ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային գործարքը վտանգված է

globaltrademag.com

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հաղորդում է Reuters-ը։

«ԱՄՆ կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարաձգումը համաձայնագրի խախտում է։ Մենք այդ մասին կհաղորդենք Իրանի կոմիտեին, որը պետք է հետևեր գործարքի կատարմանը», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի ներքաղաքական փոփոխությունները գործարքի խախտման արդարացում չեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը նախօրեին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու օրինագծին: Փաստաթուղթը մասնավորապես ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաև մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը: Վերջինիս վարչակազմում ավելի վաղ հայտարարել էին, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը:

Հարկ է նշել, որ նոր փաստաթղթով սահմանվող պատժամիջոցները տնտեսական կամ ֆինանսական բնույթի չեն, որոնց չեղարկումը ենթադրում է Իրանի հետ միջուկային գործարքը: Հանրապետական կոնգրեսականների կարծիքով օրենքի երկարաձգումը նորընտիր նախագահին հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում Իրանի նկատմամբ ավելի հեշտությամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Նշենք, որ հենց այս նպատակով էր վերջերս Օբաման մեկ տարով երկարաձգել 1979 թվականին Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը: Ուստի չի բացառվում, որ Օբաման հավանություն տա նաև այս նախաձեռնությանը:

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից նման նախազգուշական քայլերի ձեռնարկումը որոշակի սպառնալիքներ է առաջացնում միջուկային գործարքի կատարման հարցում: Ստեղծված անվստահության մթնոլորտում Արևմուտքի հետ միջուկային գործարքի ձախողման դեպքում Իրանն, իր հերթին, գործողությունների պլան է մշակում: «Երբ մենք բանակցություններ էինք վարում, մշտապես հաշվի էինք առնում իրավիճակը, որ JCPOA-ն կարող է ձախողվել։ Մենք արել ենք ամեն բան, որպեսզի պատրաստ լինենք դրան։ Մենք կարող ենք 1.5 տարի անց հասնել ուրանի հարստացման մեծ ծավալի։ Սակայն մենք կնախընտրեինք չվնասել միջուկային գործարքը», - ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նշենք, որ Իրանի հետ միջուկային գործարքը սպառնալիքի տակ է հայտնվել ոչ միայն պատժամիջոցների գործողության երկարացման պատճառով: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը «ԱՄՆ-ի համար խայտառակություն է»: Թրամփն արդեն պահանջել է վերանայել և փոփոխություններ անել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրում։ Ինչպես Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի հաջորդ փոխնախագահ Մաքլ Փենսըը, Թրամփի անցումային թիմն «արդեն ներքին բանավեճ է սկսել» այն մասին, թե ինչ ապագա է սպասում միջուկային գործարքին:

Փորձագետները դեռևս հապաղում են այս հարցում կանխատեսումներ անել, քանի որ թեկնածուները պաշտոնը ստանձնելուց հետո շատ հաճախ մեղմում են նախընտրական քարոզարշավում հնչեցրած կարծիքները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: