ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 187,65 դրամ ԱՐԾԱԹ - 256,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 226,23 դրամ

Ադրբեջանը փորձում է Իսրայելի օգնությամբ հակակշիռ ստեղծել հայ-իրանական հարաբերություններին

azertag.az

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանում սպասում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նույն օրը երեկոյան Նեթանյահուն մեկնելու է Ղազախստան: Ադրբեջանում Նեթանյահուն հանդիպելու է երկրի նախագահի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ: Այլ մանրամասներ կողմերն այցի վերաբերյալ չեն հրապարակում:

 Նշենք, որ Ադրբեջանում Իսրայելի վարչապետի այցին վաղուց են սպասում: Արդեն մի քանի տարի է՝ այցի վերաբերյալ լուրեր են տարածվում, բայց այն այդպես էլ չի կայանում:

Եվ չնայած պաշտոնական տեղեկությունների բացակայությանը՝ թեժ քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության խորացման հնարավորությունը: Մասնավորապես, իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը Breaking Israel News-ին տված հարցազրույցում խոսել է Նեթանյահուի այցի «ռազմավարական կարևորության» մասին:  Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ կողմերը բանակցություններ են սկսել անվտանգության համաձայնագրի շուրջ՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի, և երկու երկրները կկարողանան ստորագրել այն:

Տեղեկության համաձայն կողմերը պարտավորություն են ստանձնել ընդլայնել համակողմանի համագործակցությունն անվտանգության ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ Իսրայելը պարտավորվել է տեխնիկական սարքավորումներ և առաջադեմ անվտանգության համակարգեր տեղակայել և մոբիլիզացնել Ադրբեջանում:

Իսրայելցի պաշտոնյան նաև հայտնել է, որ «նախնական համաձայնությամբ Մոսադը սերտորեն աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, հեղաշրջման փորձերի դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային բազմակողմ կոալիցիաների ձևավորման հարցերում»: Այս նպատակով Մոսադի մի շարք փորձառու գործիչներ տեղակայվելու են Բաքվում:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը, հատկապես էներգետիկ և ռազմական ոլորտում, վերջին տարիներին էապես ակտիվացել է: Մասնավորապես, Իսրայելի նավթի 20-40%-ը մատակարարվում է Ադրբեջանից: 2012 թվականին Իսրայելը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ, որը նախատեսում էր Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառք: 2016 թվականի հոկտեմբերին տեղեկություն հայտնվեց նաև այն մասին, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

Իսրայելը չի թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է հատկապես Իրանին հարված հասցնելու համար համապատասխան հարթակի անհրաժեշտությունից: Իսկ Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը: Մինչդեռ Թեհրանում ուշադիր հետևում են Թել Ավիվի և Բաքվի մտերմությանը, և հենց այս հանգամանքը մեծապես կաշկանդում է Ադրբեջանին Իսրայելի հետ խորացող հարաբերություններին հրապարակային բնույթ տալու հարցում: Թերևս հենց այս պատճառով Իսրայելում մինչ այժմ Ադրբեջանի դեսպանատուն չի բացվել, իսկ Ադրբեջանի նախագահը կամ վարչապետը երբեք Իսրայել չեն այցելել: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են «Մոսադ»-ի ղեկավարի հարցազրույցի հավաստիությունը՝ փորձելով ներկայացնել այն որպես հայկական կողմի տարածած ապատեղեկատվություն: Մինչդեռ իրական պատճառը կայանում է նրանում, որ Ադրբեջանը, զգուշանալով իրանական արձագանքից, փորձում է խուսափել Իսրայելի հետ հարաբերություններին հրապարակային բնույթ հաղորդելուց: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
15°  29° 
24.06.2017
17°  31° 
25.06.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի առաջիկա 10 տարվա ընթացքում: