ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մեր իդեալն էր, հոս է մեր երկիրը, դրսում մնաս` հայ չես մնար. սիրիահայ ընտանիք

www.armedia.am

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Հայաստան տեղափոխված սիրիահայ Ռաստգելենյան ընտանիքի հետ

 

 

 

 

Ժանետ Եսայան, 85տ.

Երբ Սիրիայում պատերազմն սկսվեց, տղաներս ասացին՝ մամա՛, պատրաստվի՛ր, գնում ենք Հայաստան: Ծնվել եմ Սիրիայում, ամուսնացել 16 տարեկանում, մաշալլա՛, վեց չոջուխ եմ բերել, նրանց մեծացրել, ամուսնացրել Աստծո օրհնությամբ: 75 տարեկանում ամուսինս մահացավ. արդեն 20 տարի է: 2012թ. օգոստոսի 28-ին եկանք Հայաստան: Փա՛ռք Աստծո, որ տեղ մը ունեցանք պատսպարվելու, բայց հոն դեղեն մեր ունեցածը չենք կռնար բերել, մեր տունն էլ ուրիշ մարդիկ լցվեցան: Աղջկաս՝ Անիի տունը գրեթե քանդված է, նրա ամուսինը մահացավ 8 տարի առաջ, շատ հարգված բժիշկ էր: Ունի երեք աղջիկ՝ Սոնա, Նանոր և Շաղիկ, երկուսը ամուսնացած են, երկու երեխա ունեն: Փա՛ռք Աստծո, ամեն ինչ լավ է, բոլորս հոս ենք…

 

Անի Եսայան-Ռաստգելենյան, 59տ.

Իմ առաջին այցը Երևան 1998-ին էր: 2006-ին, երբ աղջիկս՝ Սոնան, ամուսնացավ և եկավ Հայաստան՝ ապրելու, դրանից հետո արդեն ամեն ամառ կայցելեինք Երևան: Իսկ 2012-ին էլ եկանք և մնացինք: Շատ կսիրեմ Հայաստանը և ինքզինքս չեմ պատկերացնե ուրիշ տեղ: Շատ սիրիահայեր այստեղեն գացին Շվեդիա, Հոլանդիա, Ամերիկա, Կանադա, բայց մենք հոս մնացինք: Գործ էր պետք, ես ալ սկսեցա տունին մեջ աշխատիլ, ճաշեր, խմորեղեններու տեսակներ պատրաստել մորս և երեք դուստրերիս հետ: Շատ հաճախորդներ ունեցա սիրիահայերու մեջ, հետո էլ հայաստանցիներն ավելացան: Երեք տարի այդ ձևով աշխատեցանք: Հիմա պզտիկ մի ռեստորան վարձեցինք, աշխատեցրինք: Փա՛ռք Աստծո, լավ է:

Երբ կտեսնանք, որ ժողովուրդն այստեղից կգաղթե, ես շատ կնեղվիմ: Երբ ունինք Հայրենիք, Հայաստան, ինչո՞ւ բոլորս չհամախմբվենք ու չմնանք այստեղ. իմ միակ փափագը դա է: Հոս ժողովուրդը միշտ կդժգոհի պետությունից, գործի պակասից, ցածր աշխատավարձից, որ կյանքը սուղ է: Բայց դե ամեն մարդ իր պարագան ունի: Օրինակ՝ ես ինձ համար հոս գործ գտա, բայց ուրիշը գնում է դուրս գործ գտնելու: Ես չեմ ուզեր ոչ մի տեղ երթալ: Գործ ուզողը ամեն տեղ էլ կրնա իր գործը ստեղծել:

Սիրիայում մեր կյանքին այստեղի կյանքը շատ մոտ է: Հոն մենք միշտ միասին էինք, ունեինք հայկական ակումբներ, դպրոցներ, տիկնանց միություններ, սկաուտական խմբեր, այնտեղ աշխատում էինք: Հոս ես միութենական կյանքի պակասը կզգամ, այնտեղի ակտիվությունը այստեղ չկա: Դե, ես կհասկնամ, որ այնտեղ դա հայապահպանման համար էր, իսկ այստեղ բոլորս հայ ենք: Եվ այստեղ պետք է բարգավաճ Հայաստան լինի՛: Եթե այստեղ ամեն մարդ աշխատանք ունենա, չեմ կարծեր, որ մեկը կլքե իր Հայրենիքը և կգնա դուրս: Արցախն էլ մեր հողն է, և ափսոս է, որ հետ տրվի թշնամուն: Մեր երիտասարդներու արյունը չենք ուզեր, որ պարապ թափվի:

Սիրիայում մենք շատ լավ էինք ապրում, և մտքներովս չէր անցնի, որ մի օր կհեռանանք այդ երկրից: Այնտեղ 100 հազար հայություն կար, իսկ հիմա միայն Հալեպում հազիվ 7-8 հազար հայ լինի: Մենք ոչինչ չկարողացանք բերել, ամեն ինչ թողել ենք, բայց դե, էլի փա՛ռք Աստծո… Հազար փառք, որ կրցանք հոս գործ մը հիմնել: Մյուս սիրիահայերն էլ են կամաց-կամաց հիմնավորվում, գործ դնում, հիմնականում ուտելիք են սարքում, իսկ երիտասարդները սովորում են: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և պետությունը բավականին օգտակար դարձան մեր ուսանողներուն, ադ չենք կրնար ուրանալ:

Մեր ժողովուրդը թող մնա այստեղ, չգաղթի: Թող աշխատանք լինի, և հայերով համախմբված՝ կառուցենք բարգավաճ Հայաստան:

 

Սոնա Ռաստգելենյան, 36տ. – Ես Երևան եմ եկել 2006-ին՝ ամուսնուս հետ. շատ ուզեցինք Հայաստանում ապրել: Իհարկե, դժվար է, բայց ամենուր էլ դժվար է: Իսկ այստեղ գոնե գիտենք, որ մեր հայրենիքում ենք, որ ապահով ու անվտանգ ենք, որ երեխաներս հայ են մեծանում, հայ երեխաների հետ շփվում: Ուղղակի միակ վատ բանն այն է, որ աշխատանք չկա, և շատերը հեռանում են, շա՛տ ափսոս…

 

Նանոր Ռաստգելենյան-Յահյեյան, 33տ. – Հայաստանն արդեն իմ երկիրը դարձեր է, հարմարվել ենք, աշխատանք ունենք, բացել ենք մեր ընտանեկան ռեստորանային բիզնեսը: Իսկ մասնագիտությամբ ես ֆլեյտիստ եմ, 10 տարի Հալեպում դասավանդել եմ: Հիմա կոնսերվատորիայում ինքս եմ դասեր վերցնում, որ վերականգնեմ, այստեղի դիպլոմ վերցնեմ:

Հայաստանը մեզ համար մեր իդեալն էր, մեզ համար մեծ բան էր համարվում Հայաստանում ապրելը: Մենք շատ գոհ ենք, որ հոս եկանք և չենք ուզեր դուրս երթալ: Օրինակ՝ իմ ամուսնու աշխատանքը Գերմանիայում է, բայց մենք չենք ուզեր հոն ապրիլ:

Հոս միակ թերությունն այն է, որ գործ չկա, և դրա համար մարդիկ հեռանում են: Իսկ լավ բան այստեղ շատ կա՝ քաղաքը, մշակույթը, օդի, ջրի մաքրությունը, շատ համեղ են միրգը, բանջարեղենը:

Հուսով ենք, որ ամեն ինչ դեպի լավը կգնա, թող դուրսի ամբողջ հայերը գան մեր հողին ապրին, գործ բանան, որ երկիրը զարգանա, գյուղերը պետք է պահել, զարգացնել: Ի վերջո, հոս է մեր երկիրը, դրսում մնաս, հայ չես մնար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: