, բայց ունենք:

Այս բոլորի հետևում կարող ենք տեսնել եռամիասնության ազդեցությունը, որովհետև գիտենք սփյուռքի և՛ ներդրումների մասին այն ծանր տարիներին՝ 1990-ականների սկզբին, և՛ դրանից հետո, թե՛ սփյուռքահայ կազմակերպությունների, թե՛ Սփյուռքի տարբեր գործիչների կողմից: Նույնն էլ Արցախի մասով, բոլորին հայտնի են, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի ծրագրերը: Մյուս կողմից կարող ենք ասել, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ: Եթե խոսում ենք Արցախի մասին, ապա Արցախի հարցը վերջնական կարգավորված չէ, և աշխատանքներ են տարվում Արցախի պետականության ճանաչման ուղղությամբ, ինչը շատ դեպքերում նորից կախված է տարբեր կազմակերպություններում սփյուռքի լոբբինգից: Ընդ որում, սփյուռքի լոբբինգը նույնպես պայմանավորված է Արցախով և Հայաստանով: Եթե ժամանակին խոսում էինք միայն Միացյալ Նահանգներում լոբբիստական կառույցների մասին, ապա վերջին տարիներին, օրինակ, դա ուժեղացվում է Եվրոպայում, ինչը պայմանավորված է, իր հերթին, Արցախի գոյությամբ և Հայաստանի անկախ պետականության գոյությամբ: Սրանով կուզենամ ասել, որ մեկի հզորությունը կապված է մյուսի հզորության հետ:

Պարբերաբար անցկացվում են Հայաստան-Սփյուռք համաժողովը, համահայկական խաղերը, 2008-ին ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը: Այս ամենն ավելի նպաստեց ՀՀ-Սփյուռք կապերի սերտացմանը:

- Այո՛, Սփյուռքի նախարարության ստեղծումը շատ անհրաժեշտ էր և պայմանավորված էր նրանով, որ Հայաստան-Սփյուռք կապը լինի ավելի սերտ, փոխադարձ, որպեսզի իրականացվեն համատեղ ծրագրեր: Դրանք նպաստում են, որ սփյուռքը ավելի շատ կապված լինի Հայաստանի հետ: Որպես օրինակ նշենք «Արի տուն» ծրագիրը, բազմաթիվ սպորտային, մշակութային միջոցառումներ, գրողների, իրավաբանների, ճարտարապետների և այլ մասնագիտական գիտաժողովները:

Բացի այդ՝ նոր վարչապետ է նշանակվել մի մարդ, որ որոշ տարիներ աշխատել է դրսում, և նրա ծրագրերում կա այն գաղափարը, որ Հայաստանի որոշ ճյուղերում աշխատելու համար փորձենք պրոֆեսիոնալներ բերել դրսից: Նշեմ նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման, թե՛ «Ավրորա» մրցանակաբաշխության հետ կապված և այն, որ նման նախագծերն ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանը: Գիտենք նաև, որ Սփյուռքի գործարարների, բարերարների միջոցով է տրվում նաև ՀՀ Նախագահի մրցանակը տարբեր ոլորտների համար:

-   Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ եռամիասնության համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն առավել զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար:

-   Արդեն ասացինք, որ ամեն մի կոնկրետ խնդրում այս եռամիասնության յուրաքանչյուր մասը կարող է իր ներդրումն ունենալ: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում լոբբիստական աշխատանքը Արցախի ճանաչման ուղղությամբ: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը նույնպես լոբբիստների ջանքերով դրվում է եվրոպական կառավարությունների օրակարգում: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Կառավարությունը պետք է նպաստի նրան, որպեսզի Սփյուռքն ավելի ակտիվ մասնակցի Հայաստանի տնտեսությունում ներդրումներին:

Հայաստանի քաղաքական էլիտան պետք է հասկանա, որ հասել է մի սահմանի, որից հետո պետք է նոր առաջընթաց ապահովի: Այսքանը, ինչ որ կա, լավ է, բայց բավարար չէ, դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք տարբեր տեսակի ճգնաժամերի, և որոշ դեպքերում դժգոհությունն արտահայտվում է ռադիկալ ձևերով: Ուստի ողջ քաղաքական դաշտը պետք է հետևություններ անի և կարողանա ապահովել Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացումը: Անկախության տոնը միայն նրա համար չէ, որ հավաքվենք, շքերթ անենք, հրավառություն անենք: Անկախության 25 ամյակ. նշանակում է, որ բոլորը պետք է իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեն՝ այդ բարդ խնդիրները լուծելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: