ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան-Իսրայել. Բաքուն դավաճանում է «իսլամական համերաշխության» գաղափարը

Ադրբեջանում այս շաբաթ ընդունեցին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Իսրայելի վարչապետն առանձնահատուկ ներդրում ունի Ադրբեջանի և Իսրայելի միջև ներկա հարաբերությունների կառուցման գործում: Հիշեցնենք, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև տնտեսական և քաղաքական համագործակցության խորացման հիմքերը դրել է հենց Նեթանյահուն, ով 1998 թվականին դարձավ Ադրբեջան այցելած իսրայելցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան:

Հանդիպման ժամանակ ինչպես Իլհամ Ալիևը, այնպես էլ Բենյամին Նեթանյահուն ջանք չխնայեցին Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթն ու դրանց կարևորությունն ընդգծելու համար: Իրականում, Բաքուն և Թել Ավիվը մի շարք խնդիրներ են լուծում, երբ հայտարարում են իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների մասին:

Իսրայելի համար Ադրբեջանի, ինչպես նաև Միջին Ասիայի (հիշեցնենք, որ Ադրբեջանից հետո Նեթանյահուն առաջին անգամ մեկնել է Ղազախստան) նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է տարածաշրջանի հարուստ էներգառեսուրսներով, որոնք էլ հանդիսանում են այս երկրների հետ Իսրայելի առևտրատնտեսական հարաբերությունների գլխավոր բաղադրիչը: Միևնույն ժամանակ Իսրայելը դիտարկում է միջինասիական երկրների միջոցով եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունը: Իսրայելը չի թաքցնում նաև, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է հատկապես Իրանին հարված հասցնելու համար համապատասխան հարթակի անհրաժեշտությունից:

Չնայած վերոնշյալ հարաբերությունների կարևորությանը՝ Իսրայելի համար միջինասիական մուսուլմանական երկրների հետ համագործակցությունն ավելի կարևոր է հրեաների և մուսուլմանների միջև գոյակցության հնարավորությունը ցույց տալու տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում ձգտել է հարաբերություններ կառուցել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ (դրա ամենավառ օրինակը, թերևս, Թուրքիայի հետ հաստատված ամուր հարաբերություններն են): Եվ միջինասիական երկրներն այս տեսանկյունից Իսրայելի համար առանձնահատուկ կարևորություն ունեն: Բացի այդ, այս երկրների հետ համագործակցության միջոցով Իսրայելը փորձում է թուլացնել Իրանի հետ նրանց կապերը:

Հատկանշական է նաև, որ եթե 90-ականների սկզբում Հարավային Կովկասի և Միջին Ասիայի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունն իրականացվում էր ավելի շատ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը հաշվի առնելով և նրանց որոշակի միջնորդությամբ, ապա այսօր Իսրայելի քաղաքականությունն ավելի ինքնաբավ բնույթ է կրում, և իրականացվում է Ռուսաստանի և Թուրքիայի լուռ համաձայնության պայմաններում: Նշենք նաև, որ տարածաշրջանում իր քաղաքականության ակտիվացման համար Իսրայելը մեծապես օգտագործել է տնտեսական գործոնը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Բաքուն իր խնդիրներն է լուծում Իսրայելի հետ հարաբերություններով: Նախ, Ադրբեջանի համար կարևոր է Իսրայելի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, հատկապես էներգետիկ և ռազմական համագործակցության տեսանկյունից: Մասնավորապես, Իսրայելի նավթի մոտ 40%-ը մատակարարվում է Ադրբեջանից: Իսկ Ալիևի հայտարարության համաձայն երկու երկրների միջև ռազմական ոլորտում կնքված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ավելին, տեղեկություններ կան այն մասին, որ կողմերը բանակցություններ են սկսել անվտանգության համաձայնագրի շուրջ:

Երկրորդ, Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է ԱՄՆ-ի հետ Իսրայելի սերտ հարաբերություններով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին ակտիվորեն ներկայացնում է Ադրբեջանի շահերը:

Բացի այդ, թե՛ Իսրայելում, թե՛ Ադրբեջանում բավական հեռանկարային են համարում Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել առանցքի ձևավորման գաղափարը: Եթե Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության պայմաններում այս միության գաղափարը խնդրահարույց էր թվում, ապա թուրք-իսրայելական հաշտեցման ներկա գործընթացի համատեքստում այս գաղափարը կյանքի կոչման նոր հնարավորություններ է ստանում: Ընդ որում, Ադրբեջանում չեն բացառում, որ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել միությունը կարող է որպես հակակշիռ ծառայել Հայաստան-Իրան-Ռուսաստան  համագործակցությանը: Միևնույն ժամանակ Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:

Եվ չնայած վերանշյալ բոլոր գործոններին՝ Ադրբեջանը խուսափում է Իսրայելի հետ հարաբերություններին հրապարակային բնույթ տալուց՝ զգուշանալով Իրանի արձագանքից: Եվ այս տեսանկյունից Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան դարձավ իսրայելա-ադրբեջանական այսբերգի երևացող հատվածի բացառիկ մասնիկներից մեկը: Իրանական ղեկավարությունը բազմիցս ակնարկել են Ադրբեջանին, որ «իսլամական աշխարհի թշնամու հետ հարաբերությունները հղի են լրջագույն հետևանքներով Բաքվի համար»: Եվ հենց այն պատճառով, որ Ադրբեջանն անկարող է անտեսել Իրանի շահերը, ինչի վկայություն է օրինակ այն հանգամանքը, որ Իսրայելում մինչ այժմ Ադրբեջանի դեսպանատուն չի բացվել (թեև Իսրայելում կարծում էին, որ 2009 թվականին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը Բաքու կօգնի այս խնդրի կարգավորմանը), ավելին՝ Ադրբեջանի նախագահը կամ վարչապետը երբեք Իսրայել չեն այցելել՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեռևս 1993 թվականից:

Բայց մի՞թե Ադրբեջանում մոռացել են «իսլամական համերաշխության» գաղափարի մասին, որը վերջին տարիներին ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից: Ադրբեջանում շատ լավ հիշում են «իսլամական միասնության» մասին հատկապես միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ և այլն) հակահայկական քայլեր ծրագրելիս՝ պահանջելով մուսուլմանական երկրներից հավատարիմ մնալ «իսլամական համերաշխությանը»:

Տրամաբանական է, որ Ադրբեջանը պետք է պատասխան տա մուսուլմանական երկրներին, թե ինչպես է ստացվում, որ հիմա էլ հանուն Իսրայելի ինքն է դավաճանում «իսլամական միասնությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: