ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի կարգավիճակի հարցը չի կարող տարանջատվել կարգավորման մյուս բաղադրիչներից

Վերջին շրջանում տարբեր մակարդակներով կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Այս հարցի վերաբերյալ հայկական կողմերի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի պատկերացումներն ու մոտեցումներն ակնհայտորեն տարբերվում են: Սա ևս մեկ անգամ դրսևորվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությամբ, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարց բարձրացնել նախնական փուլում նշանակում է թաղել խաղաղ գործընթացը»:

Այս համատեքստում, սակայն, երևի թե անհրաժեշտ է անել մի քանի պարզաբանում:

Նախ, բանակցային սեղանի շուրջ քննարկվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչները, այդ թվում նաև կարգավիճակի հարցը: Այս մասին մի քանի անգամ հայտարարել են նաև համանախագահները, և Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե կարգավիճակի մասին բարձրաձայնելը նախնական փուլում կարող է խանգարել խաղաղ գործընթացին, ոչ այլ ինչ է, քան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանության խախտում:

Երկրորդ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս են հայտարարել, որ բանակցություններն իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Նման պարագայում հարց է առաջանում, թե ազգերի ինքնորոշման իրավունքը տարանջատելով մյուսներից, ինչի՞ է ձգտում Ադրբեջանը:

Երրորդ, 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով արդեն իսկ որոշել է իր կարգավիճակը՝ ունենալ անկախ պետություն, և նոր հանրաքվեի համաձայնելը զիջում է նրանց կողմից՝ հանուն հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման:

Այս համատեքստում պետք է նաև նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Ալիևն է պատկերացնում, երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանի Հանրապետության: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան, հայ զինվորների գլխատումներն ու քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախի ժողովուրդը, մեղմ ասած, չի կարող որևէ ընդհանուր բան ունենալ Ադրբեջանի հետ: Ավելին, կարծես թե Ադրբեջանի իշխանությունները մոռացել են, որ հենց իրենք են 1998թ-ին հրաժարվել «Ընդհանուր պետություն» փաթեթից:

Այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Բաքուն չի կարող որևէ լուծում պարտադրել, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի այդ երկրի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, չի կարող դրվել հարցականի տակ՝ վտանգելով կարգավորման խաղաղ գործընթացը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: