ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը և ուժային կենտրոնները. 2016թ ամփոփում

2016թ.-ը Վրաստանի համար բավական ակտիվ և հագեցած տարի էր: Վրաստանյան ներքաղաքական գործընթացները, մասնավորապես խորհրդարանական ընտրությունները թեև իրենց հետքն էին թողնում նաև արտաքին քաղաքականության վրա, սակայն դա չխանգարեց, որ պաշտոնական Թբիլիսին տարբեր ուղղություններով արձանագրի զգալի հաջողություններ: Փորձենք համառոտ ներկայացնել Վրաստանի արտաքին քաղաքականությունը ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններում 2016թ.-ին և հիմնական ձեռքբերումները:

Վրաստան-ԵՄ: Որպես Ասոցացման համաձայնագիրը ստորագրած և եվրաինտեգրումը գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթություն սահմանած երկիր՝ Վրաստանը 2016թ.-ին բավական ակտիվ շփումների մեջ էր ինչպես Բրյուսելի այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Եվրաինտեգրման ուղղությամբ ամենանշանակալի իրադարձություններից էր դեռևս 2014թ. հոկտեմբերի 1-ից ժամանակավորապես ուժի մեջ մտած՝ ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի լիարժեք գործառության մեջ մտնելը: Այդպիսով՝ Ասոցացման համաձայնագիրը դարձավ ԵՄ-Վրաստան հարաբերությունների կարգավորման նոր իրավական հիմք և փոխարինեց 1996թ. «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին:

ԵՄ-ի հետ հարաբերություններում Թբիլիսիի մյուս կարևոր ձեռքբերումը, թերևս, Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման որոշումնէր: Այս հարցը ողջ տարվա ընթացքում բավական շահարկվեց, որոշ ԵՄ երկրներ անգամ հանդես եկան մերժողական դիրքորոշմամբ, ինչը հանգեցրեց որոշակի ձգձգումների: Այնուամենայնիվ, Թբիլիսիի կողմից բավական ակտիվ երկխոսության և պարբերական այցերի միջոցով հաջողվեց հասնել գործընթացի ակտիվացման և արագացման: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 5-ին, Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն ԵՄ Խորհրդի անունից հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ «առանց վիզային ռեժիմ» սահմանելուն: Հաջորդ քայլը այդ որոշման վերաբերյալ քվեարկությունն է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, որը տեղի կունենա 2017թ. հունվարին կամ փետրվարին և ամենայն հավանականությամբ կհաստատվի։ Արդեն ամենաուշը ապրիլի վերջից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան կարճաժամկետ այցելություններ (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում) կատարելու Շենգենյան գոտի, որն ընդգրկում է ԵՄ անդամ 22 երկիր, ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկիր, ինչպես նաև ԵՄ անդամ հանդիսացող և Շենգենյան գոտի մտնելու թեկնածու 4 երկիր։

Վրաստան-ՆԱՏՕ: Բացի եվրաինտեգրումից՝ վրացական իշխանությունները պաշտոնապես հայտարարել են նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու քայլերը եվրոատլանտյան ինտեգրման ուղղությամբ: Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների տեսանկյունից բավական լուրջ ձեռքբերումներ գրանցվեցին հուլիսին կայացած Վարշավայի գագաթաժողովին: Ընդունված համատեղ կոմյունիկեում խոսվում է համագործակցության խորացման նոր նախաձեռնությունների մասին: Որոշում է կայացվել, որ ՆԱՏՕ-ն կօժանդակի Վրաստանի ՀՕՊ համակարգի զարգացմանը և դրա ինտեգրմանը դաշինքի համակարգին: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն առավել մեծ ուշադրություն է դարձնելու Սևծովյան տարածաշրջանում անվտանգության խնդիրներին: Ըստ էության՝ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական կարևոր են Վրաստանի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցության տեսանկյունից այս գագաթաժողովը ևս որևէ զգալի առաջընթաց չարձանագրեց: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով հայտարարել են, որ դաշինքը այժմ ընդլայնման որևէ ծրագրեր չունի, իսկ ցանկացած երկրի անդամակցության համար անհրաժեշտ է Անդամակցության գործողությունների պլան (MAP), որը, ի դեպ, Վրաստանը դեռևս չի ստացել:

Այս տարի ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի փոխգործակցության շրջանակներում Վրաստանում կայացել են նաև մի շարք զորավարժություններ, թրեյնինգներ, որոնցից թերևս կարելի է առանձնացնել մայիսին Վրաստանում կայացած «Արժանի գործընկեր» զորավարժությունը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Վրաստան) և «ՆԱՏՕ-Վրաստան 2016» թվով երկրորդ համատեղ զորավարժությունը:

Վրաստան-ԱՄՆ: 2016թ.-ին վրաց-ամերիկյան հարաբերություններին դրական ազդակներ էին հաղորդում երկկողմ փոխայցելությունները, որոնցից կարելի է առանձնացնել Վրաստանի նախագահի, վարչապետի այցերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Թբիլիսի և այլն: Վրաց-ամերիկյան հարաբերություններում տարվա ձեռքբերումը թերևս կարելի է համարել հուլիսի 6-ին Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագրի ստորագրումը։ Հուշագրի շրջանակներում ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերելու Վրաստանին մի շարք ուղղություններով՝ սկսած պաշտպանական բնույթի գնումներից մինչև տեղեկատվության լայն փոխանակում։

Վրաստան-Ռուսաստան: Ռուս-վրացական հարաբերություններում տարին էական առաջընթաց չապահովեց, հակառակը՝ պարբերաբար արձանագրվում էր լարվածության աճ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, նկարագրելով երկրի արտաքին քաղաքականությունը, հայտարարեց, որ հետխորհրդային Վրաստանի ապագան Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ լինելն է, միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները պետք է փորձեն կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ «ի վնաս տարածքային ամբողջականության և ինքնիշխան ընտրության»։

 

Տարեսկզբին հերքվեցին Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ շրջանառվող լուրերը, բացիայդ՝ Ռուսաստանն իր դժգոհությունը հայտնեց «Վրաստանում նկատվող հակառուսական քարոզչության հետ կապված»: Թբիլիսին իր հերթին բավական կտրուկ արձագանքեց Պետդումայի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պետական սահմանի մասին պայմանագրի, Ռուսաստանի և Աբխազիայի միջև միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ պայմանագրի վավերացման և այլ խնդիրների հետ կապված:

Չնայած բարդ հարաբերություններին՝ կողմերին հաջողվեց համաձայնության գալ 2016թ.-ին Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ: Նշենք, որ ռուսական կողմը տարանցման համար առաջարկում է վճարել գումարով, իսկ վրացական կողմը ցանկանում է պահպանել նախկին կարգը՝ շարունակելով ստանալ տարանցված ողջ գազի ծավալի 10%-ը: Դեկտեմբերին, սակայն, նույն խնդրի շուրջ մեկնարկած բանակցությունները ավարտվել են անարդյունք և դեռ շարունակվելու են:

Վրաստան-Չինաստան: Վրաց-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից տարին բավական արդյունավետ էր: ՉԺՀ քաղխորհրդի փոխքարտուղար Չժան Գաոլիի գլխավորած կառավարական պատվիրակության այցը բավական լուրջ խթան էր երկու երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի շուրջ բանակցությունների համար: Բացի այդ՝ չինական ներդրումների ներգրավման և առևտրի զարգացման նպատակով այցի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին ստեղծել առևտրային և ներդրումային խորհուրդներ։ Հոկտեմբերին արդեն ստորագրվեց հուշագիր Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Ռեկորդային 7 ամիս տևած հաջող բանակցությունների շնորհիվ նախատեսվում է, որ արդեն 2017թ.-ի կեսերին պայմանագիրը կմտնի ուժի մեջ՝ հնարավորություն տալով վրացական ապրանքներին զրոյական մաքսատուրքերով մտնել եվրոպական շուկա:

Ամփոփելով կարող ենք նշել, որ չնայած տարաբնույթ խնդիրներին և ներքաղաքական գործընթացներին՝ ընդհանուր առմամբ 2016թ.-ին Վրաստանին հաջողվել է ուժային կենտրոնների հետ իր փոխգործակցության շրջանակներում որոշակի հաջողությունների հասնել: Արձանագրված արդյունքները բավական կարևոր են ինչպես միջազգային հարաբերություններում Վրաստանի դերակատարման մեծացման, այնպես էլ երկրի տնտեսական զարգացմանը նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: