ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեմալ Փաշայի թոռը՝ Հրանտ Դինքին. «Դու գիտեիր, որ այս երկրում պատմությանը դիպչելը վտանգավոր է»

Agos

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքի իր սյունակում հոդված է հրապարակել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է Tert.am-ը:


Դիմելով իր հին ընկերոջը՝ Դինքին, Հասան Ջեմալը նշել է, որ նրա մահից հետո Թուրքիայում անօրենություններն ու ժողովրդի ապրած ցավերը ոչ միայն չեն դադարել, այլև Դինքին սիրող ու նրա արժեքները կրող բազմաթիվ լրագրողներ այժմ անցնում են ամենաբարդ ժամանակների միջով:


Ստորև ներկայացնում ենք Հասան Ջեմալի հոդվածը՝ որոշակի կրճատումներով.

«Սիրելի եղբայրս...


10 տարի անցավ…

Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, գնացինք Սուրբ Մարիայի եկեղեցի, մասնակցեցինք պատարագի: Փոքրիկ երեխաների՝ դաշնամուրի նվագակցությամբ երգած շարականները շատ գեղեցիկ էին և նույնչափ խաղաղությամբ լի:

Հետո բոլորս միասին Բանսամյան վարժարանում տոնական ճաշի մասնակցեցինք:

Մի երիտասարդ դուդուկ նվագեց, մի կին էլ «Սարի աղջիկ»-ը երգեց:

Մեր աչքերն արցունքով լցվեցին: 

Տեսանկարահանեցի, ուղարկեցի սիրելի Ռաքելին:

Կրկին դժվար ժամանակներ ենք ապրում: 

Հոգիս այնքան լցված է խնդիրներով...

Քո կողմից սիրված ու քեզ սիրող բազմաթիվ մարդիկ կամ բանտում են, կամ վտարված: 

Այնպիսի մի Սահմանադրություն է գալիս, որ եթե հանրաքվեով հաստատվի՝ մեկ անձ ինքն իրենով կկարողանա իշխանության բոլոր լծակներն իր ձեռքն առնելով նստել մեր գլխին: 

Խեղդվում է խոսքի ազատությունը, բանտերը լցվում են, քրդերը սատանայի կերպարանքի տակ են ներկայացվում, ցեղասպանության մասին խոսելը կրկին տաբույացվում է: 

Գարո Փայլանի՝ Մեջլիսի ամբիոնից ունեցած ելույթը, որի ընթացքում կիրառեց նաև ցեղասպանություն բառը, մեծ իրարանցում առաջացրեց: 

Սիրելի Գարոն, որը խայտառակություն էր անվանել այս նոր Սահմանադրությունը և պահանջում էր հրաժարվել այդ սահմանադրական փոփոխություններից, «բազմազանությունը կորցրինք ցեղասպանությունների և կոտորածների պատճառով» ասելուց հետո ենթարկվեց պատժի՝ զրկվելով առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից: Նրա ելույթը նիստի արձանագրությունից ջնջվեց: 

Հունվարի 19-ին քեզ սիրողները ժողովրդավարության, օրենքի գերակայության, եղբայրության և ազատության կողմնակիցների հետ կրկին հավաքվելու են «Ակօսի» դիմաց: 

Մի ժամանակ դու էլ, երբ դիպչում էիր պատմության էջերին, գիտեիր, որ կրակի հետ ես խաղում: 

Իհարկե, դու գիտեիր, որ այս երկրում պատմությանը դիպչելը, ստի մեջ ապրել չցանկանալը, մարդկային ուղեղի ազատագրման համար պայքարելը շատ չարագուշակ ու վտանգավոր է: 

Սակայն ի հեճուկս ամենի՝ քարերն իրենց տեղից շարժելու հարցում դու վճռական էիր, քանի որ կասկած չունեիր, որ այս երկրում մարդկանց ուղեղները մի գեղեցիկ օր կազատագրվեն և որ ի վերջո այս հողերը կկշտանան ողբերգություններից: 

Դու մինչև վերջ ջանք չխնայեցիր մեր առաջ բացահայտելու պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: 

Մի՛ անհանգստացիր, սիրելի՛ եղբայր:

Մենք էլ քո պես մինչև վերջ վճռական ենք քարերը տեղից շարժելու հարցում»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: