ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա Թուրքիային Էլ-Բաբի ազատագրումը

bbc.com

Թուրքիան նոյեմբերի 18-ին հայտարարել է սիրիական Էլ-Բաբի շրջանում ռազմական գործողություն սկսելու մասին: Նշենք, որ ԻՊ-ից Էլ-Բաբն ազատագրելու թուրքական  գործողությունը բացառապես Անկարայի նախաձեռնությունն է, և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ինչպես հայտնում են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները, գործողության հետ որևէ կապ չունի:

Միևնույն ժամանակ Սիրիայի քրդական խմբավորումները հայտարարել են Մանբիջից հեռանալու մասին, այն դեպքում, երբ ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների հայտարարում էին, որ քաղաքը երբեք չեն հանձնի: Քրդերը պնդում են, որ քաղաքն իրականում չեն հանձնել, ուղղակի, ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքի պաշտպանությունը փոխանցել են տեղացիներին և իրենց օգնությամբ ձևավորված ռազմական խորհրդին (Մանբիջում հիմնականում բնակվում են արաբներ, որոնց նկատմամբ Թուրքիան այդքան էլ կատեգորիկ չի տրամադրված): Ամեն դեպքում, ինչպես և պնդում էր Անկարան «Եփրատի վահան» գործողությունը սկսելուց ի վեր, քրդերը հեռացել են Եփրատի արևելյան ափ:

Նշենք, որ Մանբիջի և Էլ Բաբի ռազմավարական նշանակությունը Սիրիայի քրդերի համար կայանում էր նրանում, որ վերջիններիս նկատմամբ վերահսկողության սահմանումը նրանց հնավարություն կտա միավորել Սիրիայի հյուսիսի քրդական տարածքները հյուսիսարևմտյան Աֆրին անկլավի հետ: Նշենք, որ օգոստոսի վերջին քրդական այս երկու շրջանների միջև հեռավորություն կազմում էր ընդամենը 25 կմ: Մանբիջի գրավումից հետո, որն ի դեպ սիրիական հակամարտության ողջ ընթացքում քրդերի վարած ամենադաժան մարտն էր, քրդերին մնացել էր Սիրիայի հյուսիսում միավորված Քրդաստանի ստեղծման համար ԻՊ-ից գրավել Էլ-Բաբը: Թուրքիան բազմիցս հայտարարել է որ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումն իր համար անթույլատրել է, և  քրդերի նման հաջողություններն են գլխավորապես, որ Թուրքիային դրդել են սկսելու «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որն Անկարային պնդմամբ ուղղված է «Իսլամական պետության» դեմ, սակայն դրա շրջանակներում ավելի շատ ավիահարվածներ են հասցվում հենց քրդերի դիրքերին:

Նշենք, որ Մանբիջը թողնելը, ինչպես նաև Ռաքքայի դեմ գրոհ համար բավականին մեծ ուժեր ուղարկելը բնավ սիրիացի քրդերի շահերից չի բխում, այն դեպքում, երբ իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Բաբի վրա թուրքական գրոհին զուգահեռ քրդական որոշ ջոկատները փորձում են քաղաքին մոտենալ արևելյան կողմից: Այս առումով քրդերի գործողություններում նկատվում է վերջիններիս նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ի հստակ ազդեցությունը: Նշենք, որ ԱՄՆ-ը հավանություն չի տալիս Սիրիայի հյուսիսում իր դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին, սակայն չի ցանկանում լուրջ առճակատում ունենալ նաև Թուրքիայի հետ՝ հատկապես, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումն ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն չունի և նույնիսկ չի բացառվում, որ նման հնարավորության մասին Վաշինգտոնի հայտարարությունները կոչված էին զուտ սիրաշահելու քրդերին: Միևնույն ժամանակ այսօր հստակ չէ, թե Սիրիայի և ընդհանրապես մերձավորարևելյան քաղաքականության հարցում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինչ դրքորոշում կընդունի:

Թուրքիայի գործողությունների կապակցությամբ հետաքրքիր է նաև Սիրիայում միջազգային գլխավոր դերակատարներից նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո Մոսկվայում նախընտրում են չնկատել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ, չեն արձագանքում նաև Սիրիայում վերջինիս նախաձեռնություններին: Ռուսական ԱԳՆ-ն որոշեց նույնիսկ ուշադրություն չդարձնել քրդամետ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալահեթթի Դեմիրթաշի ձերբակալության փաստին, այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Լավրովը հանդիպել էր նրա հետ: Ակնհայտորեն Ռուսաստանը և Թուրքիան որոշակի՝ առնվազն նախնական պայմանավորվածություններ ունեն Սիրիայի հարցում, ինչի մասին վկայում է նաև երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած շփումները հետախուզական, ռազմական, ինչպես նաև դիվանագիտական մակարդակներով: Նշենք, որ Թուրքիայի հիմնական խնդիրը Սիրիայում քրդական պետության ձևավորումը թույլ չտալն է: Ռուսաստանն էլ իր հերթին Սիրիայում փորձում է պահպանել իր ռազմաբազաները և ազդեցությունն ընդհանրապես: Սիրիայում Մոսկվայի և Անկարայի այս խնդիրները կարող են միանգամայն գոյակցել միմյանց հետ, սակայն դեռևս անհասկանալի է Էրդողանի ամբիցիանները Սիրիայի հարցով այժմ սահմանափակվում են միայն Սիրիայի քրդերին ճնշելով, թե՞ Անկարան պահպանում է Ասադին տապալելու և Դամասկոսում Անկարային ձեռնտու իշխանություն նշանակելու իր հավակնությունները: Նման պարագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի լուրջ բախումն անխուսափելի է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Այս համատեքստում նշենք, որ Ռուսաստանը օրերս հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին: Սակայն գործողությունը տեղի է ունենալում ոչ թե Հալեպի արևելյան շրջաններում, ինչպես ակնկալվում էր, այլ՝ Իդլիբում: Նշենք, որ վերջինս գտնվում է Թուրքիայի կողմից հովանավորվող ապստամբների վերահսկողության տակ: Սա, իհարկե, որոշակի ազդանշան է ուղղված Թուրքիային: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Էլ-Բաբի ազատագրումից հետո Թուրքիան Սիրիայի հյուսիսում ազատագրած տարածքներում կարող է ձևավորել այսպես կոչված «սիրիական այլընտրանքային կառավարությունը» չափավոր ընդդիմության ներկայացուցիչներից: Հաշվի առնելով վերջիններիս շրջանում առկա տարաձայնություններն, այն իրականում ձևական բնույթ է ունենալու, սակայն Անկարայից ռազմական օգնություն խնդրելու վերջինիս «դիմումը» որոշակիորեն «կօրինականացնի» Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում՝ թույլ տալով ավելի լայնամասշտաբ գործողություններ սկսելու: Նշենք, որ մինչ այժմ Թուրքիան ցամաքային գործողությունները հիմնականում իրականացնում էր թուրք-սիրիական սահմանից՝ հաշվի առնելով թիրախների մոտ հեռավորությունը: Սակայն, ավելի հեռու գնացող նպատակների համար Թուրքիային հարկավոր է զորք մտցնել Սիրիայի տարածք, ինչն Անկարան որպես հակաահաբեկչական գործողություն արդեն չի կարող ներկայացնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: