ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

800 ընդդիմադիր. Ալիևի «ժողովրդավարության» ոսկե կանոնը

Zimbio

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավական ծավալուն հարցազրույց է տվել МИА «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին: Այն, որ հարցազրույցը նվիրված էր Ադրբեջանի անկախության 25-ամյակին, և զրուցակիցները ջանք ու եռանդ չէին խնայելու Ադրբեջանը գովաբանելու համար, բավական սպասելի էր:

Սակայն Ադրբեջանի ղեկավարը, ներկայացնելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված վիճակը, կարծես իր մեջ բացահայտել է ֆանտաստ գրողի բավական վառ երևակայություն: Ըստ Ալիևի՝ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում տարածաշրջանում «ժողովրդավարության օազիս» հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ՝ մեղադրելով այս կամ այն ազատության սահմանափակման մեջ:

Դրանով, սակայն, Ադրբեջանի առաջնորդը չի բավարարվել և փորձել է անգամ ներկայացնել իր կերտած «ադրբեջանական ժողովրդավարությունը»: Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն ապահովում է բոլոր ժողովրդավարական նորմերը, ընդ որում՝ առանց բացառության: Թվելով բոլոր ազատությունները՝ Ալիևը նշել է. «Հավաքների ազատությունը. հանրաքվեի նախօրեին ընդդիմությունը ցույց կազմակերպեց քաղաքի կենտրոնում: Այլ հարց է, որ դրան մասնակցեց 800 մարդ և հիմնականում նրանց ընկերներն ու հարազատներն էին: Որևէ սահմանափակում չի եղել: Մեզ մոտ մամուլի ազատություն է՝ հարյուրավոր թերթերը, ամսագրերը, հեռուստատեսությունը, մեծաթիվ ալիքները, համացանցն առանց գրաքննության են, և բնակիչների ավելի քան 75%-ն արդեն օգտվում է համացանցից»: Ժողովրդավարության «ադրբեջանական չափորոշիչներն» իրոք տպավորիչ են, սակայն դասական ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեն: Ավելին՝ բավական մեծ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ 9.7 միլիոնանոց երկրում միայն 800 (ոչ ավել, ոչ պակաս) ընդդիմադիր ունենալը, ըստ Ալիևի, բավական տրամաբանական և նորմալ է:

Մամուլի ազատության մասին Ալիևի պատկերացումները ևս քանակական ցուցանիշների հետ են միայն ասոցացվում: Անտեսվում է մի կարևոր հանգամանք՝ այլակարծությունը: Չնայած ի՞նչ այլակարծություն ակնկալել մի երկրում, որը ռեկորդի լուրջ հավակնորդ է (դեռ չի կարողացել առաջ անցնել մեծ եղբորից՝ Թուրքիայից) բանտերում պահվող քաղբանտարկյալների թվով, որոնց մեջ քիչ չեն նաև ընդդիմադիր լրագրողները, հրապարակախոսները: Ադրբեջանական իշխանությունները, ստեղծելով տոտալ վախի մթնոլորտ, բոլոր այլախոհներին կանգնեցրել են բարդ երկընտրանքի առջև՝ կա՛մ բանտ, կա՛մ ինքնակամ աքսոր:  

Այս ամենի վերաբերյալ Ալիևը, սակայն, այլ կարծիք ունի. «Հակաիշխանական տրամադրություններ մեր երկրում ուղղակի չկան»: Ինչևէ, տպավորիչ է, բայց միաժամանակ սոցիումի վարքը բնորոշող բոլոր օրենքներին հակասող:

Սոցիոլոգների կողմից բազմիցս ապացուցված փաստ է, որ ցանկացած հասարակությունում բնակչության 20-25%-ը ունի որոշակի դժգոհություն կառավարության նկատմամբ, իսկ ընդհանուր բնակչության 5-10%-ը՝ հանդիսանում է բողոքի ակցիաների պոտենցիալ մասնակից: Բնականաբար ամեն երկրում այս ցուցանիշները մի փոքր բարձր (հատկապես զարգացող երկրներում) կամ ցածր են: Ալիևը սակայն, ջարդեց նաև սոցիոլոգիայի այս կանոնը. Ադրբեջանում 9.7 միլիոնից միայն 800 հոգի է բացասաբար տրամադրված կառավարության նկատմամբ: Թերևս բավական ծիծաղելի է:

Ալիև-Կիսիլյով «թոք-շոուն» իրոք կարելի է համարել բացառիկ, սակայն ոչ թե հիշարժան կամ կարևոր մտքերի, այլ ուղղակի մեկ րոպեի ընթացքում հնչած ռեկորդային քանակությամբ կեղծիքի և աբսուրդի տեսանկյունից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: