ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016-ը հայ-իրանական ակտիվ համագործակցության տարի էր

president.am

2016 թվականը հայ-իրանական հարաբերությունների համար ակտիվ համագործակցության տարի էր թե՛ երկկողմ կապերի խորացման, թե՛ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացման տեսանկյունից: Միջուկային գործարքի կնքումը, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը, ինչպես նաև Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումն էլ ավելի նպաստեցին տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը: Հայաստանի և Իրանի նախաձեռնողականությունն  և աշխատանքը նպատակ էին հետապնդում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին: Եվ այս տեսանկյունից տարին իսկապես առանձնահատուկ էր, և կարելի է փաստել, որ զգալի առաջընթաց է գրանցվել: 

Երևանի և Թեհրանի միջև զբոսաշրջության խթանման և առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից տարվա կարևոր իրադարձություններից էին Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացման հուշագիրը, Թեհրանում տեղի ունեցած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը, ինչպես նաև Երևանում կայացած Հայաստան-Իրան գործարարների համաժողովը:

Ուշադրության կենտրոնում էր հատկապես էներգետիկ և տրանսպորտային փոխգործակցությունը: Շարունակվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը: Ակտիվ քննարկումների փուլում են գտնվում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկումը (2016-ին Երևանում 4 երկրները ստորագրեցին Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը և Փոխըմբռնման հուշագիրը), Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծումը, ՀՀ-Իրան սահմանային հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը՝ որպես միջմարզային համագործակցության խորացման հաջող օրինակ, Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը, իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու հնարավորությունը և այլն: Բավական հեռանկարային է համարվում նաև համագործակցության խորացումը բանկային ոլորտում: Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝  հնարավորինս արագ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար :

Ողջ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ակտիվ համագործակցության արդյունքներն ու առաջիկա անելիքներն ամփոփվեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Ակնկալվում է, որ 2017 թվականին ՀՀ նախագահի պատասխան այցը Թեհրան նոր լիցք կհաղորդի հայ-իրանական կապերի ամրապնդմանը:

Խոսելով քաղաքական հարաբերություններից՝ պետք է փաստել, որ դրանք շարունակում են զարգանալ առանց որևէ լուրջ խոչընդոտի: Հատկանշական է, որ ինչպես Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում, այնպես էլ ապրիլյան պատերազմի օրերին Իրանը դրական չեզոքություն պահպանեց՝ փորձելով նաև հանդես գալ միջնորդական նախաձեռնողականությամբ: Հայաստանում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ու աջակցելու պատրաստակամությունը բարձր են գնահատում՝ ակնկալելով, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Իրանի հետ ամուր հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար պայմանավորված է ևս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանքով: Իրան-Հայաստան համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության լավագույն օրինակներից է և ապացուցում է, որ տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում հնարավոր է միջկրոնական և միջմշակութային խաղաղ գոյակցություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: