ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն Օսմանյան կայսրության կարոտախտի մեջ է

ANADOLU AGENCY VIA GETTY IMAGES

Վերջին տարիներին Թուրքիայի աճող հավակնությունները հասել են իրենց գագաթնակետին: 2002 թվականից Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքականությունն, ըստ էության, խարսխված է ծավալապաշտական այնպիսի գաղափարախոսությունների վրա, ինչպիսիք են նեոօսմանիզմը, պանթյուրքիզմը և պանիսլամիզմը: Սրանք այն բաղադրիչներն են, որոնք ձևավորում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «նոր Թուրքիայի» տեսլականը:

Օրեր առաջ Էրդողանը բաց տեքստով հայտարարել է, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Թուրքիայի նախագահը, հիշեցնելով Թուրքիայի Ազգային ուխտի (քեմալականների  «անկախության պայքարի ծրագիր», որն իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները) մասին, նշել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը,  Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»: Էրդողանը փաստացի հայտարարել է այս տարածքների նկատմամբ ժամանակակից Թուրքիայի հավակնությունների մասին. «Սրանցից մենք կհրաժարվենք այն օրը, երբ կհրաժարվենք մեր անկախությունից և ապագայից»:

Ավելի վաղ Էրդողանը հերթական անգամ դժգոհել էր Լոզանի պայմանագրից (1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը սահմանում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության սահմանները: Պայմանագրի համաձայն Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության մյուս հատվածների նկատմամբ իր պահանջներից): «1914 թվականին մեր տարածքները կազմում էին 2.5 միլիոն քառ/կմ, իսկ Լոզանի պայմանագրով դրանք կրճատվեցին՝ դառնալով 780.000 քառ/կմ», - վրդովմունք է հայտնել Էրդողանը:

Գաղտնիք չէ, որ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո նեոօսմանիզմը, պանթյուրքիզմը և պանիսլամիզմը դարձան այլընտրանք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ազգայնականությանը: Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը նոր ծնունդ ստացավ և դրվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում 2000-ականների սկզբին Ահմեդ Դավութօղլուի մշակած տեսությունների արդյունքում: Նեոօսմանիզմի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ Թուրքիան ձգտում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլ տեսակի առաջնորդության հասնել Օսմանյան կայսրության նախկին մի շարք տարածաշրջաններում (այդ թվում` Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս): Եթե ասվածին գումարենք քաղաքական իսլամի գործոնն, ինչպես նաև թյուրքական միասնականության գաղափարը, կաստանանք, պայմանական ասած, ԱԶԿ արտաքին քաղաքական մոդելը:

Վերջին տասնամյակում Թուրքիան այս գաղափարախոսությունների ոգուն համապատասխան աննախադեպ ակտիվ քաղաքականություն է իրականացնում վերոնշյալ ուղղություններով: Եվ եթե Մերձավոր Արևելքի կամ արաբական աշխարհի պարագայում առաջնահերթ խնդիր էր դրված դառնալ տարածաշրջանի շարժիչ ուժը, ապա Կովկասի պարագայում թիրախում «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքն էր:

Մի կողմ թողնելով այս քաղաքականության արդյունավետության խնդիրը (այդ թվում նաև Թուրքիայի անմիջական սահմանների մոտ ընթացող պատերազմների համատեքստում)՝ առաջին պլան է մղվում թուրքական նկրտումներին հակազդելու խնդիրը: Մասնավորապես, Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի նախագահին հարգել միջազգային համաձայնագրերը՝ զգուշացնելով, որ Էրդողանի հայտարարությունները կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը, նշում է ekathimerini.com կայքը: Էրդողանի հայտարարություններն Աթենքը որակել է որպես «երկու երկրների միջև սահմանները կարգավորող նախորդ համաձայնագրերի վիճարկման սադրիչ փորձ»: Իսկ Հունաստանի նախագահը հայտարարել է, որ «Էրդողանի հռետորաբանությունը ցանկացած հեռանկարում խարխլում է ոչ միայն Լոզանի պայմանագիրը, այլ նաև Թուրքիա-Հունաստան կամ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները», նշում է info-europa.com-ը: 

Վստահությամբ կարելի է պնդել, որ առաջիկայում ևս ականատեսն ենք լինելու Էրդողանի ծավալապաշտական քաղաքականության նորանոր դրսևորումներին, քանի որ դա է ենթադրում ԱԶԿ-ի արտաքին քաղաքական մոդելը: Վաղուց արդեն սպառած լինելով «զրո խնդիր հարևանների հետ սկզբունքը»՝ Թուրքիան առանց «հրավերի»  ակտիվորեն ներգրավվում է բոլոր հնարավոր հակամարտություններին՝ բացեիբաց հայտարարելով իր տարածքային հավակնությունների մասին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: