ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ նշանավորվեց Ուորլիքի համանախագահությունը Ղարաբաղյան կարգավորման համար

PanArmenian Photo

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր twitter-յան էջում գրառում է արել և տեղեկացրել, որ դեկտեմբերի 31-ից հետո լքում է Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը:

Ուորլիքը Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 5-ից: Այս պաշտոնում Ուորլիքը թերևս ամենաշատն աչքի է ընկել իր թվիթերյան գրառումներով: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ամերիկացի համանախագահի գրառումները հակամարտության կարգավորման թեկուզ կազմակերպչական-տեխնիկական հարցերի վերաբերյալ թափանցիկություն են ապահովել: Միևնույն ժամանակ, Ուորլիքը բավականին ակտիվորեն շփվում էր նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ուորլիքի նման ակտիվությունը հանրային դաշտում երբեմն տպավորություն էր ստեղծում, որ համանախագահող երկրներից ԱՄՆ-ն ամենաշահագրգռվածն է հակամարտության կարգավորմամբ:

Այստեղ հարկ է նշել, որ ամերիկացի դիվանագետը ոչ միանշանակ էր ընդունվում հայ և ադրբեջանցի հասարակությունների կողմից: Ադրբեջանական կողմն Ուորլիքին ընկալում էր որպես հայամետ դիրքորոշմամբ համանախագահի. Բաքվի կարծիքով Օբամայի վարչակազմը տեղի էր տալիս հայկական լոբբիին և ընդհանուր առմամբ հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Իր պետության դիրքորոշումը հստակ արտահայտելու փոխարեն Ուորլիքը չէր ամաչում ցուցադրել իր անձևությունը: Հույս ունենք, որ ամերիկյան նոր վարչակազմն ավելի լուրջ կմոտենա Մինսկի խմբի շրջանակներում իր պարտականություններին և վերջապես կակտիվացնի իր դերակատարումը Ղարաբաղյան կարգավորման հարցում», - Ուորլիքի հեռանալու կապակցությամբ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամիդ Սեիդովը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հայ հասարակությունն, իր հերթին, Ուորլիքին ընկալում էր որպես ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող՝ հղվելով վերջինիս կողմից Մադրիդյան սկզբունքների և Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին պարբերական հայտարարություններին:

Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացում Ուորլիքի ներդրմանը, նշենք, որ այստեղ թերևս նրա անհատական դերը մղվում է երկրորդ պլան, քանի որ վերջինս պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն արտահայտողն է:  Այլ հարց է, որ համանախագահի և ընհանրապես միջնորդների ոչ հասցեական կոչերն ու արհեստական բալանսավորումը ստեղծեցին այն անպատժելիության մթնոլորտը, որն էլ ի վերջո հանգեցրեց 2016թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիային Արցախի նկատմամբ:

Ավելացնենք, որ Միսնկի խմբի համանախագահի պաշտոնը լքելու հետ մեկտեղ Ուորլիքը հեռանում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտից, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի: Ուորլիքը Պետդեպարտամենտում սկսել է աշխատել դեռ 80-ականներին, տարբեր տարիներին զբաղեցրել է Մոսկվայում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի պաշտոնը, մի քանի տարի աշխատել է Բեռլինում ամերիկյան դեսպանատանը: 2004-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում էլ` Իրաքյան պատերազմի սկզբնական շրջանում, Ուորլիքն աշխատել է որպես Բաղդադում ամերիկյան դեսպան Փոլ Բրեմերի գլխավոր խորհրդական:
2010 թվականի հունվարից մինչև 2012-ի սեպտեմբեր Ուորլիքը Բուլղարիայում Միացյալ Նահանգների դեսպանն էր: Սոֆիայում պաշտոնավարման ընթացքում նա աչքի է ընկել հատկապես այդ երկրում ռուսական ազդեցության թուլացմանն ուղղված ջանքերով: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելը  Ուորլիքը զբաղվում էր Աֆղանստանի և Պակիստանի խնդիրներով` հանդիսանալով այդ երկրներում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցչի տեղակալ:

Դիվանագետի կարիերան ավարտելուց հետո Ջ. Ուորլիքը պատրաստվում է համագործակցել ռուսաստանյան «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» հայտնի իրավաբանական ընկերության հետ: Նա պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերություններ, օրենսդրություն և հանրային քաղաքականություն զարգացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: