ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական պառլամենտարիզմի պատմության մեջ գրանցվեց ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը

europe.newsweek.com

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում կայացան խորհրդարանական ընտրությունները: Ամփոփելով ընտրությունների նախնական տվյալները, կարող ենք արձանագրել, որ արդյունքները բավական հետաքրքիր են:  Տեղի ունեցած ընտրություններին գրանցված մասնակցությունը սահմանվեց ռեկորդային. ամբողջ երկրի մակարդակով այն կազմեց 48 %: Եթե համեմատության մեջ դիտարկենք նախորդ տարիների տվյալները,  սա ռուսական պառլամենտարիզմի պատմության մեջ գրանցված ամենացածր ցուցանիշն է: 1993 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 54,81%, 1995-ին՝  64, 76%,  1999-ին՝ 61,85 %, 2003-ին՝ 55,75%, 2007-ին՝ 63,78%, 2011-ին՝  60,10%:

Եթե միջազգային փորձի շրջանակներում համեմատական կարգով դիտարկենք գրանցված մասնակցությունը եվրոպական երկրներում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին, ապա կտեսնենք, որ գրանցված մասնակցությունը Ֆրանսիայում կազմել է 48%, Մեծ Բրիտանիում՝ 36%, իսկ Լեհաստանում` 22%:  ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքերով՝  տեղի ունեցած ընտրություններին գրանցվել է «եվրոպական մասնակցության» ցուցանիշ:

Անդրադառնալով կայացած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությանը, նշենք, որ ընտրությունների ընթացքին հետևել են 774 միջազգային դիտորդներ 63 երկրից և 10 միջազգային կազմակերպություններ: Միջազգային դիտորդները ժամանել են ոչ միայն բարեկամ երկրներից, այլև՝ ԱՄՆ-ից (63 ) և Գերմանիայից (60 ): Գրեթե բոլոր դիտորդները և միջազգային կազմակերպությունները փաստեցին, որ նախորդ տարիների համեմատ այս ընտրություններին խախտումներ և ընտրակեղծիքներ առավել քիչ են գրանցվել:

Եվ այսպես,  2 օր առաջ կայացած ընտրությունների արդյունքում Պետական Դումայում ներկայացվածություն կունենան այն կուսակցությունները, որոնք մինչ ընտրությունները ներկայացված էին խորհրդարանում: Դրանք են «Միացյալ Ռուսաստան» ("Единая Россия" (ЕР)) (54,21%), ՌԴ կոմունիստական կուսակցությունը (КПРФ) (13,53%) ՌԴ լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) (13,28%) «Արդար Ռուսաստան» (СР) (6,19%) կուսակցությունները:

Ըստ արդյուքների` իշխող «Միացյալ Ռուսաստան» ("Единая Россия" (ЕР)) կուսակցությունը խորհրդարանում ստանում է 343 տեղ: Այսպիսի արդյունք կուսակցությունը դեռևս չէր գրանցել (2011 թվականին ուներ 238 պատգամավորական մանդատ, իսկ 2007-ին՝  315): Այս պարագայում իշխող կուսակցությանը հաջողվում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն, ինչը  սահմանադրությունը փոփոխելու  հնարավորություն է տալիս: «Միացյալ Ռուսաստան» ("Единая Россия" (ЕР)) ձևավորել էր սահմանադրական մեծամասնություն նաև 2007-2011 թվականներին:  

Նախքան խորհրդարանական ընտրությունները, ՌԴ-ում վերականգվեց այն ընտրական համակարգը, համաձայն որի պատգամավորների կեսն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսն՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Ինչպես գիտենք այս ընտրակարգն ապահովում է թեկնածուի հանրության հետ կապը և անմիջականությունը: Արդյունքում, 225 միամանդատ ընտրատարածքներից իշխող կուսակցության ներկայացուցիչները 203-ում հաղթական գրանցեցին:

Ինչ վերաբերում է մնացյալ երեք (ՌԴ կոմունիստական (КПРФ)լիբերալ-դեմոկրատական (ЛДПР), «Արդար Ռուսաստան» (СР)) կուսակցություններին , որոնք համաձայն արդյունքների, ապահովել են իրենց ներկայացվածությունը Դումայում, մեծ մասամբ աջակցում են մեկը մյուսին, ինչպես նաև՝  «Միացյալ Ռուսաստան» ("Единая Россия" (ЕР) կուսակցությանը: Բացի այդ, նրանց գործելաոճի մեջ խորը տարբերություններ գտնել բավականին դժվար է: Խորհրդարանում սկզբունքային հարցերի շուրջ նրանք նույն կերպ են քվերակում և որևէ կերպ չեն խոչընդոտում մեկը մյուսի գործունեությանը:

Անդրադառնալով արտախորհրդրանական լիբերալ ընդդիմությանը՝ «Յաբլոկո» ("Яблоко" )  և Ժողովրդական ազատություն (Партия народной свободы, ПАРНАС) կուսակցություններին, թվում էր, թե նրանք կկարողանան օգտագործել և հենման կետ գտնել այն քաղաքացիների շրջանում, ովքեր չեն աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած  թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքականությանը: Սակայն նրանց չհաջողվեց հաղթահարել սահմանված 5% ընտրական շեմը և առաջարկել պետության զարգացման այնպիսի սոցիալ-քաղաքական տեսլական, որը կվայելեր ՌԴ քաղաքացիների աջակցությունը:

Ամփոփելով, կարող ենք գալ այն եզրահանգման, որ չնայած երկրում առկա դժգոհությանը, ինչը պայմանավորված է տնտեսական ցածր ցուցանիշներով, կոռուպցիայի բարձր մակարդակով, Ղրիմի հիմնահարցով, Ուկրաինական ճգնաժամով, հակառուսական սանկցիաներով, Մերձավոր Արևելքում առկա արտաքին շահերի բախումներով, այնուամենայնիվ, ռուսներն առավել քան երբևէ միասնական են և ազգայնական: Այդ իսկ պատճառով, եթե նախորդ 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ դուրս եկան փողոցներ, արտահայտելով իրենց դժգոհությունն ու բողոքը ընտրությունների արդյուքների դեմ, ապա ներկայումս, երբ ընդդիմությունը բավական թուլացած է, գործնականում անհնար է խոսել հնարավոր ցույցերի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: