ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 727,74 դրամ ԱՐԾԱԹ - 267,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 549,88 դրամ

Հաղթած «Վրացական երազանքն» ավելի անկաշկանդ արտաքին քաղաքականություն կվարի. Նարեկ Մինասյան

 

Հարևան Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

 

 

- Վրաստանի ԿԸՀ-ն արդեն ամփոփել է ընտրությունների 100% քվեները: Ինչպե՞ս կգնահատեիք հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:

 - Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցան բավական թեժ և լարված մթնոլորտում: Ինչպես արդեն հայտնի է, ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով խորհրդարան են անցել երեք կուսակցություններ՝ Վրացական երազանք (48.65%), Միացյալ ազգային շարժում կուսակցությունը (27.12%) և Վրաստանի հայրենասերների ալյանս ընդդիմադիր դաշինքը (5%): Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին (73 մանդատ), ապա դեռևս անորոշ է շուրջ 50 մանդատի ճակատագիրը, և հաղթող թեկնածուին պարզելու համար պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլ:

Վրաստանի որոշ ընտրատարածքներում քվեարկության ընթացքն աչքի ընկավ բազում ընտրախախտումներով, ընդհուպ՝ ընտրատեղամասեր ավիրելու դեպքեր գրանցվեցին (օրինակ՝ ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում): Չնայած այս ամենին՝ միջազգային դիտորդները, ընդհանուր առմամբ, լեգիտիմ և ժողովրդավարական գնահատեցին ընտրությունները՝ թեև դրանք որակելով «ոչ իդեալական»: Ի տարբերություն միջազգային դիտորդների՝ տեղական դիտորդների կողմից ընտրությունների գնահատականն համեմատաբար ավելի բացասական էր: Այնուամենայնիվ, ինչպես փաստում են տարբեր դիտորդական առաքելություններ, արձանագրված խախտումները որևէ կերպ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա որոշ ուժեր արդեն ընդունել են ընտրությունների արդյունքները: Սակայն գլխավոր ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը կարծես թե դժգոհ է: Կուսակցության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մշակում է գործողություների ծրագիր, սակայն դեռևս հստակ չէ, թե որ ուղղությամբ կընթանա գործընթացը: Ըստ էության, դիտարկվում է գործողությունների 2 հիմնական տարբերակ՝ կարճաժամկետ, երբ Միացյալ ազգային շարժումը կփորձի գնալ հեղափոխական ցնցումների, և երկարաժամկետ, երբ օգտվելով խորհրդարանական հիմնական և համակարգային ընդդիմադիր ուժի «մենաշնորհից»՝ առաջիկա 5 տարիների ընթացքում նա կփորձի հնարավորինս ամրապնդել իր դիրքերը՝ ի հաշիվ իշխանությունների ձախողումների:

 - Իշխող Վրացական երազանքին հաջողվեց պահպանել իշխանությունը: Ներքաղաքական լուրջ փոփոխություններ կարելի՞ է ակնկալել:

- Հնարավոր փոփոխությունների մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա. նախ բավական մեծ է հավանականությունը, որ Վրացական երազանքը մեծամասնական որոշ ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլից հետո կկարողանա խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 150 պատգամավորական մանդատից 113-ը: Բացի այդ, ի տարբերություն 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Վրացական երազանքը ներկայացված է 6 կուսակցությունից կազմված դաշինքով, այս ընտրություններին Վրացական երազանքը չգնաց նման կոնսոլիդացիայի: Սա նշանակում է, որ 2016-2020թթ. իշխանությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս կաշկանդված չեն լինի այս կամ այն կոալիցիոն գործընկերոջ նախասիրություններով և հանդես կգան առավել համարձակ և մեծ պատասխանատվություն ենթադրող նախաձեռնություններով:

Բացի այդ՝ սահմանադրական մեծամասնությունը իշխող Վրացական երազանքին հնարավորություն կտա գնալու երկու կարևոր փոփոխության՝ ընտրական օրենսգրքի փոփոխության (ապահովելով անցում խառն ընտրակարգից 100% համամասնական ընտրակարգի) և սահմանադրական բարեփոխումների, որի հիմնական խնդիրը կլինի նախագահի լիազորությունների կրճատումը և դրա փոխարեն վարչապետին առավել լայն իրավասություններով օժտելը: Թերևս, սրանք են այն հիմնական առաջնահերթություններն, որոնք փորձելու է կյանքի կոչել Վրացական երազանքը:

- Խորհրդարանական այս ընտրություններն ինչ-որ կերպ կազդե՞ն հայ-վրացական հարաբերությունների վրա:

- Նախ նշեմ, որ Վրաստանի խորհրդարան են անցել երեք հայ պատգամավորներ (իսկ ազգությամբ ադրբեջանցի՝ 4), ովքեր ներկայացնում են հենց Վրացական երազանք կուսակցությունը: Հայ պատգամավորների ներկայությունը վրացական խորհրդարանում բավական կարևոր է ինչպես հայկական համայնքին, Հայաստանին առնչվող խնդիրների բարձրաձայնման, այնպես էլ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին հակազդելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա այս ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա երկկողմ հարաբերությունների վրա: Հարաբերությունների զարգացման խնդիրը երկկողմ հետևողական աշխատանքով է պայմանավորված: Պետք է նշել, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև վերջին շրջանում բավական հաջող երկխոսություն է նկատվում, և Վրացական երազանքի կողմից իշխանության պահպանումն առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ դա կշարունակվի: Մյուս կողմից, ինչպես նշեցի, Վրացական երազանքը կառավարման այս շրջանում առավել անկաշկանդ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ունի, և այդ համատեքստում ամենաառանցքային խնդիրներից մեկը թերևս ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն է, ինչն անուղղակի ձևով իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 11.27 կմ/ժ
2 C°
 
-2°   
21.01.2018
-1°   
22.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: