ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի հավակնությունները հասել են ՄԱԿ-ին

A. Altan / AFP / Getty images

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները գնալով ավելանում են ոչ միայն տարածաշրջանային խնդիրների հարցում, այլ նաև միջազգային: Այսպես, Էրդողանը, ով պարբերաբար քննադատում է ՄԱԿ-ին Անվտանգության խոհրդի մշտական անդամների թվում իսլամական երկիր չունենալու համար (ի նկատի ունի Թուրքիային), ՄԱԿ-ի հիմնադրման 71-ամյակին նվիրված իր շնորհավորական ուղերձում կոչ է արել ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել Ստամբուլ: Էրդողանի խոսքերով՝ դա մեծ ներդրում կունենա ՄԱԿ-ի առաքելության ու նպատակների կենսագործման հարցում: 

Նշենք, որ Թուրքիան վերջին տարիներին բավականին ակտիվ քայեր է ձեռնարկում ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ստամբուլ տեղափոխելու ուղղությամբ: Այդ նպատակով Անկարան մասնավորապես սկսել է Ստամբուլ տեղափոխել ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակները՝ Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային բյուրոն, «ՄԱԿ-կանայք»(գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման) ենթակառուցվածքի տարածաշրջանային գրասենյակը: Թուրքիան այդ նպատակով ավելացնում է նաև ՄԱԿ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը:

ՄԱԿ-ի գլխավոր նպատակն աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդումն է: Ինչո՞վ է նպաստելու այդ առաքելության իրականացմանը կազմակերպության կենտրոնակայանի տեղակայումը մի երկրում, որը «Խաղաղության համաշխարհային ինդեքսում» 163 երկրների շարքում զբաղեցնում է 145-րդ հորիզոնականը, դժվար է ասել:

Նշենք, որ Թուրքիան խնդիրներ ունի հարևան 8 երկրներից առնվազն 4-ի հետ: Այսպես, Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացում Սիրիայի տարածքում առանց այդ երկրի օրինական իշխանության հետ դրանք համաձայնեցնելու: Ռազմական գործողությունների պաշտոնական առիթն ահաբեկչության դեմ պայքարն է: Սակայն արդեն երեկ Անկարայում հայտարարեցին նախագահ Ասադի զորքերի հետ առաջին բախումների մասին: Անկարան սիրիական հակամարտության սկզբից պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը՝ պնդելով, որ Ասադը բռնապետ է: Ընդունենք, որ Էրդողանի կողմից այս մեղադրանքն առնվազն տարօրինակ է հնչում: Իրաքի հետ Թուրքիայի հակասությունները ևս վերաբերում են այդ երկրի ներքին գործերին Թուրքիայի միջամտությանը: Մասնավորապես, Անկարան առանց Բաղդադի համաձայնության զորամիավորում է տեղակայել Իրաքի տարածքում, ինչը վերջինիս ինքնիշխանության խախտում է: Ի պատասխան Բաղդադի պահանջներին՝ հանել զորքերն Իրաքի տարածքից՝ Անկարան հայտարարում է, որ զորամիավորումն Իրաքում կմնա այնքան, ինչքան հարկավոր է:

Հայաստանի հետ Թուրքիան ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի. այն փակ է պահում երկու երկրների միջև սահմանը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչը մշտապես քննադատության է արժանանում միջազգային հանրության կողմից:

Հունաստանի հետ հակասությունները վերաբերում են կիպրական խնդրին. 1974 թվականին Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի թուրքաբնակ հատվածը:

Իրանի հետ թերևս նման խնդիրներ չկան, սակայն այս երկու երկրների միջև հարաբերությունները ևս դժվար է բարեկամական համարել. Իրանը և Թուրքիան պայքարում են տարածաշրջանային գերիշխանության համար:

Հարկ է նշել, որ Թուրքիան հակասություններ և բարդ հարաբերություններ ունի ոչ միայն հարևան երկրների հետ. այժմ Թուրքիան բավականին լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ավստրիայի, Գերմանիայի և Եվրաիմության հետ ընդհանրապես: Թուրքիան ոչ վաղ անցյալում ճգնաժամային հարաբերություններ ուներ Ռուսաստանի և Իսրայելի հետ, սակայն դրանք վերջին ժամանակներս կարգավորվում են:

Վերադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին` նշենք, որ Թուրքիան արդեն մեկ տարի է գտնվում է փաստացի քաղաքացիական պատերազմի վիճակում. Անկարան երկրի հարավարևելյան նահանգներում ռազմական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ: Միևնույն ժամանակ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո աննախադեպ բռնաճնշումներ են սկսվել. հեղաշրջումից հետո աշխատանքից ազատվել են 100 հազարավոր մարդիկ, ևս 35 հազար մարդ ձերբակալվել է: Նշենք, որ Թուրքիան վերջին շրջանում միջազգային հանրության մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում երկրում ժողովրդավարական հետընթացի առումով: Freedom House-ի աշխարհում ազատության ամենամյա վարկանիշում Թուրքիան տարվա ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից մեկն է համարվում: Թուրքիան  նաև մամուլի ազատության ցուցանիշով ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից է: Եվրոպայում Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով վերջին՝ 42-րդ տեղում  է, իսկ աշխարհում ՝ 159-րդ:

Նման պատկեր ունենալով՝ առնվազն անհեթեթ է թվում էրդողանի այս հայտարարությունը: Նշենք, որ ՄԱԿ-ի որոշ գրասենյակների տեղափոխումը Ստամբուլ այն ժամանակ ևս Թուրքիայում տիրող իրավիճակով պայմանավորված միջազգային դժգոհություն էր առաջացնում: Սակայն Էրդողանն այն ժամանակ, օգտվելով Եվրոպայում տնտեսական ճգնաժամից, Ստամբուլ ՄԱԿ-ի վարչությունների եվրոպական գրասենյակների տեղափոխման համար ֆինանսական գրավչություն ապահովեց: Այժմ Թուրքիան նման առավելություն չունի. երկրում քաղաքական անկայունության և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով Թուրքիան այժմ գտնվում է տնտեսական բավականին բարդ իրավիճակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: