ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սիրե՛նք մեր փոքրիկ Հայաստանն ու Արցախը, ծաղկեցնե՛նք ու զարգացնե՛նք մեր երկիրը». արցախցի երիտասարդները շնորհավորում են մայր Հայաստանին

armenpress.am

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն դիմեց արցախցի երիտասարդներին` առաջարկելով իրենց շնորհավորանքի խոսքն ուղղել մայր Հայաստանի անկախության առթիվ: Դե, իհարկե, արցախցիներն էլ իրենց բնորոշ անկեղծությամբ ու սրտաբացությամբ արձագանքեցին առաջարկին:

Կարևոր է նկատել, որ երիտասարդների շնորհավորական ուղերձներում կար ոչ միայն ցանկություն` մեր հայրենիքը տեսնելու ավելի հզոր և ավելի լավը, այլ նաև հստակ գիտակցում, որ հայրենիքն այդպիսին դարձնելու գլխավոր պատասխանատուն հենց իրենք են` երիտասարդները: Եվ սա շատ կարևոր է, քանի որ պահանջատեր և երկրի ներկայի և ապագայի հանդեպ սեփականության զգացողությամբ օժտված երիտասարդներն են հայկական երկու հանրապետությունների զարգացման հենասյունը:

Ստորև ներկայացնում ենք շնորհավորանքները:

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանն անկախության 25-ամյակի առթիվ: Այս քառորդ դարը եղել է ինչպես փորձությունների, այնպես էլ ձեռքբերումների ժամանակաշրջան: Հուսով եմ, որ անկախության սերունդը պատվով է կրելու այն խաչը, որը փոխանցվել է ավագ սերնդից, ու երկու հայկական հանրապետությունները տանելու ենք դեպի զարգացում ու հզորացում: Կարծում եմ, որ հենց մեր սերնդին է վերապահված կերտելու մեծ ու ամբողջական Հայաստան»,- ասել է Ավետիք Հարությունյանը։

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ ամբողջ հայությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 25 տարի առաջ հայը վերահաստատեց իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը, իր որդիների առողջության, կյանքի գնով պահպանեց և մեզ փոխանցեց մեր երկրի ապագան: Այսօր էլ մենք ենք պարտավոր պահպանել մեր հայրենիքի անկախությունը, խաղաղությունը և այն փոխանցել մեզանից հետո եկող սերունդներին: Սիրե՛նք մեր փոքրիկ Հայաստանն ու Արցախը, թույլ չտա՛նք թշնամուն սասանել մեր սահմանների ամրությունը, ծաղկեցնե՛նք ու զարգացնե՛նք մեր երկիրը: Սա մեր հողն է, մեր պապերի, հայրերի արյան գնով պահպանված հայրենիքը, և մենք պարտավոր ենք ամենայն սրբությամբ սիրել և պահպանել մեր սուրբ Հայրենիքը: Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն»,- ասել է Արմինե Մոսիյանը։

«Արցախահայությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Սեպտեմբերի 21-ը պատմական և հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար հայ ժողովուրդը շատ է պայքարել և հաստատել է իր հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հանուն ազատության մղած պայքարում հայկական երկու պետությունների 25-ամյա անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, իսկ դրանց պահպանումը և պետականության հետագա ամրապնդումը պետք է կերտվեն այսօրվա սերնդի համախմբածության, գիտելիքահենք հասարակության կառուցման և արտաքին մարտահրավերներին համահունչ արձագանքելու կարողությամբ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայերին, հայրենիքի սահմանները պահող զինվորներին, ողջ հայ ժողովրդին` հավաստիացնելով, որ միասնականության ու յուրաքանչյուրիս մեջ առկա ներուժի ճիշտ օգտագործման շնորհիվ կարող ենք հասնել ժողովրդի ու պետության առջև ծառացած խնդիրների լուծմանն ու մեր հայրենիքի հզորացմանը»,- ասել է Գոհար Սահակյանը։

«Ի սրտե շնորհավորում եմ Աստծո արարած հայ ազգիս անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ, որ միշտ ապրենք ազատ, անկախ ու հաղթական խաղաղության ներքո: Փա՛ռք ու պա՛տիվ մեր հերոսներին… Թո՛ղ աշխարհում տիրի խաղաղություն, իսկ պայքար լինի միայն գորգում` մարզիկների միջև, այն էլ արդար պայքար: Ուռա՜, ուռա՜, ուռա՜, կեցցե՛ մեր հայ ազգը»,- ասել է Սոսե Բալասանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ հայկական պետականության վերականգնման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Այն դարակազմիկ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանզի վերականգնվեց բազմաթիվ նվիրյալների կյանքի գնով ու ի պահ տվեց մեզ` անկախության սերնդիս: Մենք պարտավոր ենք մեր հնարավորությունների շրջանակներում ներդրում ունենալ անկախության պահպանման ու Մայր Հայրենիքի շենացման գործում »,- ասել է Հովիկ Ավանեսովը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: