ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կարգադրությունը բողոքի հսկայական ալիք է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ ներսում, այլև երկրի սահմաններից դուրս: Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի՝ «Ազգն ահաբեկչությունից պաշտպանելու նպատակով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին ներգաղթի հետ կապված հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է ԱՄՆ-ի Փախստականների ընդունելության ծրագիրը (USRAP) 120 օրվա ընթացքում, որից հետո ծրագիրը պայմանականորեն կվերսկսվի առանձին երկրներում»:
Հրամանը նաև դադարեցնում է մուտքի արտոնագիրը Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների համար 90 օրվա ընթացքում, որից հետո արգելված երկրների ցուցակը գուցե թարմացվի: Բացի այդ, անորոշ ժամանակով դադարեցվում է սիրիացի փախստականների մուտքն ԱՄՆ: Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կարող են լինել, օրինակ՝ «կանաչ» քարտապանների (գրին քարտ) համար, ովքեր ԱՄՆ-ում բնակություն հաստատելու օրինական իրավունք ունեն:
Ինչևէ, ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակի, նման կարգադրության նպատակն է պաշտպանել ամերիկացիներին այն օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր մտադիր են ահաբեկչական հարձակումներ կատարել Միացյալ Նահանգներում կամ օգտագործել ԱՄՆ միգրացիոն օրենքները չարանենգ նպատակներով:
«Միացյալ Նահանգները չի կարող և չպետք է ընդունի նրանց, ովքեր չեն աջակցում Սահմանադրությանը, կամ նրանց, ովքեր բռնության կոչեր են տարածում՝ անտեսելով ամերիկյան օրենքը: Բացի այդ, Միացյալ Նահանգները չպետք է ընդունեն նրանց, ովքեր ատելություն են սերմանում (այդ թվում՝ «պատվի» սպանություններ կատարողները, կանանց դեմ բռնություն իրագործողները, այլ կրոն ու հավատք ունեցողներին հետապնդողները և այլն), կամ նրանք, ովքեր ցանկանում են ճնշել ամերիկացիներին՝ կախված ռասայից, սեռից, կամ սեռական կողմնորոշումից»:
Թրամփի նման հրամանը սուր քննադատության պատճառ է դարձել միջազգային հանրության կողմից:
Եվրոպական խորհրդարանի նախկին ղեկավար, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը, մեկնաբանելով վերջին կարգադրությունը, մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Արևմուտքի հիմնական արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:
Իսկ Մադրիդի քաղաքապետն անգամ համեմատել է Թրամփին Հիտլերի հետ՝ մահմեդական բնակչության և հատկապես սիրիացի փախստականների հանդեպ նման խտրական վերաբերմունք դրսևորելու համար:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Կուրտուլմուշասը նույնպես քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով Վաշինգտոնին անհապաղ ուղղել այդ «սխալը»:
Պետք է փաստել, որ Թրամփի միգրացիոն արգելքը միանշանակ չի ընդունվում նաև երկրի ներսում: Նորընտիր նախագահն աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազին, ով արդարադատության նախարարության փաստաբաններին կոչ է արել չպաշտպանել այդ կարգադրությունը, որով արգելվում է մարդկանց մուտքը յոթ մահմեդական երկրներից: Ինչպես գրում է The Guardian-ը, Սելլի Յեյթսը Թրամփի հրամանը հակասահմանադրական է անվանել:
Հաշվի առնելով հայկական խոշոր համայնքի առկայությունն Ամերիկայում, ինչպես նաև հայերի մշտական հոսքն այնտեղ՝ այս հրամանը մտահոգություն է առաջացրել նաև հայերի շրջանում: ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը) հանդես է եկել հայտարարությամբ հունվարի 27-ի որոշման վերաբերյալ:
«Լինելով խորապես մտահոգված այդ նոր սահմանափակման բարոյական, իրավական և հումանիտար հետևանքներով՝ մենք պետք է աչալուրջ գտնվենք և պաշտպանենք այն հայերի իրավունքները, ովքեր որևէ կերպ տուժում են այս հրամանագրից»,- ասված է ANCA-ի հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի ստորագրումից հետո, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորությանը:
Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։
Նախագահական հրամանում նշվում է, որ դիմումատուները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նորացնել վիզան առանց հարցազրույցի՝ հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ։ Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք: