ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասակակիցներիս խորհուրդ եմ տալիս իրենց գործունեությամբ կամ անգործությամբ պատասխանատվություն զգալ պետության առջև․ Ռուբեն Հայրապետյան

a1plus.am

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանի հետ


-         Այսօր բոլորս նշում ենք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը: Որո՞նք են, ըստ Ձեզ, մեր հիմնական ձեռքբերումներն ու բաղթողումները` որպես 25-ամյա պետության:

 -         Ցավով պետք է նշեմ, որ բացթողումներն անհամեմատ ավելի շատ են, քան ձեռքբերումները, ինչը բոլորիս համատեղ մեղքն է։ Հիմնական և, թերևս, միակ էական ձեռքբերումն այն է, որ այս տարիների ընթացքում ստեղծվել են ժողովրդավարական պետության բնականոն զարգացման համար անհրաժեշտ գրեթե բոլոր ինստիտուտները՝ ազատ շուկայական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը, տեղական ինքնակառավարման համակարգը, իշխանության թևերի ֆորմալ տարանջատումը և այլն։ Սակայն այդ ինստիտուտները դեռևս լիարժեքորեն չեն իրագործում իրենց հիմնական առաքելությունները՝ այն, ինչի համար գոյություն ունեն և ինչին կոչված են։ Դրանց գործունեության արդյունավետությունը դեռևս շատ ցածր է, մի մասի գոյությունը բացառապես ձևական է, ինչը կարելի է համարել այս տարիների հիմնական բաղթողումը։

 Ցավոք, լրջագույն խնդիրներ կան նաև հասարակության արժեքային համակարգում, սա ևս, անշուշտ, լայն առումով պետության թերությունն է, 25 տարիները բավականաչափ ժամանակ են պետականության կերտմանը և տնտեսության երկարաժամկետ զարգացմանը նպաստող արժեքային համակարգ ձևավորելու համար, սակայն այս հարցում ևս էապես թերացել ենք։ Անթույլատրելի է ոչ այնքան կոռուպցիայի առկայությունը, որքան դրա հասարակության ընկալումը՝ իբրև աչքաբացության և ճարպկության նշան։ Հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե հասարակության համոզմունքներում այն դիտվի որպես անթույլատրելի վարքագիծ և պետական դավաճանություն։ Եվ արժեքային տրանսֆորմացիայի այս գործում, բնականաբար, կենտրոնական դերակատարում պետք է ունենա հենց ինքը՝ պետությունը։

 -         Դուք ՀՀ ամենաերիտասարդ դոկտորն եք: Գիտությունն այսօր մասնավորապես Հայաստանում ի՞նչ հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին: Ի՞նչ անելիք ունի երիտասարդ սերունդը հայաստանյան գիտության մեջ՝ հաշվի առնելով միջազգային միտումները:

 -         Հիմնական խնդիրն այն է, որ արդյունավետ կառուցակարգերի բացակայության պատճառով երիտասարդների շրջանում գիտության զարգացումը գերազանցապես թողնված է նրանց սեփական նախաձեռնությանը, և երիտասարդ կադրերը գիտությամբ են զբաղվում հիմնականում ներքին խթաններով դրդված։ Սակավ են այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնց գործարկման արդյունքում գիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնագետները շահագրգռված կլինեին ակտիվորեն զբաղվելու գիտությամբ և կատարելու արժեքավոր գիտահետազոտական աշխատանքներ։ Խնդիրը, անշուշտ, համակարգային է, և շատ բան պայմանավորված է տնտեսության զարգացման ներկայիս մակարդակով, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու համար պետությունը պարտավոր է վերանայել իր քաղաքականությունը ինչպես գիտության, այնպես էլ կրթության զարգացման բնագավառներում՝ դարձնելով դրանք ոչ թե շինծու, այլ իրական գերակայություններ։

 -         Հայաստանի կայացման ու զարգացման գործում ի՞նչ դերակատարում եք տեսնում Ձեզ համար: Ո՞րը կարող է լինել Ձեր ներդրումը: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր հասակակիցներին:

 -         Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե երազում ենք ունենալ ավելի լավ հայրենիք և բարձր կենսամակարդակ, ապա յուրաքանչյուրս առաջին հերթին պետք է ձգտենք մեր աշխատանքը կատարել հնարավորինս բարձր մակարդակով և դրանով իսկ սեփական ներդրումը ունենալ պետության և տնտեսության զարգացման գործում՝ անկախ գործի բնույթից կամ գործունեության ոլորտից։ Մենք փոքր պետություն ենք, ինչը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս և պարտավորեցնում է որոշակիորեն ինքնանույնականացնելու սեփական անձը պետության հետ։ Հետևաբար, իմ հասակակիցներին և ոչ միայն նրանց խորհուրդ եմ տալիս իրենց գործունեությամբ կամ անգործությամբ մշտապես պատասխանատվություն զգալ պետության առջև։ Չէ՞ որ այդպես ենք վարվում մեր ընտանիքների պարագայում. այդ դեպքում ինչո՞ւ նույն արժեքային ընկալումը աստիճանաբար չտարածել սոցիալական առավել մեծ միավորի վրա։ Դրանից շահելու ենք բոլորս։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: