ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 396,58 դրամ ԱՐԾԱԹ - 258,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 319,21 դրամ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2016 թվականին. տարվա ամփոփում

Foreign Policy Blogs

2016 թվականը բավական բարդ տարի էր Թուրքիայի համար: Բացի ներքին խնդիրներից Թուրքիան ոչ պակաս լուրջ մարտահրավերներ ունեցավ նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որոշակի խնդիրներ առկա էին երկրի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից գրեթե բոլորում:

Իրավիճակն առավել սրվեց 2016-ի հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո: Նախագահ Էրդողանի նախաձեռած բռնաճնշումների ու այլախոհներին հալածելու քաղաքականությունն անարձագանք չմնաց հատկապես Արևմուտքի կողմից: Բավական խիստ էր արձագանք նաև մահապատժի վերականգնման նախաձեռնության հետ կապված: Սակայն, ըստ էության, այդ ամենը որևէ ազդեցություն չունեցավ Էրդողանի՝ ստեղծված հարմար առիթը օգտագործելու և ներքին թշնամիներին չեզոքացնելու քաղաքականության վրա:

Արտաքին քաղաքականության տեսակյունից տարին բավական հետաքրքիր զարգացումներ արձանագրեց թուրք-ռուսական հարաբերություններում: Ռուսական ինքնաթիռի միջադեպի հետ կապված փոխադարձ մեղադրանքներն ու գոյություն ունեցող լարվածությունը պահպանվեց տարվա առաջին կեսին: Չնայած ակնհայտ էր թուրքական կողմի շահագրգռվածությունը երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում, սակայն ռուսական կողմը բավական երկար ժամանակ անդրդվելի էր և շարունակ մեղադրում էր թուրքերին՝ երկու պետությունների հարաբերությունները փչացնելու հարցում: Նույն համատեքստում մեկնաբանվեց նաև մայիսին ՌԴ նախագահ Պուտինի չմեկնելը Ստամբուլ՝ Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովին մասնակցելու: Ռուսական կողմը բավական կոշտ հայտարարություններ էր անում նաև կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ:

Ապրիլին ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին մի քանի անգամ հայտարարեց նախագահ Էրդողանը, այնուհետև Մևլութ Չավուշօղլուն նշեց, որ եթե ռուսական կողմը ցանկանա վերականգնել հարաբերությունները, ապա Թուրքիան պատրաստ է: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը տեղ էր գտել նաև Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական կողմի շահագրգռվածությունը լիովին բացատրելի և հասկանալի է տնտեսական տեսանկյունից: Բավական է միայն նշել, որ 2016-ի առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել էր 90 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դրան գումարած նաև այն, որ ռուսական «Ռոսսելխոզնադզոռ»-ի կողմից հայտնաբերված վիրուսների ու անթույլատրելի տարրերի պատճառով արգելվել էր Թուրքիայից մի շարք մթերքների ներմուծումը Ռուսաստան:

Ռուսները պնդում էին, որ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան պիտի բավարարի իրենց պահանջներն, այն է՝ ներողություն խնդրի ռուս օդաչուների սպանության համար, փոխհատուցում վճարի, ինչպես նաև պատժի մեղավորներին: Սպասված «ներողությունը» եղավ արդեն հունիսի վերջին, երբ ՌԴ մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունից պարզ դարձավ, որ Էրդողանը նոր նամակ է ուղարկել Պուտինին, որում ներողություն է խնդրել կատարվածի համար: Այս հայտարարությանը հետևեց թուրքական արձագանքը, որ ոչ թե ներողություն են խնդրել, այլ ափսոսանք հայտնել: Սակայն, դրանից հետո արդեն եղան երկկողմ հայտարարություններ՝ հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին, տեղի ունեցավ Էրդողան-Պուտին 40 րոպեանոց հեռախոսազրույցը, ապա՝ Չավուշօղլու-Լավրով հանդիպումը, որին օգոստոսին հետևեց արդեն երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև սպանված օդաչուների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հետ կապված: Նոր մեկնարկ տրվեց սառեցված տնտեսական կապերին, ինչն այնքան կարևոր էր Թուրքիայի համար:

Հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ կենսական կարևորություն ուներ Թուրքիայի համար, և խնդիրն այստեղ միայն տնտեսական շահագրգռվածությունը չէ: Երկրի ներսում եղած խնդիրների կողքին ունենալ նաև արտաքին այնպիսի մեծ մարտահրավեր, ինչպիսին ՌԴ բացահայտ թշնամական դիրքորոշումն է, կարող էր շատ թանկ նստել Էրդողանի համար: Բնականաբար, հարաբերությունները կարգավորելու իրենց մոտիվացիան ունեին նաև ռուսները: Այս է թերևս պատճառը, որ ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում խոչընդոտ չհանդիսացավ անգամ տարեվերջին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, ինչը երկու կողմերն էլ որակեցին որպես սադրանք՝ ուղղված իրենց հարաբերությունների կարգավորման դեմ:

2016 թվականը բավական բարդ էր նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից: Ամերիկյան կողմը, ինչպես և Եվրոպան, բաց չէր թողնում ոչ մի հարմար առիթ Թուրքիային երկրի ներսում մարդու իրավունքների պարբերական խախտումների ու հալածանքների մեջ մեղադրելու համար: Հիմնականում քրդական գործոնով պայմանավորված՝ Թուրքիայի վարած քաղաքականությունից ԱՄՆ դժգոհությունը ցույց տրվեց ամենաբարձր մակարդակով: Այսպես, երբ մարտին Էրդողանը մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին, ինչպես նաև Մերիլենդ նահանգում իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվեց պաշտոնական երկկողմ հանդիպում ունենալ Էրդողանի հետ, և բավարարվեց միայն ոչ պաշտոնական հանդիպմամբ։ Օբաման չընդունեց նաև ԱՄՆ-ում իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությանը մասնակցելու Էրդողանի հրավերը։ 

Ամերիկյան կողմը մի քանի անգամ հայտարարեց նաև, որ շարունակելու է Սիրիայի քրդերի (YPG) հետ համագործակցությունը, ինչին հետևեց Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, թե YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ ԱՄՆ-ն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները Թուրքիայի նկատմամբ՝ կապված Սիրիայի սահմանին ամերիկյան HIMARS համազարկի ռեակտիվ համակարգեր տեղակայելու հետ: Թուրքիան հայտարարեց նաև, որ հրաժարվելու է ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնելուց և զարկ է տալու ԱԹՍ-ների սեփական արտադրությունը:

Հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի տապալումից հետո իշխանությունների կողմից որպես հիմնական կազմակերպիչ նշվեց ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, ում արտահանձնման հարցը թուրքերը նորից օրակարգ բերեցին: Սակայն ամերիկյան կողմը չբավարարեց նրանց այս պահանջը՝ նշելով, որ նախ չկան հեղաշրջման կազմակերպմանը Գյուլենի մասնակցությունը ապացուցող բավարար ապացույցներ, և հետո այն, որ   ԱՄՆ-ում չեն հավատում, որ արտահանձնման դեպքում Թուրքիայում Գյուլենին կսպասի արդար ու թափանցիկ դատավարություն: Գյուլենի արտահանձնման հարցը քննարկվեց նաև սեպտեմբերին Չինաստանում, երբ G20 գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահի հանդիպումը: Ավելի ուշ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Գյուլենը համեմատվեց անգամ Ուսամա բեն Լադենի հետ: Ընդհանուր առմամբ, համաձայն Թուրքիայի պաշտոնական հայտարարության՝ Գյուլենի մեղավորությունը ապացուցող 88 արկղ փաստաթուղթ է ուղարկվել ԱՄՆ, սակայն 2016-ի ընթացքում այս հարցում Թուրքիային այդպես էլ չհաջողվեց որևէ առաջընթաց գրանցել, ինչը որոշ փորձագետներ բացատրում են նաև ԱՄՆ-ում տարվա ընթացքում եղած նախընտրական և ընտրական խառը գործընթացների հետ:

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների առանցքում 2016 թվականին փախստականների խնդիրն էր: Տարեսկզբին՝ փետրվարին, ԵՄ-ն հաստատեց փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու մասին որոշումը, ինչին Թուրքիան պատասխանեց, թե այդ գումարը բավարար չէ Թուրքիայում ապաստանած փախստականների խնդիրները լուծելու համար: Մարտի 20-ին ուժի մեջ մտավ Եվրոպա փախստականների և ներգաղթյալների հոսքի սահմանափակման վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը, որով Թուրքիան պարտավորվեց սահմանափակել ԵՄ փախստականների հոսքն իր տարածքից և ԵՄ-ից հետ ընդունել ապօրինի ներգաղթյալներին։ Սրան հետևեց արդեն պայմանավորվածությունները չկատարելու հարցում փոխադարձ մեղադրանքների հոսքը: Շատ եվրոպացի գործիչներ բացահայտ դժգոհություն հայտնեցին կնքված համաձայնագրից և Թուրքիայի պահվածքից՝ նշելով, որ Թուրքիան արդեն շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: Էրդողանը մայիսին բացահայտ սպառնաց ԵՄ-ին, որ դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե իր քաղաքացիներին ԵՄ-ն չտրամադրի ոչ վիզային ռեժիմ, ինչի համար սակայն Թուրքիան նախապես պարտավորվել էր մինչև հունիսի վերջ կատարել ԵՄ մի շարք պահանջներ, օրինակ՝ հակաահաբեկչական օրենսդրությունը վերանայել, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին, ապա նշենք, որ հունիսին բացվեց  ԵՄ-ին Թուրքիայիանդամակցության գործընթացի նոր գլուխ՝ 16-րդը: Սակայն ընդհանուր առմամբ Եվրոպան շարունակում էր դժգոհ մնալ Թուրքիայից՝ պարտավորությունները չկատարելու ու եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու համար: Խոսքն առավելապես մարդու իրավունքների խախտումներին, ԶԼՄ-ների հանդեպ հալածանքներին ու հետապնդումներին էր վերաբերում, որոնց մասին փաստերը արձանագրեցին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Ավելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ նույն տեմպերով շարունակելու դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ:  

Ինչ վերաբերում է Թուրքիայի հարաբերություններին տարածաշրջանի պետությունների հետ, ապա այստեղ կարող ենք արձանագրել, որ սկիզբ դրվեց տարբեր ձևաչափերով համագործակցության: Որոշակի ջերմացում գրանցվեց Իրանի հետ հարաբերություններում: Ապրիլի սկզբին Իրանում տեղի ունեցավ Թուրքիայի Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը, որում քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք այլ հարցեր:

Մայիսին կրկին եռակողմ, բայց արդեն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ հանդիպում տեղի ունեցավ Գաբալայում, որտեղ հայտարարվեց, որ երեք պետությունները համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Քննարկվեցին նաև տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հոկտեմբերին Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց նաև, որ 2017թ. արդեն շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ինչը տնտեսապես խիստ ձեռնտու է Թուրքիային:

Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում օգոստոսին Էրդողանը հայտարարեց, որ ի լրացումն գոյություն ունեցող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հարթակի, իրենք առաջարկել են ստեղծել նաև Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հարթակ, որտեղ կարող է քննարկվել նաև Ղարաբաղյան հիմնահարցը:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում Թուրքիան որդեգրել է դիրքերը ամրապնդելու, տարբեր ձևաչափերով համագործակցությունների առանցք դառնալու քաղաքականություն, իսկ թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորումը միայն կնպաստի դրան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 22.53 կմ/ժ
22 C°
 
19°  31° 
30.06.2017
18°  30° 
01.07.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի առաջիկա 10 տարվա ընթացքում: