ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևին համացանցում քննադատողները կարող են հայտնվել ճաղերի հետևում

Washington Post

Ադրբեջանում պետության ղեկավարի՝ նախագահի պատիվն ու արժանապատվությունը համացանցում արատավորելու կամ նսեմացնելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել:

Երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը Միլի Մեջլիս առաջարկ է ուղարկել Քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում (Ադրբեջանի հանրապետության նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը կամ նսեմացնելը հրապարակային ելույթում, հրապարակավ ցուցադրվող ստեղծագործությունում կամ զանգվածային լրատվամիջոցներում) լրացումներ կատարելու վերաբերյալ:

Օրինագծի համաձայն՝ հոդվածում «կամ զանգվածային լրատվամիջոցներում» բառերը կփոխարինվեն «զանգվածային լրատվամիջոցներում կամ տեղեկատվական համացանցային ռեսուրսներում հրապարակային տարածման դեպքում» բառերով:

Մասնավորապես, եթե հանրապետության նախագահին վարկաբեկում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են հրապարակային ելույթի ժամանակ, ցուցադրվող ստեղծագործության (օրինակ՝ ծաղրանկարի) մեջ կամ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև համացանցում ու սոցիալական ցանցերում, նախատեսվում է տուգանք 500-ից 1000 մանաթի չափով (ներկայիս փոխարժեքով մոտ 295-590 ամերիկյան դոլար), կամ՝ ուղղիչ աշխատանքներ մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երկու տարի ժամկետով:

Իսկ եթե հանրապետության նախագահին վարկաբեկեն կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորեն համացանցում և այդ նպատակով օգտատերերը կիրառեն կեղծ անուններ, կեղծ էջեր կամ կեղծ հասցեներ, նման արարք թույլ տված անձը պատժվելու է 1000-ից 1500 մանաթ (ամերիկյան 590-880 դոլար) տուգանքով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ:

Ուշագրավ է, որ այս փոփոխությունը կատարվում է երեկվա Ալիևի հայտարարության ֆոնին, թե իբր Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատությունը ապահովվում է:

«Ադրբեջանում լույս են տեսնում հարյուրավոր թերթեր: Դրա հետ մեկտեղ, երկրում ոչ մի սահմանափակում չկա համացանցում: Համացանցն ազատ է, գրաքննություն չկա: Բնակչության 72 տոկոսն օգտվում է համացանցից: Մամուլի ազատությունն ապահովվում է ամբողջապես», - ամենայն լրջությամբ հայտնել էր Ալիևը՝ Բաքվում միջազգային մեդիա կառույցների համաժողովի բացման ժամանակ:

Ադրբեջանական իշխանություններն իհարկե միշտ էլ պնդել են, որ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան և մամուլի ազատությունը միանգամայն պահպանվում է, սակայն Ադրբեջանում վերջին տասնամյակում աստիճանաբար ավելի է ուժեղանում քննդատական լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը, ինչն արտահայտվում է լրագրողների նկատմամբ հետապնդումներով:

Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները խստացնում են երկրում առանց այդ էլ բավական խիստ գրաքննությունը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության մասին» օրենքում և թույլ տալ ռազմական գրաքննություն կիրառել երկրում ռազմական դրություն սահմանելու ժամանակ։

Ռազմական գրաքննության դեպքում ԶԼՄ-ները տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պարտավորվում են համաձայնեցնել այն պետական մարմինների հետ, վերահսկողություն է սահմանվում նաև նամակագրության, հեռուստատեսության, հեռախոսազրույցների վրա՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը կանխելու համար։

Ստացվում է, Ադրբեջանը ոչ միայն չի զիջում, այլև փորձում է ամեն կերպ գերազանցել իր «մեծ եղբորը»՝ Թուրքիային, որը երբեք էլ չէր փայլել ժողովրդավարության իր ինստիտուտներով, սակայն հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո է՛լ ավելի մեծ եռանդով սկսեց հետապնդել ակտիվիստներին, լրագրողներին, անգամ գիտնականներին և դասախոսներին:

Իսկ անձամբ Էրդողանին «վիրավորանք» հասցնելու համար բազմիցս ազատազրկվել են ոչ միայն թուրք բլոգերներն ու ծաղրանկարիչները, այլև մեկ տարի առաջ անգամ քրեական գործ էր հարուցվել գերմանացի հաղորդավարի դեմ, ով ուղիղ եթերում զավեշտալի բանաստեղծություն էր հնչեցրել՝ ուղղված Թուրքիայի նախագահին: Եվ թեև այդ գործը վերջերս կարճվեց, այնուամենայնիվ Էրդողանը չդադարեցրեց հետապնդումներն իր հասցեին «ավելորդ» խոսողների շուրջ:

Իսկ Ալիևն ահա օրինակ է վերցնում նրանից և այսուհետ «ընկնում» նաև ստատուսների և թվիթերի ետևից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: