ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում նոր Սահմանադրությունն ընդամենը ամրագրելու է ներկա վիճակը

Reuters

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի մշակումը, որի համաձայն երկիրը խորհրդարանական համակարգից պետք է անցում կատարի նախագահականին: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նախագծի համաձայն, Թուրքիայի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով: Նույնը վերաբերում է նաև խորհրդարանի պատգամավորներին:  

Նախատեսվում է ընդդիմադիր Ազգային շարժում և Ժողովրդահանրապետական կուսակցությունների հետ քննարկումներից հետո Սահմանադրության նախագիծը ներկայացնել Թուրքիայի խորհրդարանի դիտարկմանը: Ինչ վերաբերվում է Թուրքիայի խորհրդարանական երրորդ ընդդիմադիր ուժին՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, ապա ԱԶԿ-ն հայտարարել է, որ չի համագործակցելու նրա հետ:

Իշխող կուսակցության ներկայացուցիչներն ակնկալում են, որ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում կհաստատվի հունվարին, իսկ հնարավոր հանրաքվեն կանցկացվի ապրիլին: ԱԶԿ-ն խորհրդարանում 316 տեղ ունի և ձեռք է բերել նաև Ազգային շարժում կուսակցության աջակցությունը (Ազգային շարժում կուսակցության նախագահն արդեն հայտարարել է նախագծին իր աջակցության մասին), որն, իր հերթին, 40 տեղ ունի: Գործող Սահմանադրության համաձայն նախագիծը կարող է ուղղակիորեն հաստատվել խորհրդարանի կողմից, եթե նրա օգտին քվեարկեն 550 պատգամավորներից 367-ը: Եթե նախագծի օգտին քվեարկեն 330 օրենսդիրներ, այն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Հանրաքվեի անցկացման հավանականությունն ավելի բարձր է այդ թվում նաև այն պատճառով, որ գործընթացը նախաձեռնող Թայիփ Էրդողանը կցանկանա ընդգծել նախագծին ժողովրդական զանգվածների աջակցության փաստը:

Նոր Սահմանադրության նախագծի հետ կապված ուշադրության է արժանի 2 հանգամանք: Նախ, երկրի իշխանությունները ձգտում են առանձնակի աղմուկ չբարձրացնել դրա շուրջ: Մասնավորապես, նախագիծը ներկայացնող Թուրքիայի վարչապետն ասել է, որ «Թուրքիան պետք է զերծ մնա հարցի շուրջ համակարգային քննարկումներից» և փոխարենը կենտրոնանա առավել անհետաձգելի խնդիրների վրա, օրինակ, ահաբեկչության, նշում է թուրքական Yeni Safak-ը: Այսինքն, թուրքական ղեկավարությունը կրկին կիրառում է վաղուց արդեն սովորական դարձած գործիքը՝ անցանկալի յուրաքանչյուր խնդրից խուսափելով ահաբեկչության կամ անկայունության վտանգով:

Երկրորդ, նոր Սահմանադրության հաստատման պարագայում Թուրքիայում ֆորմալ փոփոխություններից բացի արմատական տեղաշարժ չի լինելու: Նոր Սահմանադրությունը միայն ամրագրելու է ներկա վիճակը: 2014 թվականին առաջին անգամ ուղղակի քվեարկության արդյունքում Թուրքիայի նախագահ դարձած Էրդողանն, ըստ էության, օգտվում է կառավարման նախագահական համակարգի բոլոր լիազորություններից, և նոր Սահմանադրությունը միայն իրավական կարգավիճակ է տալու ներկա վիճակին:

«Նոր Թուրքիայի կառուցումն անխուսափելի է, նոր Սահմանադրությունն անխուսափելի է, նախագահական համակարգն անխուսափելի է», - իր բոլոր ելույթներում սիրում է շեշտել Էրդողանը: Իրականում ակնհայտ է, որ «նոր Թուրքիա» կառուցելու Էրդողանի ծրագրերի ետևում թաքնված են միանձնյա կառավարելու նրա ավտորիտար նկրտումները: Էրդողանի մատնանշած «նոր Թուրքիայում» կառավարելու են կրոնական պահպանողականները, ժողովրդավարությունը վերահսկվելու է, իսկ ռազմական հեղաշրջումների դարաշրջանն էլ ընդմիշտ անցյալում է մնալու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: